UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքը ստացել է պարանով ցատկելու ժամանակ:
FastNews-ին հայտնի է դարձել, որ հայ մարտիկն Իսլամ Մախաչևի դեմ արդեն չեղարկված մենամարտին նախորդած օրերին քնի լուրջ խնդիր է ունեցել: Կիլոգրամների սահմանված շեմը չանցնելու համար Ծառուկյանը պետք է առնվազն 600 գր քաշ գցեր, ինչի համար Արմանն անընդհատ ջանացել է, նույնիսկ քնի հաշվին:
Արման Ծառուկյանի օրգանիզմը չի հասցրել վերականգնվել ու հանգստանալ ինտենսիվ մարզումներից: Ծառուկյանը հենց վերջին գրամների դեմ պայքարում ստացել է վնասվածք, ինչի արդյունքում ստիպված է եղել հրաժարվել չեմպիոնական մենամարտից:
2019 թվականին Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել էր միավորներով:
28-ամյա հայ մարտիկն օկտագոնում անցկացրել է 25 մենամարտ, ունի 22 հաղթանակ և երեք պարտություն: Մախաչևը 27 մենամարտում տարել է 26 հաղթանակ, կրել է մեկ պարտություն:
Հիշեցնենք, որ գլխավոր մենամարտում Արման Ծառուկյանին փոխարինել է բրազիլացի Ռենատո Մոյկանոն:
UFC 311-ը կկայանա հունվարի 19-ին և կհեռարձակվի բացառապես Fast TV հավելվածում (iOS, Android)՝ սկսած ժամը 05:00-ից: