Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ազգային ընտրանու՝ սեպտեմբերյան խաղերի հայտացուցակի հրապարակմանը հաջորդած ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների:
Գերմանիայի հավաքականի մասին
«Գերմանիայի հավաքականի խաղը դեռ մոտ չէ. բոլոր զգայարաններով կենտրոնացած ենք Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղի վրա: Այդ խաղից հետո կխոսենք Գերմանիայի մասին: Ամեն դեպքում Գերմանիայի հավաքականն այնքան բարձրակարգ խաղացողներ ունի, որ մարզիչն ընտրության մեծ հնարավորություն ունի: Բայց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղն է»:
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մասին
«Հոգեբանորեն շատ ուժեղ թիմ է, որն անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, որին մասնակցում են ընտրյալ հավաքականներ: Չնայած խմբային փուլի արգելքը չհաղթահարելուն՝ կարելի է ասել, որ բավական ուժեղ հավաքական է՝ հաշվի առնելով նաև երիտասարդներով համալրումը Մ21 հավաքականից»:
Վարազդատ Հարոյանի մասին
«Կարող եմ ասել՝ ակումբի նախագահն ու աշխատակիցները շատ գոհ են Վարազդատ Հարոյանից: Գոհ են նրա պրոֆեսիոնալիզմից: Փաստորեն, Վարազդատը կարողանում է հարմարվել իսպանական ֆուտբոլին, ինչը հեշտ չէ: Նա երկու խաղին էլ մասնակցել է: Նա նույնպես գոհ է: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստների հետ զրուցել ենք, ու Հարոյանը մեզ ասաց, որ շատ գոհ է, ինչը շատ լավ է հայկական ֆուտբոլի համար: Հուսանք՝ ապագայում ի հայտ կգան երիտասարդ հայ ֆուտբոլիստներ, որոնք կկարողանան հանդես գալ եվրոպական բարձրակարգ առաջնություններում»:
Հարոյանի՝ Կապառոսի խորհրդով Լա լիգա տեղափոխվելու մասին(պատասխանելով VNews-ի հարցին)
«Նախ՝ ստիպում եք՝ ես էլ հայերեն խոսեմ, ինչպես Դուք խոսում եք իսպաներեն(ժպտում է-խմբ.)… Իհարկե, մենք Վատոյի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ենք «Կադիսին»: Իսպանական բոլոր ակումբներն ունեն մարզական տնօրինություն, որը շատ լավ է աշխատում: Նրանք հետևել են Հարոյանին ու համոզվել, որ ունի բոլոր այն որակները, որ խաղա թիմում: Անուններ չեմ տա, բայց կային նաև այլ ֆուտբոլիստներ, որ կարող էին խաղալ իսպանական ֆուտբոլում: Վստահ եմ՝ ապագայում կլինեն խաղացողներ, որոնք կխաղան եվրոպական բարձրակարգ լիգաներում: Մենք պիտի տրամադրվենք ոչ թե մասնակցությանը, այլ հաղթանակին, ինչը կնպաստի հայկական ֆուտբոլի ու հայ ֆուտբոլիստների աճին»:
Իշխան Գելոյանի մասին
«Այն ֆուտբոլիստները, որոնք հայտավորված են, ապագայի համար չեն: Մենք, կազմելով ցուցակը, կենտրոնացել ենք հենց սպասվող խաղերի վրա: Գելոյանը կարող է խաղալ թե՛ եզրում, թե՛ կենտրոնում, ու մենք կհասկանանք՝ որտեղ կներգրավենք նրան»:
Հայաստանի, ազգային հավաքականի հաջողությունների մասին
«Հաջողությունը կայացավ ջանքերի, կենտրոնացվածության շնորհիվ: Բոլորն անում էին առավելագույնը, որ նման արդյունք գրանցենք իրավիճակում, որը բարդ էր ոչ միայն համավարակի, այլև պատերազմի պատճառով: Այս իրավիճակում մենք ունեինք առավելություն բոլոր հավաքականների նկատմամբ: Բանն այն է, որ խաղադաշտ էր դուրս գալիս ոչ թե 11 ֆուտբոլիստ, այլ ամբողջ երկիր: Գնդակի համար պայքարելով՝ ամբողջ երկիրն էր մեր մտքում, ու սա այն գաղափարն է, որին մենք պետք է հետևենք: Բոլորի համախմբվածությունը հաջողության հասնելու միակ տարբերակն է:
Հայաստանում ինձ զարմացրեց մարդը… Այս իրավիճակում ցանկացած երկիր, ընտանիք գուցե տապալվեր, իսկ դուք ճիշտ հակառակը՝ ոտքի էիք կանգնում: Սա այն է, ինչն ինձ զարմացնում է: Այլ երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, բողոքում ենք այնպիսի բաներից, որոնք այնքան էլ կարևոր չեն, իսկ դուք այս իրավիճակում կարողացաք ոտքի կանգնել»:
Ժիրայր Մարգարյանին, Նարեկ Աղազարյանին ու Նարեկ Գրիգորյանին հավաքական չհրավիրելու մասին(պատասխանելով VNews-ի հարցին)
«Մենք շատ լավ կարծիք ունենք այդ տղաների վերաբերյալ: Ես բոլոր խաղերը դիտել եմ, սակայն այս երեք խաղերի համար ես նպատակահարմար գտա ընդգրկելու այն խաղացողներին, որոնք ընդգրկվել են»:
Ստանիսլավ Բուչնևի հայկական արմատների մասին, հավաքական հրավիրվելու հնարավորության մասին(պատասխանելով VMedia հեռուստաալիքի հարցին)
Բուչնևը` հայկական արմատների և Հայաստանի հավաքական հնարավոր հրավերի մասին
«Մենք հետևում ենք նրան: Ես հավանում եմ նրա խաղը, ու նա այն խաղացողներից է, որ իր որակներով համապատասխանում է հավաքականին: Նա էլ ասաց, որ ցանկանում է խաղալ հավաքականում, ինչը շատ կարևոր է: Նրա համար հավաքականի դռները բաց են, ու նա ցանկացած պահի կարող է հրավիրվել»:
Էրիկ Վարդանյանի մասին
«Մենք վաղուց ենք հետևում Էրիկին, ու պատահական չէ, որ նա հրավիրվել է»:
Հրայր Մկոյանի՝ երկար ժամանակ չհրավիրվելուց հետո հրավեր ստանալու մասին
«Մկոյանին դեռ նախորդ մրցարջանից ենք հետևում: Նա նախորդ մրցաշրջանում մասնակցեց բոլոր խաղերին՝ ինչպես առաջնության, այնպես էլ գավաթային: Մենք տարիքին ուշադրություն չենք դարձնում: Առաջին խաղում մեծ կորուստ ունենք, ինչպես Վարազդատ Հարոյանը: Մկոյանը կարող է գերազանց փոխարինել նրան, ու նա վաստակել է այս իրավունքն իր վիճակագրությամբ, այն խաղերի քանակով, որ անցկացրել է իր թիմի կազմում:
Մեր ազգային առաջնությունն ինձ բավարարում է, քանի որ նվազագույնը 6 հայ ֆուտբոլիստ ես խաղի ընթացքում տեսնում եմ խաղադաշտում: Երբ նոր էի ժամանել, գրեթե ոչ մի հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս չէր գալիս, իսկ հիմա մեզ բոլորիս համար մեծ բավարարվածություն է, բայց պետք է առաջ շարժվել: Պետք է հասնել այն օրվան, երբ խաղադաշտում կտեսնենք միայն 1-2 լեգեոներ, իսկ մյուսները հայ կլինեն: Այդ ժամանակ մեր ընտրությունն ավելի մեծ կլինի»:
Հայ երկրպագուների մասին
«Ցավալի է, երբ ստադիոնները լեփ-լեցուն չեն, քանի որ ֆուտբոլի հոգին երկրպագուներն են: Հավաքականի ու ազգային առաջնության խաղերի տարբերությունն այս առումով ակնհայտ է բոլորիս համար: Նույնիսկ այն պարագայում, երբ մարզադաշտը 100 տոկոսով լեցուն չէր հավաքականի դեպքում, մենք տեսնում էինք՝ ինչպես էին երկրպագում ու օգնում թիմին»:
Առաջիկա խաղերն ավելի բարդ լինելու հավանականության մասին(պատասխանելով VMedia հեռուստաալիքի հարցին)
«Ֆուտբոլն իհարկե բաղկացած է նաև անակնկալներից: Հնարավոր է՝ մենք անակնկալներ մատուցել ենք, բայց իրականում մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա: Այն, ինչ մենք արել ենք, խաղից խաղից ավելի լավ պիտի անենք: Պետք է նաև նշեմ, որ հավաքականում աշխատանքը բարդ է այն առումով, որ ամենօրյա չէ: Ամեն դեպքում ճիշտ է այն, որ ֆուտբոլիստները հավատում են այն ամենին, ինչ մենք փորձում ենք նրանց փոխանցել: Սա պետք է լինի մեր ուժը: Առաջին հերթին մենք պետք է իսկական թիմ լինենք»:
«Ալաշկերտի»՝ եվրագավաթային մրցաշարի խմբային փուլի ուղեգիրն ապահովելու մասին
«Վաղը մենք բոլորս երկրպագելու ենք «Ալաշկերտին» ու թիմի մարզաշապիկներով պետք է գանք մարզադաշտ: Բոլորի համար է թիմի հաջողությունը: Տա՜ Աստված, որ լավ խաղան ու կարողանան անցնել հաջորդ փուլ»:
Մրցաշարային աղյուսակի մասին
«Համաձայն եմ՝ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ խաղը շատ կարևոր է, բայց շատ կարևոր է նրա համար, որ հաջորդն է: Եթե խաղայինք Գերմանիայի կամ Լիխտենշտեյնի հավաքականի դեմ, այդ խաղը կլիներ ամենակարևորը: Հաշվարկներ անելն այս պահին նպատակահարմար չէ: Պետք է առաջ գնալ քայլ առ քայլ»:
Գոռ Մանվելյանի մասին
«Բնականաբար, որոշ ժամանակ է՝ մենք հետևում ու հաշվի ենք առնում նրան»:
Երիտասարդական հավաքականի անհաջող ելույթների մասին
«Կարծում եմ՝ հավաքականում կան տղաներ, որ շատ տաղանդավոր են: Մեծամասնությունը հանդես է գալիս Բարձրագույն խմբում, ու դրա շնորհիվ նրանք ավելի ու ավելի կհասունանան: Դա կօգնի նրանց, որ երիտասարդական հավաքականի կազմում արդյունքներ ունենան: Ամեն դեպքում կարևորագույնն այն է, որ տեսնենք նրանց աճը: Անկեղծորեն կարծում եմ՝ այդ հանգամանքը լավ կանդրադառնա ինչպես ազգային, այնպես էլ երիտասարդական հավաքականների վրա»:
ԲԿՄԱ-ում ավելի բարձր տարիքի խաղացողների ելույթ ունենալու մասին
«Իսկապես ցանկանում էի, որ այդ թիմում հանդես գային երիտասարդներ: Հաշվի առնելով այն, որ 4 շրջանով ենք հանդես գալիս, այս պահին պետք չէ ուշադրություն դարձնել արդյունքներին: Այս թիմի վերաբերյալ հետևություններ կարող ենք անել մրցաշրջանի վերջում, բայց նկատի չունեմ մրցաշարային աղյուսակում թիմի զբաղեցրած տեղը: Պետք է տեսնենք ֆուտբոլիստների աճն ու զարգացումը: Խոսքն անհատական աճի մասին է:
Երբ ես, օրինակ, Բիլբաոյի «Ատլետիկում» էի, որն իր ուշադրությունը մեծապես կենտրոնացնում է մանկապատանեկան ֆուտբոլի վրա, ինչպես նաև «Սևիլիայում» և այլ թիմերում, մանկապատանեկան թիմերի մարզիչներից արդյունք չէին պահանջում: Նրանց խնդրում էին գտնել տաղանդավոր տղաներին ու զարգացնել նրանց: Սա այն աշխատանքն է, որ պետք է կատարեն երիտասարդ ու մանկապատանեկան թիմերում ներգրավված մարզիչները: Եսասեր ու էգոիստ պետք չէ լինել. հարկավոր է շեշտը դնել յուրաքանչյուր ֆուտբոլիստի անհատական աճի վրա:
Ես՝ որպես երիտասարդական թիմերի հետ աշխատելու փորձ ունեցող մարզիչ, կարող եմ ասել, որ ամենամեծ բավականությունը մարզչի համար, ավելին քան տիտղոսները, ավելին քան գումարը, որ կարող են բերել լավ արդյունքներ, երիտասարդների աճից ստացված բավականությունն է: Սա ամենամեծ տիտղոսն է, որ կարող է նվաճել մարզիչը»:
Կապառոս. «Հաշվի առնելով Մխիթարյանի որակները՝ նա տարբեր դիրքերում կարող է խաղալ»
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
