Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում «Նոան» Աբովյանում 1-2 հաշվով պարտվեց հունգարական «Ֆերենցվարոշին»:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:
1. «Նոան» հայկական 4-րդ ակումբն էր, որ խաղաց Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում: Առավել հաճախ՝ 6 անգամ այդ փուլում հանդես է եկել «Փյունիկը», որը 3-րդ փուլի ուղեգիր նվաճած հայկական միակ ակումբն է: Դա փյունիկցիներին հաջողվել է Չեմպիոնների լիգայի 2022/23թթ. խաղարկությունում, որում որակավորման 2-րդ փուլում հաղթահարել են Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» արգելքը՝ 0-1, 4-1:
3 անգամ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում հանդես է եկել «Ալաշկերտը», մեկ անգամ էլ՝ «Շիրակը»:
2. Միայն «Շիրակը» չի պարտվել Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի նորամուտի խաղում՝ սերբական «Պարտիզանի» հետ սեփական դաշտում անցկացրած հանդիպումն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1: «Փյունիկը» նորամուտը նշել է 2002թ. Կիևի «Դինամոյից» հյուրընկալվելիս 0-4 հաշվով կրած պարտությամբ, իսկ «Ալաշկերտը» 2016/17թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլը սկսել է Թբիլիսիում տեղի «Դինամոյի» հետ խաղում սեփական դարպասը 2 անպատասխան գնդակ ընդունելով:
Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում անցկացրած 21 հանդիպումներում հայկական ակումբներն ընդամենը 2 հաղթանակ են տարել, 5-ում գրանցվել է ոչ-ոքի, 14 խաղում պարտվել են, խփել են ընդամենը 15 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 38 գնդակ:

3. «Նոան» 2-րդ անգամ հանդես եկավ եվրագավաթների 2-րդ փուլում: Նախորդ խաղարկությունում «Նոայի» ֆուտբոլիստները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում պայքարից դուրս էին թողել Մալթայի «Սլիմա Ուոնդերերսին»: Սեփական դաշտում Ռուի Մոտայի գլխավորած թիմը 7 անպատասխան գոլ էր խփել՝ տոնելով եվրագավաթներում հայկական ակումբների մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը: Իսկ հյուրընկալվելիս գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի:
4. «Ֆերենցվարոշի» հետ հանդիպումը Չեմպիոնների լիգայի մրցաշարում հայկական ակումբների հոբելյանական՝ 80-րդ խաղն էր: Մեր թիմերը 17 հաղթանակ են տոնել, 19 խաղ ավարտել են ոչ-ոքի, 44-ում պարտվել են, խփել են 67 գոլ, բաց են թողել 124 գնդակ:
5. «Նոան» էլ եվրագավաթներում հոբելյանական՝ 20-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 9-րդ պարտությունը: Հայաստանի չեմպիոնը 8 հաղթանակ է տարել, 3 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 30 գոլ, բաց է թողել 35 գնդակ:

6. «Նոան» եվրագավաթներում առաջին անգամ մրցեց Հունգարիայի ներկայացուցչի հետ: Իսկ ահա «Ֆերենցվարոշը» նախկինում հանդիպել էր «Ուլիսի» հետ: 2011/12թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Ֆերենցվարոշը» հաղթել էր երկու հանդիպումներում էլ՝ 3-0, 2-0:
Ընդհանուր առմամբ եվրագավաթներում հայկական 8 ակումբներ մրցել են հունգարական 7 թիմերի հետ: Հայ-հունգարական ֆուտբոլային առաջին դիմակայությունը կայացել է 1997/98թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում, որում նորամուտը նշող «Փյունիկը» երկու հանդիպումներում էլ պարտվել է ՄՏԿ-ին՝ 0-2, 3-4: Հունգարական թիմերի հետ կայացած 17 հանդիպումներում հայկական ակումբները 10-րդ պարտությունը կրեցին: Մեր թիմերին միայն 4 անգամ է հաջողվել հաղթել, 3 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի: Հայկական թիմերը 19 գոլ են խփել, բաց են թողել 29 գնդակ:
7. Հայկական ակումբներին 3 անգամ է հաջողվել հաղթահարել հունգարական թիմերի արգելքը: «Միկան» առաջինն էր, որին հաջողվեց մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ 2007/08թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում պայքարից դուրս մղել ՄՏԿ-ին՝ 1-2, 1-0:

Երկխաղյա դիմակայությունում հաջողության են հասել նաև «Արարատը» (2020/21թթ. Կոնֆերենցիաների լիգա, «Ֆեհերվար»՝ 1-1, 2-0) և «Ալաշկերտը» (2023/24թթ. Կոնֆերենցիաների լիգա, «Դեբրեցեն»՝ 0-1, 2-1):
8. Օգնյեն Չանչարևիչը եվրագավաթներում հոբելյանական՝ 40-րդ խաղն անցկացրեց: Նա այդ ցուցանիշով ռեկորդակիր է ինչպես դարպասապահների, այնպես էլ այլազգի ֆուտբոլիստների մեջ: Այդ հանդիպումներում սերբ դարպասապահը 64 գոլ է բաց թողել, 11 անգամ դարպասն անառիկ է պահել:
9. Հովհաննես Համբարձումյանն ու Գուդմունդուր Թորարինսոնը «Նոայի» կազմում առաջին խաղն անցկացրին Չեմպիոնների լիգայի մրցաշարում:
10. Ստեֆան Գարթենմանը եվրագավաթներում «Նոայի» հետ հանդիպումներում ինքնագոլի հեղինակ դարձած 3-րդ ֆուտբոլիստն է: Նախկինում սեփական դարպասը գրավել էին նաև Անտոն Պոպովիչը (ԿՈՒՊՍ) և Գուստավո Ալչինոն («Սլիմա Ուոնդերերս»):


