Իսպանացի նախկին մրցավար Իտուրալդե Գոնսալեսը համաձայն չէ Խուլիան Ալվարեսի 11-մետրանոցի վերաբերյալ ՈՒԵՖԱ-ի բացատրության հետ:
«Վիճելի հարցը պայմանավորված է գնդակը խաղի մեջ լինելով: Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի (IFAB) սահմանած կանոնների համաձայն՝ գնդակը համարվում է խաղի մեջ, երբ կա հարված և գնդակի ակնհայտ շարժ:
ՈՒԵՖԱ-ի բացատրությունն ինձ չի համոզում: Նրանք փորձում են բացատրել, որ ֆուտբոլիստը գնդակին հպվել է 2 անգամ, բայց այստեղ վիճելին այն է, թե արդյոք դրանից հետո գնդակը խաղի մե՞ջ է եղել: Նրանք հենվում են 14.1 կանոնի վրա:
Կանոնում նշվում է, որ գնդակը համարվում է խաղի մեջ, երբ կա հարված և գնդակի ակնհայտ շարժ, բայց նաև նշվում է, որ գնդակը խաղի մեջ է համարվում, եթե հարվածից հետո նկատվում է ակնհայտ շարժում:
Ինձ մտահոգում է այն փաստը, որ ՈՒԵՖԱ-ն որոշումը թողել է նույնը, սակայն պատրաստվում է հստակություն մտցնելու համար դիմել Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդին (IFAB):
Եթե դուք ճիշտ եք համարում մրցավարի գործողությունը, ապա ինչո՞ւ եք դիմում IFAB-ին: Դա պետք է անեն «Աթլետիկոյի» ներկայացուցիչները»,- 58-ամյա Գոնսալեսի խոսքը մեջբերում է Cadena SER-ը:
Հիշեցնենք, որ Խուլիան Ալվարեսը Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում՝ հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ, հարվածելիս երկու անգամ էր հպվել գնդակին, ինչի պատճառով մրցավար Շիմոն Մարցինյակը չէր արձանագրել գոլը: