Բռնցքամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 5-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում:
30-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը Լոնդոնում կայացած մենամարտում 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Վենեսուելայի ներկայացուցիչ Խոսե Մունյոսին: Նախքան նոկաուտը, Բաչկովը 4 -րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի էր ենթարկել մրցակցին։
Բաչկովը նախորդ մենամարտն անցկացրել էր 2022թ․ դեկտեմբերին՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում ժամանակից շուտ հաղթելով մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաչկովը հաստատել էր, որ Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի մայիսի 1-14-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Նա 2017, 2019 և 2021 թվականներին կայացած աշխարհի առաջնություններում դարձել էր բրոնզե մեդալակիր: