Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է սլովակ պաշտպան Միլան Շկրինիարի շուրջ ստեղծված իրավիճակը:
27-ամյա ֆուտբոլիստը չէր հայտավորվել Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչում կայացած «Ատալանտայի» դեմ խաղին (1-0), որից հետո պարզ էր դարձել, որ ֆուտբոլիստը հունվարին չի հեռանա թիմից, իսկ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում կմիանա ֆրանսիական ՊՍԺ-ին:
«Որոշել եմ ժամանակավորապես Շկրինիարին հեռացնել կազմից, բայց մենք նրա հետ որևէ խնդիր չունենք: Նա մինչև հունիսի 30-ը «Ինտերի» ֆուտբոլիստ է և ամբողջ ուժերը կներդնի մարզվելիս, քանի որ իսկական պրոֆեսիոնալ է:
Չգիտեմ, թե արդյոք նա կմասնակցի հաջորդ խաղին: Այդ որոշումը կկայացվի խաղից առաջ՝ կախված իրավիճակից»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Sportmediaset-ը:
Միլան Շկրինիարն «Ինտերում» ելույթ է ունենում 2017 թվականից: Նա իտալական ակումբի կազմում մասնակցել է 242 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:


