
Բռնցքամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն Հովհաննես Բաչկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ այս անգամ ամեն ինչ դասավորվեց իր օգտին, իսկ մրցավարական կողմնակալությունը չկարողացավ կանգնել իր չեմպիոնության ճանապարհին։
Գյումրեցի մարզիկը շնորհակալություն հայտնեց բոլորին և ընդգծեց, որ իր հաղթանակի մեջ լումա են ունեցել բոլորը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր կիսեցին այս հաղթանակը, նրանց, ովքեր լումա ունեցան այս հաղթանակի մեջ։ Այս հաջողությունն իմ և մարզիչների համատեղ աշխատանքի արդյունքն է: Շատ շնորհակալ եմ նաև Խարկովի հայերից։ Նրանք շատ համախմբված մեզ աջակցեցին»:
Հայ բռնցքամարտիկը անդրադարձավ նաև պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու հնարավորությանը:
«Ես նշել էի, որ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո ցանկություն ունեմ պրոֆեսիոնալ ռինգում մենամարտելու, բայց, քանի որ առաջիկայում աշխարհի առաջնությունն է, նախապատրաստվելու ենք այդ մրցաշարին։ Դա նշանակում է, որ այդ ուղղությամբ կմտածեմ ԱԱ_ից հետո
Չէի կարող պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվել առանց սիրողական բռնցքամարտում որևէ լուրջ արդյունք ցույց տալու, այդ պատճառով ուզում էի աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնալ, որպեսզի այն տաջանքը ու քրիտինքը, որը թափել եմ, գնահատվի»:


