Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 21-ին նշանակված Իսրայել - Հայաստան խաղին մասնակցելու համար չի կարողացել մեկնել Իսրայել:
ՀՖՖ կայքի հաղորդմամբ՝ պատճառը սեպտեմբերի 20-ին նախատեսված ինքնաթիռային մի շարք չվերթների չեղարկումն է:
«ՀՖՖ-ն տեղյակ է պահել ՈՒԵՖԱ-ին, որ հաջորդ չվերթը, որով կանանց Հայաստանի ազգային հավաքականը կարող էր մեկնել մրցավայր, նախատեսված է հանդիպման օրը, ինչը հնարավորություն չէր տա մեր թիմին պատշաճ կերպով պատրաստվել հանդիպմանը:
Իր հերթին, Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել էր ՈՒԵՖԱ-ին, որ, հաշվի առնելով Էստոնիայի հավաքականի հետ իրենց հաջորդ հանդիպման անցկացման ժամկետը՝ Իսրայել - Հայաստան հանդիպումը չի կարող տեղի ունենալ սեպտեմբերի 22-ին:
Նկատի ունենալով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն կայացրել է Իսրայել - Հայաստան հանդիպումը հետաձգելու որոշում:
Իսրայել - Հայաստան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին, իսկ նախապես նոյեմբերի 30-ին նշանակված Հայաստան - Իսրայել հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին»,- նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն ընդգրկված է C4 խմբում, որտեղ կմրցի նաև Էստոնիայի ու Ղազախստանի թիմերի հետ:


