Ուկրաինական Խարկով քաղաքում շարունակում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Քառորդ եզրափակչում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթել էր հունգարացի Ռիչարդ Կովաչին և դուրս եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Սիրողական բռնցքամարտի մեր առաջատարը VMAG ամսագրի մայիսյան համարում պատմել էր իր ծրագրերի, հաջողության իր բանաձևի և սպորտաձևի խնդիրների մասին: Հայ բռնցքամարտիկը դեռ այդ ժամանակ ուներ մարտական տրամադրվածություն և մեծ ցանկություն՝ Եվրոպայի չեմպիոն հռչակվելու:
Վաղը կայանալիք կարևորագույն մենամարտից առաջ ներկայացնում ենք մի հատված գյումրեցի մարզիկի հետ զրույցից:
«Հիմա իմ լավագույն մարզավիճակում եմ: Իսկ հետո կտեսնենք՝ ինչպես կդասավորվի ապագան: Պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալու մտքեր ունեմ, սակայն դեռ անավարտ նպատակներ կան, ցանկալի է, որ դրանց հասնեմ, այնուհետև մտածեմ այդ ուղղությամբ: Ցանկանում եմ Եվրոպայի չեմպիոն դառնալ, միայն դրանից հետո կմտածեմ պրոֆեսիոնալ ռինգի մասին:
Կարևոր մրցաշարերից առաջ միշտ եկեղեցի եմ գնում, աղոթում եմ հաջողություններիս համար և խնդրում Աստծուց, որ ինձ ուժ և կամք տա, որպեսզի հակառակորդներիցս խելացի լինեմ ու առաջին հերթին, որպեսզի այնպես հաղթեմ, որ մրցավարները չկարողանան ինչ-որ բան փոխել այդ մենամարտում»,-ասաց Հովհաննես Բաչկովը:

