Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայացած խաղում սկանդալային միջադեպ է գրանցվել, հայտնում է Diario Sport-ը:
Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի առաջին րոպեին «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանի Կարվախալը բախվել է «Բարսելոնայի» պաշտպան, իր հայրենակից Ալեխանդրո Բալդեի հետ: Բալդեն Կարվախալին ասել է՝ «Ի՞նչ ես անում»:
Դրանից հետո ֆուտբոլիստները շարունակել են վիճել, որին միջամտել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին։ Կարվախալն իսպանացի մասնագետին ասել է՝ «Դու չափազանց խելացի ես»։ Չավին պատասխանել է՝ «Դու հիմար ես»: Չավին նաև ժեստով ֆուտբոլիստին ցույց է տվել, որ արդեն շատ է խոսում:
Մարզիչի խոսքը լսվել է հանդիպման ուղիղ հեռարձակման ժամանակ։ Տեսաձայնագրություններից Կարվախալի պատասխանը չի հաջողվել վերծանել։ Դրվագից հետո հանդիպման մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն դեղին քարտ է ցույց տվել Չավիին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում հաղթել էր 1-0 հաշվով: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին «Բարսելոնայի» «Կամպ Նոու» ստադիոնում:


