«Հիմնական բնազդը» թողարկվեց 1992 թվականին և անմիջապես դարձավ կինովարձույթի հիթ, թեև մեծ էկրան տանող ճանապարհը հեշտ չէր։ Գլխավոր դերի առաջարկից հաժարվեցին Ջուլյա Ռոբերթսն ու Դեմի Մուրը, իսկ տղամարդու գլխավոր դերը կարող էր խաղալ Մել Գիբսոնը: Իսկ հետո եղան ԼԳԲՏ համայնքի զանգվածային բողոքի ակցիաներ և սկանդալներ Շերոն Սթոունի և Պաուլ Վերհուվենի միջև:
Ներկայացնում ենք, թե ինչպես է նկարահանվել կուլտային թրիլլերը, որը փոխեց էրոտիկայի գաղափարը կինոյում։
Սցենարը գրվել է 13 օրում և վաճառվել ռեկորդային 3 միլիոն դոլարով
Ֆիլմի սցենարիստ Ջո Էստերհազը խոստովանել է, որ առաջին սևագիրը գրել է 13 օրում, իսկ սցենարը վաճառել է Carolco կինոընկերությանը այն ժամանակվա համար ռեկորդային 3 միլիոն դոլարով:
Չնայած այն հանգամանքին, որ «Հիմնական բնազդ»-ի սցենարն այդքան բարձր է գնահատվել կինոգործիչների կողմից, դրանում հեղինակային կոպիտ սխալի կար։ Տարիներ անց Էստերհազը համաձայնեց, որ իր դետեկտիվ պատմության հիմնական թերությունն այն փաստն է, որ ոստիկաններն անտեսել են ԴՆԹ թեստը, որը լայնորեն տարածված էր ԱՄՆ-ում 80-ականների կեսերից:
Ջո Էստերհազ
Գլխավոր հերոսների կերպարների հիմքում իրական մարդիկ են
Էստերհազը երբեք չի թաքցրել, որ ֆիլմի գլխավոր հերոսների կերպարների հիմքում ընկած են իրական մարդիկ։ Հեղինակի խոսքով՝ ինքը ծանոթ է եղել ոստիկանության հետախույզի հետ, որը «շատ էր սիրում վտանգավոր խաղեր», աչքի էր ընկնում բռնկուն բնավորությամբ և ալկոհոլի հետ կապված խնդիրներով։ Նույն նկարագրությունը համապատասխանում է Մայքլ Դուգլասի հերոսի՝ հետախույզ Նիկ Կարրենի կերպարին։ Բացի այդ, իսկական հետախույզը նույնպես մի անգամ տարվել է քրեական գործով անցնող տպավորիչ կասկածյալով:
Սառույց կոտրելու դանակով տեսարանը, որը Շերոն Սթոունի հերոսուհի Քեթրին Թրամելն օգտագործել է սեքսի ժամանակ, ոգեշնչված է սցենարիստի իրական փորձից։ Մի անգամ Էստերհազը գիշերել է պարուհու հետ, որը սեռական ակտի ժամանակ մահճակալի տակից սառը զենք է հանել։ Ու թեև ամեն ինչ լավ է ավարտվել, Էստերհազը խոստովանել է, որ այդ պահին շատ էր վախեցել։
Շերոն Սթոունի հարցաքննության տեսարանը սցենարում չկար
Տարիներ անց Սթոունը հիշեցնում է Վերհուվենին այն խաբեության մասին, որին նա դիմել է կասկածյալ գրողի հարցաքննության տեսարանի ժամանակ: Ի սկզբանե այս տեսարանը սցենարում չկար, և ռեժիսորի մոտ այդ միտքը հայտնվեց նկարահանումների ժամանակ՝ կարծելով, որ դա կմեծացնի հերոսների միջև էրոտիկ լարվածությունը։ Ըստ Սթոունի՝ Վերհուվենը խնդրել է իրեն ներքնազգեստ չհագնել՝ պատճառաբանելով կադրի փայլը և լույսի խնդիրը։ Նա դերասանուհուն համոզել է, որ պատկերն այնպես է կառուցվելու, որ հանդիսատեսն ավելորդ բան չի տեսնի։
Եվ ինչ զարմանք Սթոունի համար, երբ մեծ էկրանին փորձնական ցուցադրության ժամանակ հանդիսատեսի ներկայությամբ այդ «փակ պատկերը» երևաց։ Դերասանուհին ապտակել է ռեժիսորին և լքել դահլիճը։
Ջուլյա Ռոբերթսը, Մեգ Ռայանը, Միշել Պֆայֆերը և Դեմի Մուրը հրաժարվել են գլխավոր դերերից
Այժմ անհնար է Շերոն Սթոունից բացի որևէ մեկին պատկերացնել գրավիչ և վտանգավոր Քեթրին Թրամելի դերում, բայց ի սկզբանե դերասանուհին դերի միայն 13-րդ հավակնորդն էր: Նրանից առաջ ռեժիսորը փորձել է նախագծում ներգրավել 1990-ականների սկզբի լավագույն աստղերին՝ Ջուլյա Ռոբերթսին, Դեմի Մուրին, Միշել Պֆայֆերին և Մեգ Ռայանին։ Բոլոր դերասանուհիները հրաժարվել են նկարահանվել` չափազանց բաց սեքսի տեսարանների պատճառով։
Սթոունը, որն այն ժամանակ դեռ պարզապես սկսնակ դերասանուհի էր, ընդհակառակը, երազում էր նկարահանվել «Հիմնական բնազդ» ֆիլմում, ինչի համար նա դիմեց խորամանկ քայլի։ Playboy-ին տված հարցազրույցում Սթոունը պատմել է, որ իր գործակալը քասթինգից բառացիորեն գողացել է սցենարի կրկնօրինակներից մեկը, որպեսզի Սթոունը կարողանա ավելի լավ ճանաչել հերոսուհուն։ Որոշ ժամանակ անց նա հանդիպել է Վերհուվենին մեկ այլ ֆիլմի նկարահանման հրապարակում: Դերասանուհին հանդիպման էր գնացել մինիով, ծխախոտը ձեռքին, սառնասիրտ արհամարհանքն աչքերին։ «Ես ուզում էի ցույց տալ նրան, որ կարող եմ կերպարանափոխվել: Տղամարդիկ գոնե սկզբում ամեն ինչ ընկալում են աչքերով, և ես չսխալվեցի իմ մարտավարությունում», - խոստովանել է Սթոունը:
Մել Գիբսոնը, Քևին Քոսթները և Ռիչարդ Գիրը դիտարկվել են դետեկտիվ Նիք Կարրենի դերում
Մայքլ Դուգլասը նկարահանվեց Վերհուվենի ֆիլմում, բայց սկզբում նա ստիպված էր մրցել իր հայտնի գործընկերների հետ: Դետեկտիվ Նիկ Կարրենի դերի համար ռեժիսորը դիտարկել է Մել Գիբսոնին, Քևին Քոսթներին և Ռիչարդ Գիրին։ Վերջինիս գործակալները հետ են պահել չափազանց բաց ֆիլմից, իսկ Քոսթները հրաժարվել է` այլ նախագծերում նկարահանվելու պատճառով։ Գիբսոնը մինչև վերջին պահը համարվում էր դերի գլխավոր հավակնորդը, սակայն Վերհուվենը, այնուամենայնիվ, նախապատվությունը տվեց Դուգլասին։
Բրուկ Շիլդսը մերժել է գլխավոր հերոսուհու սիրուհու դերը խաղալու առաջարկը
Ֆիլմի հերոսուհու սիրուհու՝ Ռոքսիի դերում Վերհուվենը սկզբում դիտարկում էր Բրուք Շիլդսին, որը հայտնի էր դեռ 70-ականների վերջից: Սակայն դերասանուհին մերժել է առաջարկը, քանի որ ֆիլմի սյուժեն համարել է չափազանց բաց: Նա նաև վախեցել է, որ առաջարկվող դերը կարող է վնասել իր կարիերային։ Արդյունքում Ռոքսիին հիանալի մարմնավորեց Լեյլանի Սարելը։
ԼԳԲՏ համայնքը բոյկոտել է ֆիլմը
Ի դեպ, ԼԳԲՏ-ի մասին. մի կողմից ֆիլմն ինքնին կարելի է պլյուս համարել հենց ԼԳԲՏ հերոսների՝ էկրանին հայտնվելու համար, մյուս կողմից՝ հեղինակները, փաստորեն, այքան էլ լավ չեն ներկայացրել նրանց։ Ըստ սյուժեի, բիսեքսուալ Քեթրինը և նրա սիրուհի Ռոքսին, պարզվում է, հոգեպես անկայուն հերոսներ են, որոնք հեշտությամբ պատրաստ են ոչնչացնել յուրաքանչյուրին, ով կհայտնվի իրենց ճանապարհին: Սա միայն ամրապնդեց հասարակության մեջ տիրող կեղծ կարծրատիպերը։ Այսպիսով, ԼԳԲՏ համայնքը նույնիսկ կոչ արեց բոյկոտել ֆիլմը կինոթատրոններում։ Ի դեպ, սցենարի առաջին նախագծերից մեկում ենթադրվում էր, որ Դուգլասի հերոսը նույնպես բիսեքսուալ է, սակայն դերասանն ինքը հրաժարվել է դրանից՝ խնդրելով վերաշարադրել սյուժեն։
Պաուլ Վերհուվենը սիրահարված էր Շերոն Սթոունին, իսկ Դուգլասը տանել չէր կարողանում նրան
Խոսելով «Հիմնական բնազդում» նկարահանվելու իր փորձի մասին՝ Շերոն Սթոունը հիշել է, որ իր հարաբերությունները Վերհուվենի հետ բաղկացած էին երկու ծայրահեղությունից՝ սեր և ատելություն։ «Պաուլը սիրում էր ինձ, իսկ ես տանել չէի կարողանում նրան», - ասել է Սթոունը: Դա հաստատել է Մայքլ Դուգլասը. «Ինձ թվում է, որ Վերհուվենն այնքան էր հիացած նրանով, որ դեմ չէր լինի անձամբ խաղալ իմ դերը»։
Ի դեպ, Մայքլ Դուգլասը տանել չէր կարողանում Շերոն Սթոունին, անգամ համոզել է ռեժիսորին հետ կանգնել նրան գլխավոր դերը տալու մտքից:
Դերասանների միջեւ առաջին սեքսի տեսարանը նկարահանվել է 5 օր
Հնարավոր է, որ Սթոունի նկատմամբ Դուգլասի անձնական հակակրանքն է եղել պատճառը, որ նրանց հերոսների միջև առաջին սեքսի տեսարանը նկարահանվել է 5 օր: Ըստ արտիստների հուշերի՝ այս փորձն ամենադժվարն էր իրենց կարիերայում։
«Մեր բոլոր շարժումները մանրակրկիտ պարապել էինք... Բայց հինգ օր անընդմեջ՝ օրը 10 ժամ շարունակ այս ամենը կրկնելն ուղղակի խոշտանգում էր»,- լրագրողներին ասել է Դուգլասը:
Էստերհազն ափսոսանք է հայտնել, որ իր ֆիլմերը «քարոզել» են ծխելը
2001 թվականին ֆիլմի սցենարիստ Ջո Էստերհազի մոտ կոկորդի քաղցկեղ ախտորոշեցին, որը նա հետագայում հաջողությամբ հաղթահարեց։ Բայց բուժման ընթացքում Էստերհազը հրապարակայնորեն զղջացել է, որ իր երկու ֆիլմերում չափազանց շատ են ծխելու տեսարանները։