Logo

Հունիսի 29-ին Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է. հայ և արտասահմանցի գրողները՝ հայ դրամատուրգիայի «Աբովյանի» ու «Պեպոյի» մասին

17:23 / 29.06.2024Լուրեր
null

Հայ դրամատուրգ, հասարակական գործիչ, հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորող Գաբրիել Սունդուկյանը ծնվել է 1825 թվականի հունիսի 29-ին՝ առևտրականի ընտանիքում: Սունդուկյանի գրական-թատերական գործնեությունը զուգադիպել է Հարավային Կովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը: Այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերությունները արտացոլված են նրա ստեղծագործություններում։ Սունդուկյանը առաջինն է հայ դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատատիկական հասարակության մեջ հայրերի ու որդիների փոխհարաբերության թեմաները։ Նա առաջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախություններով, շեշտել նրանց ազնվությունն ու մարդկայնությունը։ Սունդուկյանի տաղանդի արգասիքը «Պեպո» կատակերգությունն է։ Պիեսը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավի՝ բուրժուազիայի և ժողովրդական զանգվածների հակադրությունը։

1871 թվականի ապրիլի 30-ը շրջադարձային էր հայ թատրոնի տարեգրությունում: Թբիլիսիի հայկական թատրոնում առաջին անգամ ներկայացվեց «Պեպոն»: Կատակերգությունը՝ բաղկացած երեք արարից, գրվել է 1870-ին։ Հետագայում այն էկրանավորվեց և դարձավ առաջին հայկական հնչյունային ֆիլմը։ Առաջին անգամ այն ցուցադրվեց 1935-ին: Բեմադրիչը Համո Բեկնազարյանն էր, Պեպոյի կերպարը մարմնավորեց Հրաչյա Ներսիսյանը, Զիմզիմովինը` Ավետ Ավետիսյանը։ Ֆիլմի երաժշտության հեղինակը Արամ Խաչատրյանն է, երգի խոսքերը գրել է Եղիշե Չարենցը: 

«Սունդուկյանը հայ դրամատուրգիայի Աբովյանն է»։ (Դերենիկ Դեմիրճյան)

«Հասարակության սիրված ու ճանաչված դրամատուրգը Սունդուկյանն է»։ (Ստեփան Շահումյան)

«Ես չգիտեմ և չեմ ճանաչում բովանդակ հայ գրականության մեջ ավելի գեղարվեստական ու ավելի անկեղծ մի ուրիշ երկ, քան «Պեպոն»»: (Շիրվանզադե)

«...Ու անվերջ էն Մեծ Պեպոն (Սունդուկյանը), կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական, Զիմզիմովի դեմը կանգնած՝ իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա.– Բաս քու սրտի դավթարումն ի՞նչ ի գրած... Ու կվարի իր ազնիվ կռիվը ոչ թե մուրհակի համար, այլ ճշմարտության համար, արդարության համար»: (Հովհաննես Թումանյան)

«Ազգիս դարավոր վերքը  լվանալ,
Լիրբ մեծատունին անվախ ապտակել,
Գոհարով ծածկած կեղտերը բանալ,
Կեղծավորների դիմակը պոկել,
Ու խեղճ կինտոյին դընել մարդու շար՝
Այս ամեն զորեց միայն քո՜ հանճար»: 
(Ռափայել Պատկանյան)

«Ես բացակայում էի, վերադարձիս գտա Ձեր հիանալի նամակը։ Մեծ հոժարությամբ ընդունում եմ այն առաջարկությունը, որ բարեհաճում եք ինձ անել, և Ձեզ հղում եմ հաջողության բոլոր ցանկությունս»։ (Վիկտոր Հյուգո)

««Պեպոն» այժմեությունը պահպանած գրական երևույթ է։ Այն պետք է դարձնել ժողովուրդների ընթերցանության պիես»։ (Մաքսիմ Գորկի)

«Մարդկության ատամների կրճտոցի այս դարում, որքան հրաշալի նվեր էր այն ջերմ եղբայրական համերաշխությանը, որով ռուսը, վրացին, հայը գալիս էր սրտաբուխ, անկեղծ հարգանք մատուցանելու օրվա հերոսին...»: (Լեո) 

«Ես մի վրացի, իսկ դու հայ ես մի,
Բայց մենք երկուսով եղբայր ենք հիմի,
Երկուսս էլ զավակ նույն հողի, ջրի,
Ե՛վ նույն բնության, և՛ նույն լեռների»։
(Ակակի Ծերեթելի)

«Աշխարհիս մեջ քիչ գրագետ կա, որ Սունդուկյանին չափ զուտ անխառն, իրապաշտ եղած ըլլա. իր մեջ ոչ մեկ հետք ռոմանտիզմի, ոչ մեկ ջանք իրականությունը շտկռտելու, ոսկեզօծելու, ոչ մեկ փափագ տարօրինակ, խորհրդավոր կացություններ ու էակներ ստեղծելու: Սունդուկյանը նստած է կյանքին դիմացը ... զայն դիտած ու տեսած է ինչպես որ է ան, և վերարտադրած է իր գործին մեջ»: (Արշակ Չոպանյան) 

Սունդուկյանի կտակի համաձայն՝ իր անունը կրող թատրոնի բակում կանգնեցրել են ոչ թե իր, այլ Պեպոյի արձանը: Կտակի այդ հատվածը ներկայացնում ենք ստորև. 

«Մահարձան չդրվի վրաս, այլ մի սև քար, իսկ եթե ցանկանաք հուշարձան դնել, ապա դրվի ոչ թե իմ, այլ Պեպոյի վրա: Այդպիսի հուշաարձանը պիտի ներկայացնե Պեպոյին՝ կանգնած, գդակը՝ ծածկած, մի ձեռքին՝ Արութինի, Զիմզիմովի «բարութը: Մնաք բարով, իմ սիրելի մարդիկ, ինչ ասկի, ցիղի ու հավատի էլ ըլիք, մնաք բարով…»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ