Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսը» տանը նվազագույն հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին» ու նվաճեց կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը:
44-րդ րոպեին հանդիպման միակ գոլ խփեց տանտերերի բրազիլացի պաշտպան Գլեյսոն Բրեմերը:
Կիսաեզրափակիչում թուրինցիները կհանդիպեն Իտալիայի գործող գավաթակիր Միլանի «Ինտերին», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ միլանյան ակումբը քառորդ եզրափակիչում նվազագույն հաշվով հաղթել էր Բերգամոյի «Ատալանտային»:
Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն «Ֆիորենտինան» ու Ա Սերիայի հետնապահ «Կրեմոնեզեն», որը նախորդ 2 փուլերում պայքարից դուրս է թողել «Նապոլիին» ու «Ռոմային»:
Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Յուվենտուս» - «Լացիո»` 1-0
Գլեյսոն Բրեմեր, 44


