Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ առաջնության 7-րդ տուրի կենտրոնական խաղում ոչ-ոքի խաղալով «Ուրարտուի» հետ, «Ալաշկերտը» պահպանեց 4 միավորի տարբերությունը մոտակա հետապնդողներից: «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը» հաղթանակներ տանելով, մոտեցան առաջատարին:
VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տարան 3 հաղթանակ, 2 խաղ ավարտեցին ոչ-ոքի: Ընթացիկ առաջնությունում առաջին անգամ հյուրերին չհաջողվեց տուրում հաղթանակ տանել: Առաջնությունում կայացած 34 հանդիպումներից 11-ում հաղթել են դաշտի տերերը, 15-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 8 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Արդյունավետությամբ 7-րդ տուրը երկրորդն էր ընթացիկ առաջնությունում: 5 խաղում խփվեց 14 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,8 գոլ): Հիշեցնենք, որ առայժմ ամենաարդյունավետը 5-րդ տուրն էր, որում խփվել էր 18 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,6 գոլ): Առաջնության 34 հանդիպումներում խփվել է 85 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,5 գոլ):

2. «Ալաշկերտը» շարունակեց անպարտելի խաղերի շարքը՝ «Ուրարտուի» հետ գրանցած ոչ-ոքիով ընդհատելով 2 անընդմեջ հաղթանակները: «Ալաշկերտը» կրկնեց 2015-16թթ. առաջնությունում գրանցած իր լավագույն արդյունքը: Հետաքրքիր է, որ այդ մրցաշրջանի մեկնարկային 7 հանդիպումներում էլ ալաշկերտցիներն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ տարել էին 5 հաղթանակ, 2 խաղ ավարտել էին ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի տարբերությունն էլ +9 էր (14-5): Իսկ ահա խփած գնդակների քանակը (16) 2017-18թթ. առաջնությունում գրանցած լավագույն արդյունքի կրկնությունն է:
3. «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, ինչը թիմի պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է: Նախկինում «Արարատ-Արմենիան» լավագույն արդյունքը գրանցել էր 2018-19թթ. առաջնությունում՝ 2 անգամ խոշոր հաշվով 2 անընդմեջ հաղթանակ տանելով («Արարատ»՝ 4-1, «Փյունիկ»՝ 3-0 և «Լոռի»՝ 3-0, «Արարատ»՝ 6-2):

4. «Շիրակը» վերջապես ընդհատեց գոլային երաշտը: Մինչև «Վանի» հետ հանդիպման 72-րդ րոպեին Արտեմ Գևորգյանի իրացրած 11մ հարվածը, շիրակցիները 5 խաղ անընդմեջ, 552 րոպե շարունակ գոլ չէին խփել: Միակ գոլը «Շիրակի» օգտին գրանցվել էր ԲԿՄԱ-ի հետ կայացած մեկնարկային տուրի հանդիպման 59-րդ րոպեին:
«Շիրակի» գոլային երաշտը թիմի պատմության մեջ վատագույն արդյունքն է: Մինչև այդ շիրակցիների ամենաերկար գոլային երաշտը գրանցվել էր 2010թ. առաջնությունում (494 րոպե):
5. Դավիթ Խուրցիձեն գոլով նշեց նորամուտն «Ուրարտուի» կազմում: ՀՊԼ-ում դա նրա օգտին գրանցված 14-րդ գոլն էր: Ընթացիկ առաջնությունը Խուրցիձեն սկսել էր «Ալաշկերտում»՝ մասնակցելով «Նոայի» հետ կայացած մեկնարկային տուրի հանդիպմանը:

6. Արտյոմ Բիլիյը («Վան»), Յեիսոն Ռասինեսը («Լեռնային Արցախ»), Ռոմերսիոն («Արարատ-Արմենիա») և Ռենսո Զամբրանոն («Փյունիկ») բացեցին գոլերի հաշիվը ՀՊԼ-ում: Դամե Դիոպն առաջին գոլը խփեց «Փյունիկի» կազմում, Սերոբ Գրիգորյանն էլ բացեց գոլերի հաշիվը ԲԿՄԱ-ում:
7. Արաս Օզբիլիսը երկարատև ընդմիջումից հետո կրկին գոլի հեղինակ դարձավ՝ տուգանային հարվածով գրավելով ԲԿՄԱ-ի դարպասը: ՀՊԼ-ում Օզբիլիսը վերջին անգամ գոլ էր խփել 2020թ. մարտի 7-ին՝ երկու անգամ գրավելով «Նոայի» դարպասը: Գոլերից մեկը նա խփել էր 11մ հարվածով:

8. «Ուրարտուի» հետ խաղում «Ալաշկերտի» երկու առանցքային ֆուտբոլիստներ՝ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն ու պաշտպան Տարոն Ոսկանյանը հոբելյաններ նշեցին: Չանչարևիչն «Ալաշկերտի» կազմում պաշտոնական մրցումներում 150-րդ անգամ պաշտպանեց թիմի դարպասը: Նա դարձավ 150 խաղի սահմանագիծը հատած 5-րդ ալաշկերտցին: Ցանկը գլխավորում է Արտակ Գրիգորյանը, որը պաշտոնական մրցումներում «Ալաշկերտում» 238 խաղ է անցկացրել, որից 181-ը՝ ՀՀ առաջնություններում:
Իսկ Ոսկանյանը ՀՊԼ-ում «Ալաշկերտի» մարզաշապիկով 100-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Այդ ցուցանիշով նա թիմի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
9. 30-ամյա Վբեյմար Անգուլոն ՀՊԼ-ում 170-րդ խաղն անցկացրեց ու գերազանցեց «Միկայի» բրազիլացի նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվայի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում ՀՀ առաջնություններում ելույթ ունեցած լեգեոնականներից առավել շատ՝ 169 խաղի էր մասնակցել: Ալեքսը ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի քանակով (230) այլազգի ֆուտբոլիստների մեջ ռեկորդակիր է: Վբեյմարի ցուցանիշը երկրորդն է:

10. Վսևոլոդ Երմակովը 3-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց: Նա արդեն 308 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: Վերջին անգամ Երմակովի դարպասը հաջողվել է գրավել ալաշկերտցի Աննան Մենսահին օգոստոսի 19-ին կայացած խաղում:
ՀՊԼ-ում Երմակովը 48-րդ «չոր» խաղն անցկացրեց և այդ ցուցանիշով հավասարվեց այլազգի դարպասապահների մեջ լավագույն արդյունքն ունեցող Անատոլի Այվազովին: Վերջինիս ընթացիկ առաջնությունում առայժմ միայն մեկ խաղում՝ «Արարատի» հետ մրցավեճում է հաջողվել դարպասն անառիկ պահել:


