Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցին կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Սուրբ Յոթ Վերքը կառուցվել է 1874-1886 թվականների ընթացքում, գտնվում է Գյումրիում։ Այս եկեղեցին է Շիրակի թեմի առաջնորդանիստը։
Անվան մասին. Ինչո՞ւ «Յոթ Վերք»
Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, սակայն գրեթե բոլորն էլ այն անվանում են «Յոթ Վերք»: Այս՝ ժողովրդական անվանման խորհուրդը եկեղեցում պահպանվող նկարն է՝ սրբապատկերը. սրբապատկեր, որը, ըստ ավանդության, մագաղաթի վրա արել է Ղուկաս Ավետարանչը: Նկարը խորհրդանշում է Աստվածածմոր յոթ վերքերը: Խաչված Քրիստոսի շուրթերից թռած յոթ բառերը մխրճվում են Մարիամի սիրտը՝ յոթ սուր վերքեր պատճառելով նրան:
Սրբապատկերի յոթ վերքերն են.
Հիսուսի տաճարին հանձնելը
Եգիպտոս փախչելը
տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը
խաչը տանելը
Հիսուսի մահը խաչին
Հիսուսի մարմնի ստանալը
Հիսուսի գերեզման դնելը
![Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին] S Astvacacin Gyumri 2015 sep pic 16 - Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին]](https://www.vnews.am/uploads/uploads/2021/12/S_Astvacacin_Gyumri_2015_sep_pic_16.jpg)
Սրբապատկերի զորության մասին
Մարիամ Աստվածածնին իր յոթ վերքերով ավանդաբար պատկերում են հատկապես կաթոլիկները: Նրանք պատկերում են Աստվածամորը թախծոտ և վշտացած դեմքով և յոթ սրեր մխրճված սրտի մեջ:
Այս սրբապատկեր-մագաղաթը 1828 թվականին Գյումրի (այն ժամանակ՝ Ալեքսանդրապոլ) են բերել հայ գաղթականներն Էրզրումից:
Ներսես Աշտարակեցի Կաթողիկոսը Յոթվերք սրբապատկերը տանում է Էջմիածին՝ ժողովրդին երաշտից փրկելու համար: Սրբագործ նկարը, արդարացնելով սպասելիքները, Արարատյան դաշտն իրավամբ փրկում է երաշտից: Այդուհետ Յոթվերքը վերադարձվում է Գյումրի և մինչև օրս պահպանվում է եկեղեցում:
Եկեղեցու պատմությունը
Այժմյան եկեղեցու տեղում նախկինում եղել էր մի փայտաշեն մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի սրբապատկերը։ Այս մատուռից սրբապատկերը նախ տեղափոխվել էր նույն քաղաքի մեկ այլ՝ Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը էլ եղել էր Յոթ Վերք։
![Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին] Սրբ Նշան եկեղեցի - Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին]](https://www.vnews.am/uploads/uploads/2021/12/%D5%8D%D6%80%D5%A2_%D5%86%D5%B7%D5%A1%D5%B6_%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB.jpg)
Յոթ Վերք եկեղեցու ներքին հարդարանքը բավական յուրօրինակ է։ Ի տարբերություն հայկական եկեղեցիների, որոնց խորանները զուրկ են որևէ զարդարանքից, Յոթ Վերքը միակ հայկական եկեղեցին է, որի խորանն ունի պատկերակալ։ Հավանաբար այն կառուցվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։
![Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին] 800px Holy Mother of God Altar - Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին]](https://www.vnews.am/uploads/uploads/2021/12/800px-Holy_Mother_of_God_Altar.jpg)
Յոթ Վերքը գործել է անգամ Սովետական Միության տարիներին:
Ինչպես գիտենք, այդ տարիներին Հայաստանում փակվել էին գրեթե բոլոր եկեղեցիները. գործում էր Մայր Տաճարը, նաև՝ Յոթ Վերքը։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկ, որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառ եկեղեցին։
![Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին] i - Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին]](https://www.vnews.am/uploads/uploads/2021/12/i.jpg)
Եկեղեցին 1988 թվականի երկրաշարժից հետո
1988 թվականի ավերիչ երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել և ընկել են վար։ Այդ գմբեթները հիմա դրված են եկեղեցու բակում:
![Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին] surp astvatsatsin or 960x720 - Ինչո՞ւ «Յոթ Վերք». [եկեղեցու և անվան ծագման մասին]](https://www.vnews.am/uploads/uploads/2021/12/surp-astvatsatsin-or-960x720.jpg)
Հայաստանի անկախացումից հետո եկեղեցին բարեկարգվել է։ Նախկինում եկեղեցու դիմաց բնակելի շենք կար, որը փլվել էր երկրաշարժի պատճառով. կիսավեր շենքն ամբողջությամբ վերացվել է, դրա արդյունքում եկեղեցին տեսանելի է դարձել հրապարակից, այդպիսով Գյումրու երկու եկեղեցիները՝ Յոթ Վերքն ու Սուրբ Ամենափրկիչը նայում եմ միմյանց։

