Իսրայելը խուսափել է ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ասոցիացիաների շարքից հեռացվելուց, հայտնում է Israel Hayom-ը:
«Դիվանագետների, ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնյաների և սպորտի այլ բարձրաստիճան անձանց կողմից մեծ ճնշումից հետո Իսրայելը խուսափեց Եվրոպական ֆուտբոլի ասոցիացիաների միությունից հեռացվելուց»,- նշում է աղբյուրը:
Իսրայելին ՈՒԵՖԱ-ից և իսրայելական ակումբներին ՈՒԵՖԱ-ի մրցաշարերից հեռացնելու վերաբերյալ գործուն քայլեր է ձեռնարկել Կատարը, իսկ դա տեղի չի ունեցել, լրատվամիջոցների հաղորդմամբ, ԱՄՆ-ի հակազդեցության արդյունքում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հանձնաժողովը հրապարակել էր զեկույց, որտեղ նշվում էր, որ Իսրայելը Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր կատարում է ցեղասպան գործողություններ։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ավելի վաղ կոչ էր արել արգելելու Իսրայելին մասնակցել միջազգային մարզական մրցաշարերին Գազայի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողությունների պատճառով։ Իր հերթին, Իսպանիայի պատգամավորների կոնգրեսի անդամ Պասի Լոպեսը հայտարարել էր, որ Իսպանիայի ազգային հավաքականը կարող է հրաժարվել աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելուց, եթե Իսրայելի հավաքականը Մունդիալի ուղեգիր նվաճի:
Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն սեպտեմբերին հայտարարել էր, որ իսրայելցի մարզիկները չեն հեռացվի մրցաշարերից՝ չնայած Գազայի հատվածում տեղի ունեցող ռազմական գործողություններին, քանի որ երկիրը չի խախտում Օլիմպիական խարտիան։


