Logo

Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչ մասնակցություն է ունեցել Ժիրայր Մարգարյանի՝ Ուկրաինա տեղափոխվելու հարցում 

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:42 / 08.02.2022ՍՊՈՐՏ
Հենրիխ Մխիթարյան-Ժիրայր Մարգարյան

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ժիրայր Մարգարյանի տեղափոխությանն ուկրաինական «Վերես» որոշակիորեն նպաստել է նաև մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Դրա վերաբերյալ «Ռոմայի» 33-ամյա կիսապաշտպանն ինքն է պատմել ուկրաինական «Տրենդեց» յութուբյան ալիքին տված հարցազրույցում։

«Ֆուտբոլիստ» շարքի 3-րդ եթերաշրջանի հերթական հաղորդման շրջանակում Հենրիխը, մասնավորապես, պատմել է, որ Մարգարյանի վերաբերյալ հավելյալ մանրամասներ ստանալու համար իրեն զանգահարել է «Վերեսի» մարզական տնօրեն Ալեքսանդր Շևչուկը, որի հետ ինքը ժամանակին խաղացել է Դոնեցկի «Շախտյորում»։

«Ինձ զանգահարեց Սլավան և ասաց, որ հետաքրքրված են Ժիրայր Մարգարյանով։ Հարցրեց՝ ի՞նչ տպավորություններ ունեմ նրանից։ Քանի որ Ժիրայրի հետ երկու հանդիպում եմ անցկացրել հավաքականում, ու գիտեի նաև, որ իրեն շատ լավ է դրսևորել ակումբում, ասացի, որ անկասկած հրավիրեն։ Ասացի, որ նա շատ լավն է, շատ լավ որակներ ունի, լավ պաշտպան է, լավ տղա։ Այդպես էլ ամեն ինչ եղավ։ Հետո կապվեցի Ժիրայրի հետ, որը տեղյակ էր «Վերեսի» կողմից հետաքրքրության մասին։ Հետո ամեն ինչ հստակեցվեց»,- պատմել է Մխիթարյանը։

Նա ավելացրել է, որ միշտ պատրաստ է անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել հայ ֆուտբոլիստների մասին, եթե լինեն նրանցով հետաքրքրվող թիմեր։ «Ինչու ոչ, շատ ուրախ կլինեմ որոշակի մեկնաբանություններ տալ նրանց մասին՝ նշել լավ և վատ որակները։ Գիտեմ, որ «Վերեսը» լավ թիմ է, որը ցանկանում է ուժեղանալ և խաղացողներ վաճառել արտասահմանյան ակումբներին։ Ինձ համար շատ հաճելի կլինի, եթե կարողանամ որևէ կերպ օգտակար լինել այդ թիմին, քանի որ շատ լավ գիտեմ Ուկրաինայի առաջնությունը և քաջատեղյակ եմ «Վերեսի» նպատակներից»,- նշել է Հենրիխը։

Ժիրայր Մարգարյանը Երևանի «Արարատից» «Վերես» է տեղափոխվել հունվարին։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա