Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հյուրընկալել է Էլինա Ավանեսյանին։
Հայ թենիսիստուհին ծանոթացել է մարզաբազայի ենթակառուցվածքներին, շրջել փակ կորտերով։ ՀԹՖ նախագահը ողջունել է Էլինա Ավանեսյանին, հետաքրքրվել նրա հաջողություններով, մարզիկի առողջական վիճակով։ Ավանեսյանը հայտնել է, որ երկարատև վերականգնողական փուլից հետո կամաց-կամաց վերադառնում է լավագույն մարզավիճակին։ Վարդան Զաքարյանը կարևորել է Էլինա Ավանեսյանի անմիջական կապը հայկական թենիսի հետ՝ ընդգծելով շփման և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Ֆեդերացիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել ապահովել Էլինային բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Նախագահը կարևորել է նաև Ծաղկաձորում պարբերաբար մարզումային հավաքներ անցկացնելն ու վստահություն հայտնել, որ հայ թենիսիստուհին կբարելավի իր դիրքերն ու կկարողանա լավագույն ձևով պատրաստվել 2028 թվականի Օլիմպիական խաղերին։


