Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին։
«Հոլանդը կտեղափոխվի՞ Իսպանիա: Այս պահին նրան ամեն ինչ դուր է գալիս «Մանչեսթեր Սիթիում»։ Այլ մտքեր չկան։ Ֆուտբոլիստը չպետք է մտածի հաջորդ մրցաշրջանի մասին, եթե ընթացիկը դեռ չի ավարտվել։ Կարծես ամուսնանալու օրից սկսես մտածել հաջորդ կնոջ մասին: Հոլանդն այժմ «ամուսնացած» է, բայց անհրաժեշտության դեպքում ես նրան կտամ ելքի բանալին։
Կարո՞ղ է նա տեղափոխվել «Ռեալ» կամ «Բարսելոնա»: Ես չեմ կարող այդ մասին խոսել։ Բայց լավ հարաբերություններ ունեմ կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ»,- Ռաֆայելա Պիմենտայի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Մանչեսթեր Սիթիում»: Ընթացիկ մրցաշրջանում նորվեգացին Անգլիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 27 հանդիպման, դարձել 31 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:


