Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում Կարեն Խաչանովի ելույթին Մելբուրնում հետևել և Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստին աջակցել է նաև շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը։
2022թ․ շախմատի Համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալակիրը VNews-ի հետ հարցազրույցում ներկայացրել է այդ հանդիպումից իր տպավորությունները, պատմել Ավստրալիայում հայտնվելու հանգամանքների և այս տարվա ծրագրերի մասին։
- Մարզադաշտում բավականին եռանդուն ոգևորում էիք Կարեն Խաչանովին։ Ի՞նչ տպավորություններ ունեք նրա խաղից։
- Իհարկե, ցավալի է, որ Կարենը պարտվեց Ստեֆանոս Ցիցիպասին, սակայն տպավորություններս միանշանակ դրական են, որովհետև նման մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելն արդեն մեծ նվաճում է։ Մեր հայրենակիցը մինչև վերջ պայքարեց ու, եթե նրա խաղն ավելի լավ ստացվեր, կարող էր նաև հաղթել։ Առհասարակ, շատ հետաքրքիր պայքար էր ծավալվել։ Թեպետ Ավստրալիայի հունական համայնքն ամենամեծն է աշխարհում, բայց տրիբունաներում բավականին շատ էին նաև հայ երկրպագուները, որոնց մի մասը եկել էր հայոց եռագույնով։ Անշուշտ, բարդ էր լռեցնել հույն մարզասերներին, բայց մի քանի տասնյակ հայերով (մոտ 50-70 հոգով) փորձում էինք ամեն կերպ ոգևորել և աջակցել Կարենին։
- Ի՞նչ եք կարծում, Խաչանովը տեսնո՞ւմ էր հայկական դրոշները, զգո՞ւմ էր հայրենակիցների փոխանցած էներգիան։
- Անշուշտ, քանի որ լրագրողների հետ շփումներում մի քանի անգամ նշել է այդ մասին։ Եվ, ինչպես գիտեք, նաև տեսախցիկի վրա գրառումով աջակցել է Արցախին և արցախցիներին։
- Հաջողվե՞ց հանդիպել նրան։
- Ցավոք, չստացվեց։ Սակայն, պատրաստվում եմ հաղորդագրություն ուղարկել նրան և շնորհավորել հաջող ելույթի համար։
- Թենիսի երկրպագո՞ւ եք, կողմնորոշվո՞ւմ եք խաղի մանրուքներում։
- Ավելին՝ գրեթե ամեն օր խաղում եմ թենիս և սիրողական մակարդակով բավականին լավ եմ խաղում։ Անգամ ոչ պրոֆեսիոնալ մրցաշարերի եմ մասնակցում։
- Որքա՞ն ժամանակ եք ապրում Ավստրալիայում և, ընդհանրապես, ինչպե՞ս հայտնվեցիք աշխարհի մյուս ծայրում ու ինչո՞վ եք զբաղվում այնտեղ։
- Հարսնացուս Ավստրալիայից է։ Փորձում եմ լինել այստեղ, նրա կողքին, բայց նաև Հայաստան եմ գալիս։ Անունը Էմմա է։ Ծնվել է Ավստրալիայում, սակայն հայրը Տիբեթից է, իսկ մայրը՝ Սինգապուրից։
- Շախմատ սիրո՞ւմ է։
- Ոչ միայն սիրում է, այլև կանանց միջազգային վարպետ է։ Հիմա ավելի քիչ է խաղում, քանի որ աշխատում է, սակայն նախկինում բազմիցս հանդես է եկել կանանց Ավստրալիայի հավաքականում՝ մասնակցելով նաև Համաշխարհային օլիմպիադաների։ Իսկ ես, հակառակը, հիմնականում զբաղվում եմ շախմատով։ Մասնակցում եմ ինչպես սովորական մրցակարգով անցկացվող, այնպես էլ հեռավար մրցումների։ Ավստրալիայում վերջին անգամ մրցաշարի եմ մասնակցել անցյալ տարվա ապրիլին և գրավել առաջին տեղը։ Այս տարի նույնպես մասնակցելու եմ այդ մրցաշարին։ Հնարավոր է տեղում մասնակցեմ ևս մեկ մրցաշարի, որից հետո նախատեսում եմ խաղալ ԱՄՆ-ում և Անգլիայում ու արդեն Հայաստանի հավաքականի կազմում ներկայանալ Եվրոպայի թիմային առաջնությանը։


