Իտալական երկու ակումբներ հետաքրքրված են Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով։ «Спорт-Экспресс»-ի համաձայն՝ խոսքը «Էմպոլիի» ու «Բոլոնիայի» մասին Է։
Իտալական ակումբների սկաուտները 24-ամյա ֆուտբոլիստի խաղին հետևել են Ուելսի (4-2) և Լատվիայի (2-1) հավաքականների դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի նախորդ երկու հանդիպումներում։ Կարդիֆում Տիկնիզյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, իսկ երևանյան խաղում խփել էր առաջին գոլը Հայաստանի հավաքականի կազմում։
Իտալիայի Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Բոլոնիան» գրավել էր 9-րդ տեղը, իսկ «Էմպոլին» 14-րդն էր։
Ավարտված մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 5-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Ռուսական ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026-ի ամառ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադը»։


