Logo

«Ի՞նչ է նշանակում հայ. ինձ համար դեռ հարց է». Մայքլ Գյուրջյան

Հեղինակ
Մարինե Մելիքյան
18:53 / 13.07.2022Թոփեր
Բացառիկ
Մայքլ Գյուրջյան

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում կինոռեժիսոր Մայքլ Գյուրջյանի հետ: Գյուրջյանը հայկական արմատներով գրող, ռեժիսոր, դերասան է, ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տարածաշրջանում:

Օրեր առաջ ռեժիսորի «Ամերիկացի» ֆիլմի պրեմիերայով մեկնարկեց «Ոսկե ծիրան» 19-րդ կինոփառատոնը: Ֆիլմը 2022 թվականի Հայաստան/ԱՄՆ համատեղ արտադրության կինոնկար է, և ինչպես որոշել է ռեժիսորը՝ ֆիլմն աշխարհին ամբողջությամբ պետք է ներկայացվի որպես հայկական:  

«Երկար ժամանակ աշխատել եմ Հոլիվուդում՝ որպես դերասան: Բայց ինչ-որ պահից հոգնեցի, և արդեն ուզում էի ինքս ֆիլմեր նկարել, սցենարներ գրել», - ասել է ռեժիսորը:

Ինչի՞ մասին է ֆիլմը

Ֆիլմի հերոս Փոքրիկ Չարլին մազապուրծ փախչում է Հայոց ցեղասպանությունից՝ թաքնվելով Միացյալ Նահանգներ ուղևորվող բեռնատարում: Նրա ընտանիքի բախտը, սակայն, չի բերում: Չնայած ողբերգական մանկությանը՝ Չարլին, չափահաս դառնալով, մանկան պես հիանում է աշխարհով: Շատ փախստականների և որբերի պես՝ Չարլիի մեծ սրտում անլցնելի անդունդ է գոյանում:

Պատմությունը սկսվում է 1947-ին, երբ Չարլին վերադառնում է Հայաստան, և նրան դիմավորում է Խորհրդային Միության դաժան իրականությունը: Հայաստանի ոգին խեղդվում է «Երկաթե վարագույրի» տակ: Չարլիին տեղնուտեղը ձերբակալում և բանտարկում են՝ փողկապ կապելու անհեթեթ հանցագործության մեղադրանքով: Համոզվելու համար, որ Չարլին մյուս բանտարկյալների վրա չի ազդի իր «աշխարհաքաղաքացիական» հովերով, նրան մենախուց են տեղափոխում: Երբ Չարլին ուր որ է անձնատուր է լինելու տարաբախտ դրությանը, պարզում է, որ երկրաշարժից վնասվել է բանտի պատը, որը հենց իր խցի պատուհանի դիմաց է:



Մայքլ Գյուրջյանը՝ ֆիլմի մասին

«Ցանկանում էի մի ֆիլմ ստեղծել, որը միայն հայերին չէ, որ կարող է հետաքրքրել և հոգեհարազատ լինել: Չարլին հավաքական կերպար է, որը կարող էր լինել որևէ այլ երկրից: Երբ սկսեցի ֆիլմի սցենարը գրել, հայտնաբերեցի, որ այն, թե «Ի՞նչ է նշանակում հայ»՝ ինձ համար դեռ հարց է: Այդ ինքնության հարցը կենդանի հարց է, որը շարունակում է պատասխան փնտրել:

Ֆիլմի տարբեր մասերում տարբեր կերպ էինք աշխատում, շատ բաներ սցենարում գրված չէին, բայց ընթացքում նկարեցինք: Տեսարանները, որ բանտախցում էին, որոշակի փոփոխությունների են ենթարկվել: Նկարահանումները սկսել ենք բնակարանի տեսարաններից. հենց Covid-ի շրջանում սկսվեց այդ ամենը»:

«Ամերիկացի» ֆիլմը Մայքլ Գյուրջյանը նվիրում է իր պապին` Մանուկ Գյուրջյանին:

Մայքլը նաև գրում է. ռեժիսորն ունի նաև հրապարակված վեպեր, որոնցից մեկը կոչվում է «Ի՞նչ կա աստղերի ետևում», և հարցին, թե ի վերջո ի՞նչ կա աստղերի ետևում՝ Գյուրջյանը ժպտում և պատասխանում է. «Հայաստան»:


Մայքլ Գյուրջյան 1


Ըստ ռեժիսորի` Հայաստանում ֆիլեր նկարելիս ազատությունն ավելի շատ է. «Հայաստանում ֆիլմ նկարահանելու պատճառները բազմաթիվ էին, այստեղ կա ազատություն, ինչը չկա ԱՄՆ-ում: Որպես անկախ կինոռեժիսոր` ես փորձում եմ ազատություն գտնել: Կուզեի քաջալերել երիտասարդ ռեժիսորներին, որ հենց այստե'ղ ֆիլմեր նկարահանեն»:

Մայքլ Գյուրջյանն «Էմմի» մրցանակ է ստացել «Դեյվիդի մայրը» հեռուստաֆիլմի համար: Հայտնի է նաև «Ոսկե գլոբուսի» արժանացած «Հինգով ենք» սերիալում, ինչպես նաև պաշտամունքային և դասական դարձած «Փանքը Սոլթ Լեյք Սիթիից» ֆիլմում խաղացած դերերով: Վերջերս նա Ռոբերտ դե Նիրոյի հետ նկարահանվել է HBO-ի «Մեծն ստախոսը» ֆիլմում: Նրա ֆիլմացանկում են նաև «Լրավաճառները», «Չապլինը»՝ Ռոբերտ Դաունի կրտսերի մասնակցությամբ, «Հավերժ երիտասարդ»՝ Մել Գիբսոնի մասնակցությամբ, «Լաս Վեգասից հեռանալով», «Հորդ անձրև»՝ Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ, «Ջախջախված»՝ Հիդեր Գրեմի մասնակցությամբ, «Անպարտելիները», «Լյուցիֆեր», «Ծածուկ գործեր», «Խաբիր ինձ», «Տունը», «Լրտեսը», «Վանականը», «Հանցանքի վայրը», «Առանց հետքի» և այլ ֆիլմեր: Նրա «Պատրանք» կինոնկարում նկարահանվել է լեգենդար Քըրք Դուգլասը։


Մայքլ Գյուրջյան 2

Մայքլ Գյուրջյան 3

Մայքլ Գյուրջյան 4

Մայքլ Գյուրջյան 5

Մայքլ Գյուրջյան 6

Մայքլ Գյուրջյան 7

Մայքլ Գյուրջյան 8

Մայքլ Գյուրջյան 9

Մայքլ Գյուրջյան 11

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ