Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականից, հայտարարել է հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպը Վրաստանի թիմի դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումից առաջ՝ նախախաղային ասուլիսի սկզբում:
«Նախ և առաջ ցանկանում եմ հայտարարություն անել Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներից Ռանոսի վերաբերյալ, որը փաստացի պահանջում էր խաղալ վաղը: Իմ կարիերայում նման բան չէի տեսել, որ խաղացողն ասի. «Եթե չլինեմ մեկնարկային կազմում, կհեռանամ թիմից»: Այսպիսով՝ նա հեռացել է թիմից ու չի լինի: Եթե նման բան ես անում, ուրեմն՝ թիմի խաղացող չես:
Բոլորը գիտեն պատճառը. խաղացողը 2-րդ Բունդեսլիգայում նախորդ 3 ամիսներին 30 րոպե է խաղացել, հիմա տեղ է ուզում մեկնարկային կազմում: Լավ, սա էր իմ հայտարարությունը: Շորհակալություն»,- ասել է նիդերլանդցի մասնագետը:
Ասուլիսի վերջում Վան'տ Սխիպին հարցրել են՝ արդյոք անհատական զրույցներ անցկացրե՞լ է ազգային հավաքականի խաղացողների հետ: Մարզիչը պատասխանել է. «Այո՛, 25 անհատական զրույց եմ անցկացրել»: Լրագրողի դիտարկմանը, որ փաստորեն զրույցներին մեկն այնքան էլ հաջող չի եղել՝ նկատի ունենալով Ռանոսի վերաբերյալ իրավիճակը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը արձագանքել է. «Այո՛, հավանաբար նա այնքան էլ լավ չի լսել, քանի որ ես նրան ասել եմ, որ շատ լավ տարիքում է, շատ լավ ապագա ունի, և մենք ծրագրեր ունեինք նրա հետ, այդ թվում՝ վաղվա խաղում»:
Ջոն վան'տ Սխիպի ամբողջական ասուլիսը՝
Դիմակայության առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է 0-3 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում», կմեկնարկի ժամը 18:00-ին, կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Դիմակայության հաղթողը կնվաճի B դիվիզիոնի ուղեգիր: