Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանել այն տեղեկությունը, որ ռուս մասնագետ Սերգեյ Յուրանը կարող է գլխավորել ազգային հավաքականը, Матч ТВ-ին ասել է ՀՖՖ մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը։
«Մենք չենք մեկնաբանում այս տեղեկությունը»,- ասել է Կարապետյանը։
РБ Спорт-ի տեղեկություններով՝ ՀՖՖ-ն դիտարկում է 55-ամյա Յուրանի թեկնածությունը։ Ինքը՝ մարզիչը, ռուսական աղբյուրին հայտնել է, որ շահագրգռված է Հայաստանի հավաքականը գլխավորելու տարբերակով, սակայն դրա վերաբերյալ իր հետ կապ չեն հաստատել։
«Պատրաստ եմ քննարկել առաջարկը, ավելին՝ ես արդեն աշխատել եմ այդ երկրում։ Ինձ շատ դուր եկավ Երևանը։ Ես գիտեմ, թե ինչպես է այնտեղ զարգանում սպորտը։ Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականն ունի շատ լավ, ուժեղ ֆուտբոլիստներ, որոնց հետ կարող ենք պայքարել՝ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար։ Հայաստանի հավաքականը Ռուսաստանի առաջնությունից շատ ֆուտբոլիստներ ունի, որոնց ես լավ ծանոթ եմ։ Բայց ինձ դեռ չեն զանգել»,- ասել է Յուրանը։
Fast Media-ի մարզական մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանն էլ հայտնել է, որ Յուրանի` Հայաստանի հավաքականը հնարավոր գլխավորելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Յուրանը չկա Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուների ցանկում:
Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կառույցը ներկայումս բանակցություններ է վարում ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների հետ։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել 2024 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Պետրակովի հեռանալուց հետո։ Հայաստանի թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարը ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանն է:


