Հայ միանգամից 6 ֆուտբոլիստներ նոր մրցաշրջանում կարող են բարելավել իրենց դիրքերը «300-ի ակումբում»: Այդտեղ ընդգրկված են խաղացողներ, ովքեր իրենց կարիերայում մասնակցել են առնվազն 300 պաշտոնական խաղի: Հաշվի են առնված Հայաստանի Պրեմիեր լիգայի, Հայաստանի գավաթի և սուպերգավաթի, հայկական ակումբների կազմերում եվրագավաթային, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականներում անցկացրած մրցավեճերը: Ներառված են նաև հայկական ակումբներում ԱՊՀ անդամ և Բալթյան երկրների գավաթի մրցաշարում (այն այլևս գոյություն չունի) անցկացրած խաղերը:
«300-ի ակումբի» բացահայտ առաջատարը պաշտպան Սարգիս Հովսեփյանն է, որը 605 հանդիպում է անցկացրել, 132-ը՝ ազգային հավաքականում: Նրան նախորդում են պաշտպան Հովհաննես Թահմազյանը (582), որը 461 հանդիպման է մասնակցել Հայաստանի Պրեմիեր լիգայում, և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը (546): Վերջինս «Փյունիկի» ներկայիս կիսապաշտպան է ու 393 մրցավեճ է անցկացրել ներքին առաջնությունում: Նա նոր մրցաշրջանում կարող է բարելավել իր ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, 15 ֆուտբոլիստներ են իրենց կարիերայում նման ձևաչափով մասնակցել 400 և ավելի հանդիպման:
Եվ այսպես, 400 հանդիպման սահմանագիծը դեռևս չհատած հետևյալ 6 գործող խաղացողները նոր մրցաշրջանում հնարավորություն կունենան առաջընթաց ունենալ «300-ի ակումբում»՝ պաշտպան Գագիկ Դաղբաշյան (396 խաղ), կիսապաշտպաններ Կարեն Մուրադյան (375), Արտակ Դաշյան, Էդգար Մալաքյան (2-ն էլ՝ 362), Դավիթ Մանոյան (344), և պաշտպան Հայկ Իշխանյան (335): Հարկ է նշել, որ նրանցից Մուրադյանը, Դաշյանը և Մալաքյանն են ամբողջությամբ մասնակցել 2023/24թթ․ մրցաշրջանին: Դաղբաշյանը, Մանոյանն ու Իշխանյանը հանդես են եկել մրցաշրջանի միայն առաջին հատվածում: Նրանք, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն նոր մրցաշրջանին, թեև նոր ակումբների մասով դեռևս հստակություն չկա:

Այս 6 ֆուտբոլիստներից Իշխանյանը միակն է, որ ամբողջ կարիերան Հայաստանում է անցկացրել: 35-ամյա ֆուտբոլիստը խաղացել է հայկական 9 տարբեր ակումբներում: Նա Պրեմիեր լիգայում 279 հանդիպման է մասնակցել, իսկ ամենից շատ մրցավեճ անցկացրել է «Գանձասար-Կապանում» (95), որի կազմում 2 տարբեր ժամանակահատվածներում է խաղացել: Նա 2018-ին կապանյան թիմի հետ նվաճել է Հայաստանի գավաթը: Իշխանյանը տարբեր տարիների պաշտպանել է նաև «Շիրակի», «Միկայի», «Իմպուլսի», «Ալաշկերտի», «Լոռիի», «Փյունիկի» ու «Արարատի» մարզական պատիվը: Նրա առայժմ վերջին ակումբը ԲԿՄԱ-ն է, որի կազմում ավարտված մրցաշրջանում 3 խաղի է մասնակցել, վերջինը՝ 2023-ի օգոստոսին:
Իշխանյանը ևս 27 մրցավեճ է անցկացրել Հայաստանի գավաթում, 2՝ սուպերգավաթում, 10՝ եվրագավաթներում, 13՝ ազգային հավաքականում, 4՝ ԱՊՀ անդամ և Բալթյան երկրների գավաթի մրցաշարում: Այս կենտրոնական պաշտպանի դերն ազգային թիմում մեծ էր մանավանդ Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլում, երբ 6 խաղ անցկացրեց մեկնարկային կազմում: Նա աչքի էր ընկնում մանավանդ օդային մենապայքարներում իր վստահ խաղով: Պաշտպանը հետագայում հավաքական էր հրավիրվում նաև Խոակին Կապառոսի օրոք ու մասնակից եղավ 2020-ին Ազգերի լիգայի ենթախմբում 1-ին տեղը գրավելուն: Ֆուտբոլիստը 1 գոլ է խփել հավաքականում՝ 2017-ին ընկերական խաղում գրավելով Կիպրոսի դարպասը:

Վերոնշյալ 6 ֆուտբոլիստներից 3-ը տարբեր ակումբների կազմերում ամռանը կխաղան նաև եվրագավաթներում: «Փյունիկում» Հայաստանի չեմպիոն հռչակված Դաշյանը դա կանի նոր ակումբում՝ «Նոայում», Կարեն Մուրադյանը՝ «Արարատ-Արմենիայում», իսկ Էդգար Մալաքյանը կրկին ելույթ կունենա «Փյունիկի» կազմում: Եթե դիտարկենք ցանկն ու հաշվի առնենք բոլոր նախկին և գործող ֆուտբոլիստներին, ապա այս 6 ֆուտբոլիստները «300-ի ակումբում» հիմա հետևյալ դիրքերում են․ Դաղբաշյան՝ 16-րդ, Մուրադյան՝ 23-րդ, Դաշյանն ու Մալաքյանը կիսում են 28-29-րդ տեղերը, Մանոյան՝ 38-րդ, Իշխանյան՝ 42-րդ:
Նոր մրցաշրջանը սարերի հետևում չէ: Շուտով պարզ կլինի՝ արդյոք այս ֆուտբոլիստները կկարողանան նոր նշաձող սահմանել իրենց կարիերայում:


