Logo

Ինչու չեն սիրում հայ ֆուտբոլիստների որդիներին և որքանով էր իրավացի Գունկոն. հարցազրույց Արամ Հակոբյանի հետ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
16:40 / 05.09.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի 2005թ. լավագույն ֆուտբոլիստ Արամ Հակոբյանը վաղուց մարզիչ է դարձել, իսկ արդեն տևական ժամանակ է՝ «Ուրարտուի» ակադեմիայի փոխտնօրենն է: FastNews-ի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է փորձում է մեկ ընդհանուր տրամաբանություն գտնել տասնյակ թիմերի խաղում, ինչ ձգտում ունի և որքանով էր ճիշտ Դմիտրի Գունկոն իր սկանդալային հարցազրույցում:

- Ինչպե՞ս է անցնում Ձեր աշխատանքային առօրյան։

- Իմ աշխատանքային պարտականությունների մեջ են մտնում ակադեմիան կառավարելը, առավոտից մինչև ուշ երեկո անցկացնում եմ «Ուրարտուի» ակադեմիայում։ Նաև ակադեմիայի զարգացման ղեկավարի օգնականն եմ։ Իմ խնդիրն է ծրագիրը ներկայացնել մարզիչներին, հետևել և պահպանել դրանք։ Օգտակար աշխատանք է, շատ հաճույքով եմ կատարում։ Ես իմ գիտելիքները, որոնք ձեռք եմ բերել PRO կարգի արտոնագիր ստանալիս, փորձում եմ փոխանցել մյուսներին, երեխաներին էլ դարձնել լավ ֆուտբոլիստ ու լավ մարդ։

- Ի՞նչ ծրագրով եք առաջնորդվում ձեր ակադեմիայում:

- «Ուրարտուն» ունի ակադեմիայի զարգացման իր ներքին ծրագիրը, որը ստեղծել է Արսեն Պետրոսյանը։ Շատ կետեր միասին ենք քննարկել ու սկսել կիրառել։

- Այդ թիմերը պարտադիր պետք է նույն ոճո՞վ խաղան։

- Այո՛, մենք 19 անվճար ու 35 վճարովի թիմեր ունենք։ Այդ թիմերին բաժանել ենք 4 տարիքային խմբերի, և նրանք բոլորն ունեն իրենց հստակ ծրագիրը։ Մարզիչների հետ էլ սեմինարների միջոցով ներկայացնում ենք, թե ինչպես պետք է այդ ծրագիրը կիրառվի։

- Արսեն Պետրոսյանը ե՞րբ է գրել այդ ծրագիրը։

- Եթե չեմ սխալվում, 3-4 տարի առաջ։ Այդ ժամանակներից «Ուրարտուն» տվյալ ծրագրով է աշխատում։ Իհարկե, ինչպես գիտությունն է զարգանում, այնպես էլ ծրագրում որոշ փոփոխություններ են լինում, բայց հիմնական սկզբունքները մնում են նույնը։

- Մինչև վերջերս «Ուրարտուի» ակադեմիայի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Արաս Օզբիլիսը։ Նա նշում էր, որ լուրջ փոփոխություններ է կատարել ակադեմիայում։ Ինչպե՞ս դա ազդեց ձեր զարգացման ծրագրի վրա։

- Երբ Օզբիլիսը դարձավ տնօրեն, այդ ծրագրի ընթացիկ զարգացման շատ հարցեր արդեն նրա հետ էինք քննարկում։ Արասն էլ իր մտքերը ներառեց «Ուրարտուի» զարգացման ծրագրերում։ Որոշ կետեր փոխվեցին, բայց հիմնական սկզբունքները մնացին նույնը։

- Օզբիլիսը մոտավորապես 1,5 տարի գլխավորեց «Ուրարտուի» ակադեմիան։ Կարո՞ղ եք նշել կետեր, որոնք փոխվեցին նրա աշխատանքի ժամանակ։

- Առաջին հերթին ասեմ, որ Օզբիլիսը լեգենդ է, խաղացել է պրոֆեսիոնալ, լավ թիմերում։ Շատ նորամուծություններ բերեց ակադեմիա։ Դրանք ավելի մոտ էին եվրոպական ֆուտբոլին, միտված էին անհատների զարգացմանը։ Մեր ծրագրում էլ դա կա, բայց նա կիրառեց այն փորձը, որն առկա է, օրինակ, «Այաքսում»։ Արասի շատ ընկերներ հիմա ակումբների նախագահներ ու ակադեմիաների տնօրեններ են եվրոպական երկրներում։ Շատ հաճելի էր Արասի հետ աշխատել, հիանալի մարդ է, հոգատար է մարզիչների ու երեխաների նկատմամբ։ Նրանից շատ բան սովորեցինք։

- Ձեզ համար անակնկա՞լ էր, որ այդ փոփոխությունների ժամանակ նա դարձավ գլխավոր թիմի մարզչի օգնական։

- Այն 1,5 տարում, որ միասին աշխատել ենք, խոսել ենք տարբեր թեմաների մասին։ Նա պրոֆեսիոնալ թիմում աշխատելու մտադրություն ուներ։ Գիտեմ, որ գլխավոր թիմի մարզիչ դառնալը հապճեպ որոշում էր։

- Ի՞նչ կփոխեիք «Ուրարտուի» և ընդհանրապես Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլում։

- Ես ռեսուրսներն եմ շատ կարևորում։ Մեր ակադեմիայում եղածը բավարարում է, բայց կատարյալի համար շատ ռեսուրսներ են պահանջվում։ Գիտեմ, որ աշխարհի լավագույն ակադեմիաները՝ «Այաքսը», «Ռեալը», «Բարսելոնան», այն համակարգով են աշխատում, որտեղ յուրաքանչյուր աշխատակից ունի իր հստակ պարտականությունները։ Ես շատ կցանկանայի, որ Հայաստանում յուրաքանչյուր ակադեմիա, յուրաքանչյուր տարիքային թիմ առնվազն 2 մարզիչ ունենար, իսկ կատարյալ պայմաններ կլինեին, եթե յուրաքանչյուր տարիքային թիմում լիներ սեփական ֆիզպատրաստության մարզիչը, սեփական բժշկական անձնակազմը, վերլուծաբանը, ադմինիստրատորը...

- Հաճախ է հնչում կարծիք, որ հայկական ֆուտբոլում գլխավոր խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլն է։ Համաձա՞յն եք։

- Մանկապատանեկան ֆուտբոլը հիմքն է։ Չեն կարող պատանեկան հավաքականները լինել թույլ, իսկ ազգայինը՝ ուժեղ։ Այդպես չի լինում։ Բայց մեր մակարդակի ցածր լինելու կարծիքին համաձայն չեմ։ Մենք չենք զիջում շատ երկրների, նույնիսկ առավել ենք։ Ֆինանսների խնդիրներ կան, որոնք լուծելու դեպքում մանկապատանեկան ֆուտբոլից պրոֆեսիոնալների թիմ անցմանը ֆուտբոլիստներն ավելի պատրաստ կլինեն։

- Նաև կարծիք կա, որ հայ պատանիներն ապրիորի չեն կարող մրցել շատ այլազգիների հետ ֆիզիկական տարբերությունների պատճառով, օրինակ՝ աֆրիկացիների։ Համաձա՞յն եք։

- Միանշանակ՝ ո՛չ։ Օրինակ՝ բարձրահասակ լինելը չի նշանակում գլխով լավ խաղալ, նույնը նաև դիմացկունության դեպքում։ Եթե հայերի հետ աշխատանքը ճիշտ կատարվի, չեմ կարծում, թե որևէ երկրի նույն տարիքային թիմին մենք կզիջենք ֆիզիկապես։ Բայց հարկավոր է 12 տարեկանից արդեն այդ ուղղությամբ աշխատանք կատարել։

- «Ուրարտուի» ակադեմիայում այդ աշխատանքը կատարվո՞ւմ է, թե՞ ռեսուրսի պակասը որոշիչ է։

- Մենք բարձր մակարդակի ֆիզպատրաստության մարզիչ չունենք։ Մենք ունենք այդ գծով մասնագետներ, որոնց փորձում ենք կրթել, քանի որ մենք էլ PRO կարգի դասընթացների ժամանակ ստացել ենք այդ գիտելիքները։ Ունենք նաև արտասահմանցի գործընկերներ, որոնց հետ փորձի փոխանակում ենք իրականացնում։ Բայց եթե ունենանք բարձր մակարդակի ֆիզպատրաստության մարզիչներ, որոնք երեխաների հետ կաշխատեն 12 տարեկանից, հաստատ արդյունքն այլ կլինի։

- Դուք չե՞ք կարոտել մարզչի աշխատանքը։

- Անկեղծ ասած՝ շատ եմ կարոտել։ Սպասում եմ լավ առաջարկի, քանի որ ինձ տեսնում եմ՝ որպես պրոֆեսիոնալ թիմի մարզիչ։ Իհարկե, մանկապատանեկան ֆուտբոլում շատ ջանք ենք ներդնում, փորձում ենք օգնել, սակայն այդքան կրթություն եմ ստացել և ուզում եմ ինձ պրոֆեսիոնալների հետ փորձել։

- Դուք աշխատել եք թե՛ որպես գլխավոր մարզիչ և թե՛ օգնական։ Արդյոք կընդունե՞ք կրկին օգնական լինելու առաջարկ։

- Պայմանավորված է առաջարկով և այն հանգամանքով, թե որքանով է այդ թիմի խաղը հոգեհարազատ ինձ։

- Հայաստանում հաճախ մարզչի օգնականը դրական գնահատական չէր ստանում, և դա այն դեպքում, որ գլխավոր մարզչից շատ է աշխատում։ Նման պարագայում ի՞նչն է օգնականի աշխատանքի գրավչությունը։

- Աշխատանքի ծավալով՝ այո՛, օգնականներն ավելի շատ են աշխատում։ Բայց կարևորը վերջին որոշումն է, որը կայացնում է գլխավոր մարզիչը։ Պատասխանատվությունը նրանն է։ Եթե ասում եք, որ օգնականը չի գնահատվում, ապա օրինակ բերեմ իմ կարիերայից։ Երբ աշխատում էի «Նոայում»՝ որպես Իգոր Պիկուշչակի օգնական, այն աստիճան գնահատված էի, որ ինձ օգնական չէի զգում։ Ամեն ինչ կախված է գլխավոր մարզչից, թե ինչպես է նա ներկայացնում օգնականին։

- Ես միշտ տպավորված եմ եղել այն ֆուտբոլով, որը ցուցադրում էր Պիկուշչակի «Նոան»։ Եթե նա ներկայիս ռեսուրսներն ու կազմն ունենար, ի՞նչ ֆուտբոլ կխաղար «Նոան»։

- Պիկուշչակը շատ բարձր մակարդակի մարզիչ է։ Նա այլ տեսակի ֆուտբոլ էր դավանում, որն անհամեմատելի է ներկայիս «Նոայի» հետ։ Նա ավելի հարձակողական, ավելի արագ ու ագրեսիվ ֆուտբոլ էր դավանում։ Եթե Պիկուշչակը լիներ հիմա գլխավոր մարզիչը, արդյունքները միանշանակ ավելի վատը չէին լինի, և շատ հավանական է, որ ավելի լավը լինեին։

- Վերադառնանք «Ուրարտուին». արդյոք ակումբի մանկապատանեկան թիմերը փորձո՞ւմ են խաղալ գլխավոր թիմի ոճով։

- Մեր թիմերը խնդիր ունեն խաղալու ոչ թե գլխավոր թիմի, այլ «Ուրարտուի» ակադեմիայի ոճով։ Դա այն խաղաոճն է, որի շնորհիվ ֆուտբոլիստները հեշտությամբ տիրապետում են ցանկացած տակտիկական սխեմայի։ Մենք շատ չենք կենտրոնանում սխեմաների վրա, այլ թույլ ենք տալիս ֆուտբոլիստներին ավելի ազատ գործել։

- Հիմա ֆուտբոլում անընդհատ փոխվում են տակտիկական միտումները։ Նույն եզրային պաշտպանների տեղափոխությունը կիսապաշտպանության կենտրոն արդեն նորմալ երևույթ է։ Լուիս Էնրիկեի ՊՍԺ-ում «տոտալ ֆուտբոլի» սկզբունքներով եզրային պաշտպանները հաճախ դառնում են եզրային հարձակվողներ։ Հավանական է, որ դա էլ շուտով դառնա մոդայիկ։ Եթե «Ուրարտուի» մանկապատանեկան թիմի մարզիչը նման կերպ որոշի խաղալ, Դուք կթույլատրե՞ք նրան։

- Իմպրովիզի հնարավորություն բոլորին ենք տալիս։ Իհարկե, եթե փորձեր նման «տոտալ ֆուտբոլ», ապա կշեղվեր մեր ակադեմիայի թիմերի խաղաոճից։ Սակայն կարևոր է հասկանալ, թե ինչպես է իմպրովիզի հնարավորությունը տրվում։ Մանկապատանեկան բոլոր թիմերի խաղերից 1 օր առաջ մարզիչները խաղի ծրագիրն ուղարկում են ինձ ու Արսեն Պետրոսյանին։ Եթե տեսնենք, որ ծրագրում շեղում կա մեր ակադեմիայի խաղային մոտեցումներից, կհրավիրենք մարզչին և կհարցնենք՝ ինչո՛ւ է նման քայլի գնացել։ Եթե նա այնպիսի հիմնավորում ներկայացնի, որ ընդունելի լինի, կհամաձայնենք։ Իսկ եթե նշած պատճառաբանությունը հիմնավոր չհամարենք, նրան կզգուշացնենք, որ շեղվել է ակադեմիայի թիմերի ընդհանուր խաղային մոդելից։ Մեր աշխատանքում քննարկումը շատ կարևոր է։

- Համաձա՞յն եք, որ Ռոբերտ Արզումանյանը տարբերվող խաղաոճով մարզիչ է։

- Այո՛, միշտ էլ տարբերվել է։

- Եթե ձեր ակադեմիայի մարզիչներից մեկը փորձի խաղալ այնպես, ինչպես Արզումանյանի «Ուրարտուն», Դուք կթույլատրե՞ք։

- Տեսականորեն կարող է փորձել այդպես խաղալ, բայց կարևոր են այն դետալները, որոնք Արզումանյանը կիրառում է իր ֆուտբոլում։ Արդյոք ակադեմիայի մարզիչը, կողքից նայելով, կարո՞ղ է հստակ իմանալ, թե ինչ է իր թիմից ուզում Ռոբերտը։ Պետք է այդ ամենին լիարժեք տիրապետել, որ կարողանաս կիրառել քո թիմում, այլապես կսխալվես։

- Fastex Պրեմիեր լիգայի թիմերից որի՞ խաղն է Ձեզ ավելի դուր գալիս և մոտ է այն ֆուտբոլին, որը Դուք եք նախընտրում։

- Վահե Գևորգյանի գլխավորած «Վանի», որը հիմա դարձել է «Ալաշկերտ»։

- Ինչո՞ւ։

- Որովհետև ես նախընտրում եմ հարձակողական արագ ֆուտբոլ։

- Ձեր մարզչական կարիերայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը եղել է Էրիկ Պետրոսյանը՝ 32 խաղում 31 գոլ։ Ինչո՞ւ նա այժմ «Ուրարտուի» հիմնական հարձակվողը չէ։

- Կոնկրետ Էրիկի խաղում պակասում են ագրեսիան, բարձր մակարդակում խաղալու ցանկությունը և աշխատասիրությունը։ Այդ 3 կետերն էին, որ պակասում էին, բայց չի նշանակում, որ զրոյական մակարդակում էին։ Ես նրան էլ եմ ասել՝ եթե այդ 3 կետերը լինեին, հիմա նա շատ բարձր մակարդակում կխաղար։ Բայց դեռ ժամանակ ունի։ Ինձ համար պրոֆեսիոնալ ֆուտբոլում տարիքը ոչ մի բան է։ Թե ինչու Էրիկը չհաստատվեց «Ուրարտուի» գլխավոր թիմում, պետք է հարցնել գլխավոր մարզիչներին։ Այնպես չէ, որ նրան շանսեր չի տրվել, և այնպես չէ, որ նա չի արդարացրել։ Ինձ թվում է՝ պետք էր ավելի շատ շանս տալ, հարկավոր էր ավելի համբերել։ Վստահ եմ՝ Էրիկը կարող էր լավ արդյունքներով հարձակվող դառնալ։

- Ձեր խաղալու ժամանակ մարզիչներն ավելի համբերատա՞ր էին հարձակվողների հարցում։

- Այո՛։

- Միգուցե  այն պատճառով, որ թե՛ Դուք  և թե՛ Ձեր եղբայր Արա Հակոբյանն շատ գոլեր էիք խփում։

- Հնարավոր է։ Բայց նաև այն ժամանակ ֆուտբոլիստների ընտրությունը շատ չէր։ Հիմա ֆուտբոլով զբաղվողները 10-20 անգամ շատ են։

- Շանսեր տալու և համբերատարության  թեմայի շրջանակում ցանկանում էի հարցնել Դմիտրի Գունկոյի վերջին հարցազրույցի մասին, որը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում։ «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչն ասել էր, որ բոլոր հայ ֆուտբոլիստները, որոնց հետ աշխատել է, իրենց անհաջողություններում միշտ մեղադրում էին ուրիշներին։ Համաձա՞յն եք այդ  խոսքերի հետ։

- Իհարկե, կարդացել եմ հարցազրույցը, որից հետո անմիջապես սկսեցի վերլուծել այդ խոսքերը, հիշել ֆուտբոլիստների հետ շփումները։ Իրականում ճշմարտություն կա նրա խոսքերի մեջ, բայց կարելի էր այլ կերպ ձևակերպել։ Եթե ես ֆուտբոլիստ լինեի և նման բան կարդայի, ինձ վիրավորված կզգայի։

- Ես շատ լավ հիշում եմ, թե Դուք ինչպես էիք խաղում։ Առաջին անգամ Ձեր խաղը տեսել եմ, երբ դեռ Արտաշատի «Դվինում» էիք՝ 1999 թվականին։ Կարծում եմ՝ Ձեր կարիերայի ընթացքում շատ ավելի լավ արտասահմանյան թիմերում կարող էիք խաղալ։

- Դա ինձ համար ամենացավալի հարցն է։ Ի հարգանքս բոլոր այն մարզիչների, որոնց օրոք կրթվել ու խաղացել եմ, ներկայիս մակարդակից շատ ցածր մարզումային գործընթաց են ունեցել։ Ես չեմ մեղադրում, որովհետև մարզչական կրթությունն այն ժամանակ չկար, հնարավորությունները բացակայում էին։ Հիմա հայ մարզիչների կրթությունը լավ մակարդակի է, հատկապես PRO արտոնագիր ունեցողներինը, քանի որ իսպանացիներն են դասավանդում։ Թե ով ինչպես է կիրառում և ընկալում, այլ հարց է։ Վստահ եմ՝ եթե մենք խաղայինք հիմա, իմ արդեն անցյալի կարիերայի անցած ճանապարհը կկազմեր 5-10 տոկոսը։ Հաստատ ավելի բարձր մակարդակում կխաղայինք։

Մեկ հանգամանք էլ: Մեր խաղալու ժամանակ ֆուտբոլային գործակալներ չկային։ Դու ինչ էլ անեիր Հայաստանում, աննկատ կմնար։ Եղբայրս՝ Արան, 45 գոլ խփեց առաջնությունում։ Եթե հիմա դա աներ, որոշ ժամանակ անց կհայտնվեր Անգլիայի կամ Իսպանիայի թոփ-5 ակումբներից մեկում։ Վստահ եմ։ Բայց մեզ արտասահմանյան ակումբներում ներկայացնելու պակաս ունեինք։

- Հիմա, եթե Գունկոն կարդա Ձեր խոսքերը, կասի. «Տեսա՞ք, ուրիշին մեղադրեց»...

- Ես չեմ մեղադրում։ Ես ասում եմ՝ ժամանակներն են տարբեր։ Իմ մարզիչներին էլ չեմ մեղադրում։ Ընդհակառակը՝ նրանց շնորհիվ էր, որ գոնե այդքան խաղացել ենք։ Եթե նրանք ներկայիս մարզիչների կրթվածության մակարդակում լինեին, մենք հաստատ մի քանի քայլ բարձր մակարդակում կխաղայինք։ Միանշանակ, ես էլ եմ մեղավոր։ Եթե ես ունենայի Հենրիխ Մխիթարյանի մոտեցումը, վստահ եմ՝ շատ բարձր մակարդակում կարող էի խաղալ։ Բայց ամեն մարդու Հենրիխի բնավորությունն ու մոտեցումը տրված չեն։ Ֆուտբոլիստին պետք է օգնել, եթե նա մի փոքր շեղվում է ճիշտ ճանապարհից։ Այդտեղ մարզչի դերը մեծ է։

- Ձեր որդին՝ Սամվելը, այժմ խաղում է Առաջին խմբի «Արաքս» ակումբում, մինչև այդ էլ՝ «Անդրանիկում» ու «Սյունիքում»։ Եվ դա այն դեպքում, որ երկար ժամանակ Fastex Պրեմիեր լիգայում էր՝ «Նոա», ԲԿՄԱ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ նա հիմա Առաջին խմբում է։

- Եթե ժամանակը հետ բերեինք, ես ավելի մեծ ուշադրություն կդարձնեի նրա կարիերային։ Սամվելը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, որն ունի կենտրոնական հարձակվողի այնպիսի ունակություն, որը Հայաստանում ոչ ոք չունի բոլոր հարձակվողների հաշվարկում, այդ թվում՝ լեգեոնականների: Խոսքը տուգանային հրապարակում առավելագույն արագ կողմնորոշվելու մասին է։ Գումարած՝ նա գոլային պահերի իրացման 70-80 տոկոս ունի։

- Այդ դեպքում ի՞նչն է խանգարում նրան։

- Վնասվածքները, անընդհատ կրկնվող լուրջ վնասվածքները։ Միգուցե, նաև մարզիչների ոչ ճիշտ մոտեցումները։ Ինչպես Էրիկ Պետրոսյանի մասին էինք խոսում, Սամվելի դեպքում էլ լուրջ մոտեցման դեպքում նա հիմա կարող էր հայկական ուժեղ թիմերում խաղալ։ Բայց նաև որոշակի կարծրատիպ էլ եմ նկատել հայկական ֆուտբոլում։

- Ի՞նչ կարծրատիպ։

- Նախկին ֆուտբոլիստների որդիներին վատ են վերաբերվում։ Չեմ հասկանում դա։ Երեխան մեղավո՞ր է, որ նրա հայրը դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ու գլխավոր ռմբարկու։ Ընդհակառակը՝ այդ երեխան տաղանդավոր կլինի, չէ՞ որ գեները փոխանցվում են։ Միգուցե կողմնապահության մասին խոսակցությունների՞ց են վախենում։ Բայց ինչո՞ւ պետք է երեխան տուժի այդ կարծրատիպերից։

- Ե՞րբ Սամվելին սպասենք Հայաստանի Պրեմիեր լիգայում։

- Ես նրան ասել եմ, որ պետք է ամեն ինչ սկսել զրոյից։ Առաջին խմբում լավ է, որ խաղալու հնարավորություն ունի, պետք է փորձի դրսևորվել։ Այսօր բոլոր թիմերն էլ լավ հարձակվողի կարիք ունեն՝ սկսած Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տեղի թիմից, վերջացրած Առաջին խմբի վերջին թիմով։ Ամեն ինչ կախված է Սամվելից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ