Օրեր առաջ տեղեկատվական պայթյուն եղավ բասկետբոլային աշխարհում: «Բրուքլին Նեթսի» գերաստղ Քևին Դյուրանտն ակումբից պահանջեց փոխանակել իրեն: Դա այն դեպքում, որ ամերիկացին դեռ 4 տարվա պայմանագիր ունի: Նախկինում դժվար է հիշել դեպք, երբ NBA-ի որևէ գերաստղ փոխանակում պահանջի 4 տարվա պայմանագրի պարագայում: 1 տարվա համաձայնագրով օրինակներ հիշում ենք, երկուսն էլ միգուցե գտնենք, բայց ավելի երկար ժամկետով համաձայնագրի պարագայում նման պահանջը մինչև վերջերս նոնսես էր թվում:
Թրեյդի պահանջը
Հատկապես աբսուրդային էր, որ այդ պահանջը ներկայացրեց Դյուրանտը: «Բրուքլինը» հանուն նրա արել էր ամեն ինչ: Հարձակվողի հետ «Նեթսը» պայմանագիր էր կնքել, երբ նա դեռ մեկ տարի պետք է բաց թողներ վնասվածքի պատճառով, այնուհետև ձեռք էին բերել նրա մոտ ընկերներին՝ Կայրի Իրվինգին և Ջեյմս Հարդենին: Նրանց հայտնի տրիոն ձախողվեց և Ջեյմսը «փախավ» Ֆիլադելֆիա: Իրվինգը, հրաժարվելով պատվաստվել, բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը, հետո խաղում էր միայն արտագնա հանդիպումներում, և այդպիսով քանդեց թիմային քիմիան: Արդյունքում, «Բրուքլինը», որը մրցաշրջանի մեկնարկից առաջ շատերի կարծիքով չեմպիոնության գլխավոր հավակնորդն էր, փլեյ-օֆֆում 0:4 հաշվով ստորացուցիչ պարտություն կրեց «Բոսթոնից»:
Այդ ամենից հետո Քևինը փոխանակում է պահանջում, այն էլ՝ դրաֆտի հաջորդ օրը, ինչով խառնում էր լիգայի շատ ակումբների ծրագրեր: Վերլուծաբաններն անմիջապես կանխագուշակեցին, որ լիգայում որոշ ժամանակ խոշոր գործարքներ չեն լինի, քանի դեռ 33-ամյա բասկետբոլիստի հարցը չի լուծվել (Դոնովան Միտչելի տեղափոխությունը վառ օրինակ է): Քևինը փոխանակման հայտը ներկայացնելու պահին նշել էր իր հաջորդ ակումբի ցանկանալի տարբերակները՝ «Ֆինիքս Սանզ» կամ «Մայամի Հիթ»: Այդ թիմերին միավորում է այն, որ նախորդ մրցաշրջանում նրանք դարձան Կանոնավոր առաջնության Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների հաղթողներ:

Անհնարին գործարք
Այն, որ Դյուրենտը ցանկանում է փոխել թիմը, իսկ նրա ակումբն էլ համակերպվել է այդ հանգամանքին, դա դեռ բավական չէ, որ թրեյդը կայանա, ավելին, դա դեռ չնչին մասն է: Հարկավոր է համարժեք փոխանակում առաջարկել: Իսկ Դյուրանտի կարգի գերաստղի փոխարեն շատ թիմեր ստիպված կլինեին առաջարկել իրենց գրեթե բոլոր ակտիվները: Այդ դեպքում Քևինը, ժամանելով նոր թիմ, կհասկանար, որ բոլոր լավ խաղացողներն այլևս այնտեղ չեն:
Զուգահեռաբար կրակի վրա յուղ լցրեց «Մինեսոտան», որն ապշեցուցիչ գին վճարեց «Յուտային» Ռուդի Գոբերի համար. 5 բասկետբոլիստ և 5 դրաֆտ-փիկ:
Լեգենդար Ջերի Ուեսթը, որի կերպարը պատկերված է NBA-ի տարբերանշանին, դեռ 1,5 ամիս առաջ զգուշացնում էր, որ Դյուրանտի փոխանակումն անհնար է.
«Կարծում եմ՝ Դյուրանտի թրեյդը չի կայանա: Նրա համար պարզապես անհնար է համարժեք փոխհատուցում առաջարկել: Բոլորը տեսան, թե «Մինեսոտան» և «Յուտան» ինչպիսի գործարք կատարեցին: Անչափ շատ ակտիվներ վճարվեց պաշտպանությունում լավ խաղացող բասկետբոլիստի համար: Այդ դեպքում ի՞նչ է հարկավոր առաջարկել Դյուրանտի համար»:
Ճիշտ է՝ որոշ ակումբներ այդքան հեշտ չհանձնվեցին: «Ֆինիքսն» իր առաջարկը կառուցել էր Միքալ Բրիջեսի և դրաֆտ-փիկերի շուրջ, բայց մերժում ստացավ: «Մայամին» առաջարկեց Թայլեր Հիրոյին, Դանկան Ռոբինսոնին և մի քանի դրաֆտ-փիկ, ինչը միայն «Նեթսի» ծիծաղն առաջացրեց: «Տորոնտոն» էլ վստահ էր, որ ամենաշատ ակտիվներն ունի Քևինին Կանադա տանելու համար, բայց հրաժարվեց գործարքում ներգրավել NBA-ի տարվա լավագույն նորեկ Սքոթի Բարնսին: Առանց Բարնսի մյուս բոլոր տարբերակները «Բրուքլինին» չէին հետաքրքրում:
Վերջում պարզվեց Քևինին հրավիրելուն ամենամոտը եղել է «Բոսթոն Սելթիքսը»: Ինսայդեր Շեյմս Չարանիան գրում էր, որ փոխչեմպիոնն առաջարկել էր Ջեյլեն Բրաունին, Դերիք Ուայթին և դրաֆտի առաջին փուլի 1 փիք: «Բրուքլինը» ցանկացել է գործարքում ավելացնել նաև Մարկուս Սմարթին կամ Ռոբերտ Ուիլյամսին, ինչն արդեն ձեռնտու չէր «Կելտերին»: Այդքանով ամեն ինչ ավարտվել է:

Ո՞վ ամենաշատը տուժեց այս պատմությունից
Քևին Դյուրանտը, միգուցե, պատմության ամենաբազմակողմանի զարգացած և յուրահատուկ ունակություններով սքորերն է: Թեթև հարձակվողի համար 208 սմ հասակ ունեցող ամերիկացին հիանալի է աշխատում ոտքերով, կարողանում է անցում ձեռնարկել, երկար ձեռքերի և շքեղ տեխնիկայի շնորհիվ միջին ու հեռու տարածությունից այնպիսի նետումներ է կատարում, որ նրան գրեթե անհնար է կանգնեցնել: Այդուհանդերձ, փայլուն կարիերայի փոխարեն նա անընդհատ քննադատության է արժանանում: Սկզբում 2016 թվականի սկանդալին տեղափոխությունը 73-9 արդյունք գրանցած «Գոլդեն Սթեյթ», որը փլեյ-օֆֆում հաղթել էր հենց Դյուրանտի «Օկլահոմային»: Հիմա էլ 0:4 հաշվով պարտությունից հետո թրեյդի պահանջ մի թիմից, որը նրա շուրջ է կառուցվել և երկարատև նախագիծ է ենթադրում:
Եթե այն ժամանակ կային մարդիկ, ովքեր կարող էին հասկանալ աշխարհի ամենագրավիչ բասկետբոլը ցուցադրող թիմի կազմում Քևինի խաղալու ցանկությունը և Ուեսթբրուքի հետ չխաղալու մտադրությունը, ապա այս անգամ բասկետբոլային աշխարհում գրեթե ոչ ոք չաջակցեց ամերիկացուն, այդ թվում՝ Շաքիլ Օնիլը, որը նախկինում հաճախ գովում էր հարձակվողին.
«Դյուրանտը տուն է կառուցել, սակայն չի ցանկանում այնտեղ բնակվել: Որպես առաջատար, նա պետք է թիմին հաջողության տանի, բայց նա չի ուզում դրանով զբաղվել: Նա փորձում է հեշտ ճանապարհ գտնել և տեղափոխվել չեմպիոնությանը հավակնող թիմ»:
Հավանաբար համաշխարհային սպորտում մարզական ժառանգության մասին ամենաշատը մտահոգ են բռնցքամարտիկները և բասկետբոլիստները: Ամառային տրանսֆերային թոհուբոհի ժամանակ Դյուրանտը կրկին որոշեց սոցիալական ցանցերում պատասխանել հասարակ օգտատերերի դժգոհություններին, որոնցից մեկին համոզում էր, որ նրա բասկետբոլային ժառանգությունը երբեք ավելի ամուր չի եղել, որքան հիմա:
Ցավոք, բասկետբոլիստի հաջորդ քայլը ևս մեկ հարված հասցրեց նրա հեղինակությանը: «Բրուքլինի» սեփականատեր Ժոզեֆ Ցայի հետ հանդիպման ժամանակ նա պահանջեց պաշտոնանկ անել գլխավոր մենեջեր Շոն Մարքսին և գլխավոր մարզիչ Սթիվ Նեշին, այլապես թրեյդի պահանջը կմնա ուժի մեջ: Ցայը տեղի չտվեց սպառնալիքին և անմիջապես հրապարակայնորեն պաշտպանեց Մարքսին ու Նեշին: Դրանից հետո Քևինի առջև մշուշոտ ապագա նշմարվեց: Եթե նրան չեն կարողանում փոխանակել, ուրեմն պետք է 4 տարի բոյկոտի խաղերը և տուգանվել դրա համար, կամ հաշտության գնալ: Հաղթեց տրամաբանությունը և կողմերը հաշտություն կնքեցին:
Այժմ Դյուրանտը, Նեշը և Մարքսն այդ խառը պատմությունից հետո պետք է ամեն ինչ զրոյից սկսեն: Իսկ դա հնարավոր է հաղթել միայն համատեղ ցանկության դեպքում:

Ի՞նչ սպասել «Բրուքլինից» նոր մրցաշրջանում
Դյուրանտի և Իրվինգի տեղափոխություններից հետո մենք երկու տարբեր «Բրուքլիններ» ենք տեսել: Մեկը չեմպիոնության լուրջ թեկնածու է, որը 2021-ին միգուցե տիտղոսը նվաճեր, եթե Դյուրանտի խաղակոշիկը 2 համար փոքր լիներ և ապագա չեմպիոն «Միլուոկիի» դեմ խաղում այն հանրահայտ նետումը 2 միավորանոց չդառնար 3-ի փոխարեն: Իսկ հաջորդ տարի արդեն տեսանք քանդվող թիմ, որին «Բոսթոնը» շանս չտվեց:
Այժմ ներքին հարցերը որոշակիրորեն լուծելուց հետո «Նեթսը» կարող է կենտրոնանալ չեմպիոնական պայքարի վրա: Նման բասկետբոլիստների առկայությունը միմիայն դա է ենթադրում, չնայած մեծ է հավանականությունը, որ նախկին քիմիան ակումբի ներսում այլևս չենք տեսնի:
Բեն Սիմոնս – Կայրի Իրվինգ – Սեթ Քարի – Քևին Դյուրանտ – Լամարկուս Օլդրիջ հնգյակով «Բրուքլինը» կարող է ցանկացած թիմի դեմ շատ ուժեղ մրցակից համարվել: Եթե նրանց գումարում ենք պահեստայիններ Ռոյս Օնիլին, Թի Ջեյ Ուորենին, Բլեյք Գրիֆինին, Փաթի Միլսին և Նիք Կլեքսթոնին, ապա հասկանում ենք, որ գոնե Արևելքում լավագույն թիմը դառնալու համար անհրաժեշտ ամեն ինչ կա:
Իհարկե, շարունակում է արդիական մնալ մարզիչ Սթիվ Նեշի խնդիրը: Հանճարեղ բասկետբոլիստի համար «Բրուքլինն» առաջին լուրջ մարզչական փորձն էր: Առայժմ իրավիճակն այնպիսին է, որ կարծես թե կանադացին կորցրել է իր թիմի առաջատարների վստահությունը, ինչը վերադարձնելը շատ դժվար կլինի: Այդուհանդերձ, եթե Նեշը գոնե կիսով չափ նույնքան տաղանդավոր մարզիչ է, որքան բասկետբոլիստ էր, ապա «Նեթսի» չեմպիոնական հավակնությունները դեմագոգիա չեն թվա: Բայց այս պահին չափազանց շատ գործոններ պետք է Նեշի օգտին դասավորվեն, որ նա սկսի լուրջ արդյունք տալ և թիմային խաղ կառուցել:
Ամեն դեպքում, ժամանակն է, որ Դյուրանտը, Իրվինգը, Նեշը և «Բրուքլինում» բոլորը մի կողմն դնեն անձնական մոտիվներն ու աշխատեն հանուն թիմի: Այդ դեպքում բասկետբոլի սիրահարները կկարողանան տեսնել այնպիսի թիմի, որի պոտենցիալը մինչև օրս բացահայտված չէ և այն, միգուցե, ամենաբարձրն է NBA-ում:


