Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզիչի քվեարկության արդյունքները։
Հավաքելով 87 միավոր՝ 12-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Երկրորդ տեղը 62 միավորով զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 24 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
Լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։
Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել գործող չեմպիոն «Փյունիկը» գլխավորող Եղիշե Մելիքյանը, որը հավաքել է 92 միավոր:
67 միավորով երկրորդ տեղը գրավել է Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան: 23 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
Լավագույն մարզիչի քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ։


