Մի գիշեր վրաց ռեժիսոր Իրաքլի Կվիրիկաձեն Մարչելո Մաստրոյանիին թարգմանչուհու հետ տանում է Թբիլիսիում Փարաջանովի տուն։ Վախեցած սրտով՝ Իրաքլին հրում է դուռը. այն բացվում է ճռռոցով: Եռյակը գնում է դեպի անհուն խավարը: Եվ այդժամ սենյակում վառվում է լույսը։
Փարաջանովը սպասում էր թանկագին հյուրերին՝ շքեղ սեղան գցած և իր ընկերներին՝ մոտ երեսուն հոգի, նախապես հրավիրած։ Այնտեղ էին նկարիչ, թբիլիսյան բաղնիքի աշխատող, ճարտարապետ, օպերային հուշող, ադամանդներ գնող, բժիշկ, վարսահարդար...
Փարաջանովն այդ գիշեր գերազանցեց ինքն իրեն. տան պատերը քիչ էր մնում փլվեին ծիծաղից։ Շուտով թարգմանչուհու կարիք այլևս չկար. չէ՞ որ տաղանդը հասկանալի է ցանկացած լեզվով։ Առավոտյան ժամը 4-ին Փարաջանովը Կոտե Մեսխի փողոցով տարավ Մաստրոյանիին ճանապարհելու։ Թբիլիսյան հին տան մոտ Սերգեյը կանգ առավ ցածր պատշգամբի տակ։
- Մարչելո, քո սերն այստեղ է ապրում: Նա իր ամբողջ կյանքում սպասել է միայն քեզ, Մարչելո Մաստրոյանիին։
- Իմ սե՞րը, - հարցնում է Մարչելոն։
- Նրա անունը Շուշաննա է: Նա կույս է ... 74 տարեկան:
Մարչելոն սարսափով նայում է Փարաջանովին:
- Յոթանասունչո՞րս։
- Նա իրեն պահել է քեզ համար: Մի ամբողջ կյանք: Եվ դու եկար։
Փարաջանովը պատշգամբին է մոտեցնում բակում հայտնաբերված սանդուղքը և բարձրանում դրա վրայով։ Մարչելոն, հիպնոսացած, հետևում է նոր ընկերոջը: Նրանք հայտնվում են ննջասենյակում։
Լուսնի լույսը լուսավորում էր անկողինը, որում քնած էր փարթամ Շուշաննան։
Մաստրոյանին հիշում է Ֆելինիի «Ութ ու կես» ֆիլմի հսկայական Սարագինային. կաթոլիկ քոլեջի տղաների կողմից նրան տրված մի քանի մետաղադրամի համար թմբլիկը ռումբա է պարում նրանց առջև ծովի ափին, թափահարում իր հզոր ազդրերը և ցույց տալիս հսկայական հետույքը․․․
Նրանք մոտենում են մահճակալին։ Կռանալով՝ Սերգեյը շշնջում է.
- Շուշաննա, դու դեռ քնա՞ծ ես։ Այդպես ամբողջ կյանքդ քնած կանցկացնես: Աչքերդ բացի՛ր, փոքրիկս:
Երկու հարյուր կիլոգրամանոց ծեր կինը բացում է աչքերը, ճանաչում Սերգեյին և հարցնում.
- Էս անգա՞մ ինչ ես ուզում, ավանա՛կ։
- Ինչի՞ մասին ես երազում, Շուշաննա: Սիրո՞ւմ ես Մաստրոյանիին։
-Մաստրոյանիի՞ն: Այո...
-Ահա՛ նա։ Վերցրո՛ւ նրան։
Այս խոսքերն ասելուց հետո, նա կռանալ է տալիս Մարչելոյին և ընկղմում նրան Շուշաննայի հսկայական կրծքերի մեջ։
Շուշաննան կասկածելով հարցնում է.
-Իրակա՞ն է։
Մարչելոն ժպտում է նրան։ Խաղը նրան դուր էր գալիս, բայց նա իրեն մի փոքր անհարմար էր զգում։ Սակայն կարողանում է ռուսերենով ասել.
- Шушанна, я лублу тебе։
Նայելով տղամարդու դեմքին՝ Շուշաննան հանկարծ հասկանում է, որ դա իրական Մաստրոյանին է։ Նա ճչում է ուրախությունից և նրա գլուխը սեղմում իր այրվող կրծքին: Փարաջանովը փակում է ննջարանի դուռը և, հայտնվելով պատշգամբում, միջնադարյան ազդարարի պես բղավում.
-Շուշաննա Ղազարյանը կորցնում է իր կուսությունը։ Ես դուրս կբերեմ նրա սավանը:
Ընդհանուր ծիծաղի մեջ նա չի հասցնում ավարտել նախադասությունը։ Արթնացած հարևանների խանդավառ աղաղակները ոտքի են հանում ամբողջ Սոլոլակ թաղամասը։ Մարդիկ սկսում են հավաքվել նեղ փողոցում՝ գինու շշերով, պանրով և կանաչեղենով։ Երկար սեղան են գցում ու նորից խնջույք սկսում։
Հալչող լուսնի լույսի ներքո Մարչելոն լսում էր վրացական բազմաձայնությունը․ համընդհանուր սիրո մեջ ողողված՝ նա իրեն երջանիկ էր զգում։ Նա բղավում է. «Թող գրողի ծոցը գնան բոլոր օսկարները։ Ես քաղաքական ապաստան եմ պահանջում։ Ես մնում եմ ապրելու Թբիլիսիում»։
Իրաքլի Կվիրիկաձեի հուշերից