Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը գոհ է Լեհաստանի միջազգային մրցաշարում իր թիմի մասնակցությունից։ Vnews-ի հետ զրույցում նա նշեց, որ տվյալ դեպքում արդյունքից շատ ավելի կարևոր էր ըմբիշների մարզավիճակին ծանոթանալը և հետագա անելիքներն ուրվագծելը։
«Թեպետ մրցաշարը բավականին ուժեղ կազմ, լայն աշխարհագրություն և մեծ թվով մասնակիցներ ուներ, մեր ըմբիշները վատ հանդես չեկան, սակայն արդյունքը կարող էր ավելի լավը լինել։
Սլավիկ Գալստյանը (67 կգ) բացահայտ առավելության հասավ բոլոր մրցակիցների նկատմամբ։ Մրցաշարի հաղթող դառնալու իրական հնարավորություն ունեին նաև երկրորդ տեղ գրաված Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Կարապետ Չալյանը (82 կգ)։ Շանթը եզրափակիչում հաղթում էր 6։0 հաշվով, սակայն երկրորդ մրցափուլում թուլացավ և պարտվեց 6։7։ Չալյանն էլ սխալվելով՝ առաջին րոպեին անհարկի միավոր զիջեց մրցակցին, հետո փորձեց շտկել վիճակը, սակայն չտեղավորվեց սահմանված ժամանակում և պարտվեց 4։6 հաշվով։
87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, անցկացնելով 6 գոտեմարտ, գրավեց 5-րդ տեղը։ Բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց և լավագույն հնգյակը եզրափակեց նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, որը, սակայն, 4 գոտեմարտի մասնակցեց։
3-րդ մրցանակակիր դարձած Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) նույնպես նորմալ մասնակցեց։ Կարող էր հաղթել պարտված գոտեմարտերում, որոնցում զիջել է 1։2 հաշվով։
Հրաչյա Պողոսյանը (63 կգ), իմ կարծիքով, գերմարզված էր։ Նա գրանցեց 1 հաղթանակ և 2 պարտություն։ Ամեն դեպքում՝ Հրաչյան մեծ ներուժ ունի։ Այնքան էլ լավ չմասնակցեց գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը, որից ավելին էի ակնկալում։ Գոտեմարտերից մեկում պարտվեց բացարձակապես հավասար պայքարում, մյուսում՝ լուրջ սխալի պատճառով»,- նշեց մարզիչը։
Արմեն Բաբալարյանը նշեց, որ այս մրցաշարին հատուկ չէին պատրաստվել, քանի որ մասնակցությունը զուտ ստուգողական նպատակ ուներ։ Մարզիչները ցանկանում էին նաև, որ աշխարհի առաջնությունից առաջ ըմբիշները դարձյալ զգային մրցակցային մթնոլորտը և ոգին։ Իսկ անսովոր մրցակարգը, երբ մարզիկը պայքարից դուրս էր մնում երկրորդ պարտությունից հետո, միայն նպաստեց նպատակի իրականացմանը։
Անդրադառնալով օլիմպիական չեմպիոն, փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի չեմպիոն ու Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (97 կգ) բացակայությանը՝ մարզիչը հայտնեց, որ գյումրեցի ըմբիշը մրցագորգ դուրս չեկավ ուսի վնասվածքի պատճառով։
Արմեն Բաբալարյանը պատմեց, որ Արթուր Ալեքսանյանին հենց Վարշավայում զննել է Լեհաստանի հավաքականի հետ աշխատող մասնագետներից մեկը, որն էլ հայ մարզիչներին խորհուրդ է տվել զերծ մնալ ավելորդ ռիսկից և չեղարկել նրա մասնակցությունը։ Բժիշկը դեղորայքային բուժում է նշանակել, սակայն, ըստ Արմեն Բաբալարյանի, շատ հարցեր, այդ թվում՝ աշխարհի առաջնությանն օլիմպիական չեմպիոնի մասնակցության վերաբերյալ, կհստակեցվեն միայն Երևանում կատարած բուժզննման արդյունքներին ծանոթանալուց հետո։
Սեպտեմբերի 10-18-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը երկու հավաք կանցկացնի Երևանում։


