Գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Արարատի» դարպասը Վարդան Բակալյանի խփած առաջին գոլը ոչ միայն նպաստեց կիսաեզրափակչի ուղեգրի նվաճմանը, այլև դարձավ պատվավոր մրցանակի խաղարկություններում «Շիրակի» հոբելյանական՝ 200-րդ գնդակը: Այդ գոլերը շիրակցիները խփել են գավաթի մրցաշարերում անցկացրած 117 հանդիպումներում: Գյումրեցիների միջին արդյունավետությունը կազմում է 1,71 գոլ մեկ խաղում:
«Շիրակը» դարձավ գավաթի մրցաշարերում 200 գոլի սահմանագիծը հատած երրորդ ակումբը «Փյունիկից» (265 գոլ 126 խաղում, միջինը՝ 2,10 գոլ) և «Բանանցից» (211 գոլ 96 խաղում, միջինը՝ 2,19 գոլ) հետո:
Գավաթի մրցաշարերում «Շիրակը» գոլերի հաշիվը բացել է պատվավոր մրցանակի խաղարկություններում անցկացրած իր առաջին խաղում՝ 1992թ. ապրիլի 6-ին «Ուրմիայի» հետ կայացած 1/16 եզրափակչի խաղում, որում գյումրեցիները հաղթել էին 3-1 հաշվով: Թիմի անդրանիկ գոլի հեղինակն Արթուր Պետրոսյանն էր:
Գավաթի մրցաշարերում «Շիրակի» հոբելյանական՝ 100-րդ գոլի հեղինակ է դարձել Սամվել Նիկոլյանը՝ 1998թ. ապրիլի 25-ին «Ցեմենտի» հետ Գյումրիում կայացած քառորդ եզրափակչի պատասխան խաղում (1-1) գրավելով Աշոտ Դադամյանի պաշտպանած դարպասը: Հենց Սամվել Նիկոլյանն էլ 18 գնդակով «Շիրակի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն է գավաթի մրցաշարերում:
Իսկ գավաթի մեկ խաղարկությունում առավել արդյունավետ է գործել «Շիրակի» մեկ այլ հարձակվող Արա Ադամյանը, ով 1996թ. անցկացրած 6 հանդիպումներում 7 գոլի հեղինակ է դարձել:
Գավաթի մեկ խաղարկությունում շիրակցիներն առավել շատ գոլեր են խփել 1992թ. անցկացրած 6 հանդիպումներում՝ 23 անգամ գրավելով մրցակիցների դարպասը: Իսկ ամենաբարձր արդյունավետությամբ շիրակցիներն աչքի են ընկել 1997թ.՝ 4 հանդիպումներում խփելով 22 գնդակ կամ 5,5 գոլ մեկ խաղում:
Հենց 1997թ. էլ «Շիրակը» տոնել է գավաթի մրցաշարերում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը՝ 1/8 եզրափակչում 12-1 հաշվով պարտության մատնելով «Դինամոյին»:
VivaroNews.am-ը ներկայացնում է Հայաստանի գավաթի մրցաշարերում «Շիրակում» առավել արդյունավետ գործած ֆուտբոլիստների ցուցանիշները:
| Ֆուտբոլիստներ | Գոլ |
| 1.Սամվել Նիկոլյան | 18 |
| 2.Արթուր Պետրոսյան | 15 |
| 3.Արա Ադամյան | 13 |
| 4.Արտյոմ Բեռնեցյան | 12 |
| 5.Հարություն Վարդանյան | 10 |
| 6.Վարդան Բիչախչյան | 10 |
| 7.Անդրանիկ Բարիկյան | 9 |
| 8.Արարատ Հարությունյան | 8 |
| 9.Գրիգոր Գրիգորյան | 8 |
| 10.Հովհաննես Թահմազյան | 8 |
| 11.Տիգրան Դավթյան | 8 |
Աշոտ Հայրապետյան

