Համացանցում են հայտնվել Էմի Ուայնհաուսի մասին պատմող «Back to Black» կենսագրական ֆիլմի նկարահանման առաջին կադրերը, որում գլխավոր դերակատարը Մարիսա Աբելան է:
Ֆիլմի ռեժիսորը Սեմ Թեյլոր-Ջոնսոնն է, որը նախկինում աշխատել է «Դառնալ Ջոն Լենոն» և «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմերի վրա: Այժմ նա նախագիծ է պատրաստում՝ նվիրված Էմի Ուայնհաուսին։
Ֆիլմը պատմելու է երգչուհու կյանքի և կարիերայի հիմնական ժամանակաշրջանների մասին՝ փառքի հասնելու դժվարին ճանապարհից մինչև ողբերգական մահ, որը տեղի ունեցավ 27 տարեկանում։
Նշենք, որ գլխավոր դերը մարմնավորած դերասանուհին սերում է կինոարվեստի հետ կապված ընտանիքից: Նրա հայրը՝ Անջելո Աբելան, ռեժիսոր է, իսկ մայրը՝ Քերոլայն Գրուբերը, դերասանուհի։











