«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը պարզաբանել է, թե ինչու ներկա չի եղել Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) հատուկ միջոցառմանը, որտեղ հայտի են դարձել Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույնները։
Շվեդ ֆուտբոլիստն ընդգրկվել է նախորդ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։
«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում թիմակիցներիս և «Նյուքասլի» այն ներկայացուցիչներին, որոնք աջակցել են ինձ ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Հպարտ եմ, որ ընդգրկվել եմ լավագույն 11 ֆուտբոլիստների շարքում։ Այս պահին շատ բարդ իրավիճակում եմ, ու դա է պատճառը, որ ներկա չեմ եղել մրցանակաբաշխությանը։ Ես երկար լռեցի ու լսում էի, թե ինչ են խոսում նրանք։ Այո՛, նրանք շատ հայտարարություններ կարող են անել, բայց լավ գիտակցում են, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։
Փակ դռների հետևում մենք այլ բան ենք խոսել ու պայմանավորվել։ Իրականությունն այն է, որ ակումբը շատ վաղուց գիտեր իմ դիրքորոշումը։ Նրանք ուղղակի ձևացնում են, թե այս խնդիրները նոր են առաջացել՝ փորձելով մոլորեցնել մարդկանց։
Երբ խոստումները չեն կատարվում, վերանում է վստահությունը․ մեր համագործակցությունն այլևս չի կարող շարունակվել։ Ստեղծված իրավիճակում երկուսիս համար էլ լավագույն տարբերակն իմ հեռանալն է»,- գրել է Իսակը։
«Նյուքասլը» պատասխանել է Իսակին՝ փորձելով հանդարտեցնել կրքերը․
«Մենք հիասթափված ենք Իսակի հայտարարությունից։ Նրա պայմանագրի ժամկետը դեռ ուժի մեջ է, իսկ ակումբի ներկայացուցիչներից և ոչ մեկը Իսակին երաշխիք չի տվել, որ նա կարող է հեռանալ այս ամռանը։
Մենք ցանկանում ենք պահպանել մեր լավագույն ֆուտբոլիստներին, բայց նաև գիտակցում ենք, որ խաղացողներն ունեն իրենց ցանկությունները։ «Նյուքասլը» լսում է նրանց կարծիքը, բայց որոշում է կայացնում՝ առաջնորդվելով ակումբի ու երկրպագուների շահերով։ Մենք ձգտում ենք ակումբում պահպանել ընկերական մթնոլորտը․ Ալեքսը մեր ընտանիքի մի մասն է։ «Նյուքասլն» ուրախ կլինի, եթե նա պատրաստ լինի վերադառնալ մարզումներին»,- գրված է ակումբի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Իսակը ցանկանում է կարիերան շարունակել «Լիվերպուլում»։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


