Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում 3-1 հաշվով հաղթեց ճապոնացի Ռյուտո Իկեդային և պայքարը կշարունակի հաջորդ փուլում։
Հիշեցնենք, որ այսօր մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը միանգամից 1/8 եզրափակիչի ուղեգիր է նվաճել, քանի որ նրա առաջին գոտեմարտի մրցակից, Կոնգոյի ներկայացուցիչ Արոն Իսոմին հրաժարվել է պայքարից, իսկ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում 1-3 հաշվով պարտվել է ուկրաինացի Փավրիզ Նասիբովին։
Մրցումային առաջին օրը պայքարի էին դուրս եկել Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն ու 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը։
Որակավորման փուլում Ամոյանը 3-3 հաշվով պարտվել էր Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային, սակայն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել, քանի որ նրա մրցակիցը հասել էր եզրափակիչ։
Սփոփիչ գոտեմարտում Ամոյանի առաջին մրցակից վրացի Յուրի Լոմաձեն գոտեմարտից հրաժարվել էր, ինչը հայ ըմբիշին թույլ է տվել շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։
Երկրորդ սփոփիչ գոտեմարտում Ամոյանը 5-2 հաշվով հաղթել էր շվեդ մրցակից Ալբին Օլոֆսոնին և կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար։
Իսկ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը 1/8 եզրափակիչում 0-9 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժասուրբեկ Օկտիրբոևին։ Մկրտչյանը մեդալ նվաճելու հնարավորություն չէր ստացել, քանի որ նրան հաղթած ըմբիշը պարտվել էր հաջորդ փուլում։
Մրցումային երկրորդ օրը պայքարի դուրս կգա նաև 82 կգ քաշային Կարապետ Չալյանը, որը 1/16-ում կմրցի խորվաթ Ֆիլիպ Սաչիչի հետ։