Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ընդունել է Unity EURO Cup 2025-ում երկրորդ տեղը զբաղեցրած Հայաստանի թիմին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
«Իհարկե, մենք բոլորս կցանկանայինք, որ պատերազմ չլիներ, և այս մրցաշարն էլ տեղի չունենար, բայց ուրախ եմ, որ անկախ բոլոր դժվարություններից, պայքարեցիք մինչև վերջ և պատվով ներկայացրիք մեր երկիրը։ Unity EURO Cup-ը միայն ֆուտբոլ չէ․ այն պատմություն է մարդկային ուժի, համերաշխության և միասնականության մասին»,- ասել է ՀՖՖ ղեկավարը:
«Մրցակիցները թե՛ տեխնիկապես, թե՛ ֆիզիկապես շատ ուժեղ էին։ Ֆինլանդիայի հետ երկու խաղում էլ գոլազուրկ ոչ-ոքի գրանցվեց, իսկ եզրափակիչում նրանց զիջեցինք միայն 11-մետրանոցներով։ Չեմ համարում, որ պարտվել ենք նրանց։ Եթե 2026 թվականին կրկին մասնակցենք այս մրցաշարին, շատ կցանկանանք նորից հանդիպել Ֆինլանդիային։ Չեմպիոնական գավաթը ստանալուց հետո ֆինները պատահմամբ կոտրեցին այն։ Լատվիայի մարզիչը մոտեցավ մեզ և ասաց, որ գավաթը նման հատկություն ունի․ եթե իրական տիրոջ մոտ չի լինում, կոտրվում է»,- ասել է թիմի անդամներից Սարգիս Աբրահամյանը։
Unity EURO Cup-ը ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) համատեղ նախաձեռնությունն է։ Այս մրցաշարը հիշեցնում է, որ ֆուտբոլը ուժ ունի միավորելու մարդկանց՝ անկախ նրանց պատմությունից կամ ծագումից։ Այն ապացուցում է, որ սպորտը կարող է դառնալ ներառման, հույսի և նոր հնարավորությունների հարթակ։


