Logo

Ջիբրալթարյան արգելապատնեշը չհաղթահարվեց «Նոայի» կողմից, «Արարատ-Արմենիան» ավարտեց ելույթները. եվրագավաթների 2 հանդիպումները՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:40 / 15.08.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Նոան» Աբովյանում ոչ միայն չկարողացավ հաղթել Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ Իմպսին»՝ բավարարվելով գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, այլև հետխաղյա 11մ հարվածաշարում պարտվեց 5-6 հաշվով: Մրցակարգի համաձայն, Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում, որտեղ կմրցի Սլովենիայի «Օլիմպիայի» հետ:

Իսկ «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի երևանյան պատասխան խաղում էլ կրկին պարտվեց չեխական «Սպարտային» (1-2) ու ավարտեց ելույթները եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում:

FastNews-ը հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. «Նոան» եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 2-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց: Հայաստանի չեմպիոնը 5-րդ անընդմեջ խաղում չկարողացավ հաղթել մրցակցին և առաջին անգամ խաղադաշտից հեռացավ առանց գոլ խփելու:

Եվրագավաթներում «Նոայի» հանդիպումներում առաջին անգամ լրացուցիչ ժամանակ նշանակվեց և առաջին անգամ դիմակայության հաղթողը որոշվեց հետխաղյա 11մ հարվածաշարում:

2. Երկրորդ անգամ մասնակցելով  Եվրոպա լիգայի մրցաշարին, «Նոան» կրկին չկարողացավ հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Առաջին ելույթը կայացել է 2020/21թթ. խաղարկությունում, որում հայկական թիմը հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել է ղազախական «Կայրաթին»: Դա եվրագավաթներում «Նոայի» նորամուտի խաղն էր: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով այդ մրցաշրջանում մրցակիցների դիմակայությունը մեկ խաղից էր:

3. «Արարատ-Արմենիան» եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ իր պատմության մեջ առաջին անգամ մրցակցին զիջելով դիմակայության երկու խաղերում էլ: Եվրագավաթներում անցկացրած 26 հանդիպումներում Հայաստանի գործող սուպերգավաթակիրը 10 հաղթանակ է տարել, 7 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 9 պարտություն, խփել է 38 գոլ, բաց է թողել 35 գնդակ:

4. «Արարատ-Արմենիան» 2-րդ անգամ մասնակցեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլին ու կրկին չհաղթահարեց մրցակցի արգելքը: Նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» հետ մրցավեճում  էր դուրս մնացել հետագա պայքարից՝ 0-1, 3-3:

«Արարատ-Արմենիան» 4-րդ անգամ հանդես եկավ եվրագավաթների որակավորման 3-րդ փուլում: Թիմի համար առաջին երկու ելույթները Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում հաջող էին: 2019/20թթ. «Արարատ-Արմենիան» հաղթահարել էր վրացական «Սաբուրթալոյի» արգելքը (1-2, 2-0), իսկ հաջորդ մրցաշրջանում պայքարից դուրս էր մղել սլովենական «Ցելյեին»՝ 1-0:

5. Հայաստանի գործող չեմպիոնը 2-րդ անգամ հանդես եկավ եվրագավաթների որակավորման 3-րդ փուլում: Նախորդ մրցաշրջանում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում «Նոան» հաղթահարել էր հունական ԱԵԿ-ի արգելքը՝ 3-1, 0-1: Ընդհանուր առմամբ եվրագավաթներում անցկացրած 23 խաղերում Հայաստանի չեմպիոնը 8 հաղթանակ է տարել, 5 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 10 պարտություն, խփել է 34 գոլ, բաց է թողել 40 գնդակ:

6. Եվրագավաթներում Ջիբրալթարի ներկայացուցչի հետ «Նոայի» առաջին ծանոթությունն անհաջող անցավ: «Լինկոլն Ռեդ Իմպսն» առաջին անգամ հաղթահարեց հայկական թիմի արգելքը: Իսկ մինչև այդ Ջիբրալթարի բազմակի չեմպիոնը 2019/20թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում «Արարատ-Արմենիայի» հետ անցկացրած երկու խաղերում էլ պարտվել էր՝ 0-2, 1-2:

2016/17թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում էլ «Փյունիկը» չէր կարողացել հաղթահարել «Եվրոպայի» արգելքը՝ 0-2, 2-1:

Ընդհանուր առմամբ Ջիբրալթարի ներկայացուցիչների հետ անցկացրած 6 հանդիպումներից 3-ում հաղթել են հայկական թիմերը, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, մեկում հաղթել է մրցակիցը: Հայկական թիմերը 7 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 5 գնդակ:

7. «Արարատ-Արմենիան» էլ եվրագավաթներում առաջին անգամ մրցեց չեխական թիմի հետ: «Սպարտան» Չեխիայի 7-րդ ներկայացուցիչն էր, որ եվրագավաթներում մրցավեճի բռնվեց հայկական թիմի հետ: Կայացած 13 հանդիպումներում հայկական թիմերն ընդամենը 3 հաղթանակ են տոնել, մեկ խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 9 պարտություն, խփել են 12 գոլ, բաց են թողել 29 գնդակ: Չեխական թիմի հետ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ տարի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում, որում «Նոան» 2-0 հաշվով հաղթել էր «Մլադա Բոլեսլավին»:

Չեխիայի ներկայացուցիչների հետ երկխաղյա դիմակայությունում հայկական 5 թիմերից միայն «Փյունիկին» է հաջողվել հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: 2019/20թթ. Եվրոպա  լիգայի որակավորման 2-րդ փուլում փյունիկցիներն առավելության էին հասել «Յաբլոնեցի» նկատմամբ՝ 2-1, 0-0:

8. Խուան Բալանտան եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 2-րդ գոլը խփեց ու հավասարվեց Ուլադ Օմարին, Յուսուֆ Օտուբանջոյին, Մարիուս Նուբիսիին և Ալեն Գրգիչին:

9. Օգնյեն Չանչարևիչը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 2-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Նա առաջին «չոր» խաղն անցկացրել էր Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում Չեռնոգորիայի «Բուդուչնոստի» հետ մրցավեճում:

Չանչարևիչը եվրագավաթներում 12-րդ անգամ դարպասն անառիկ պահեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ակումբներում հանդես եկած դարպասապահների մեջ:

10. Հելդեր Ֆեռեյրան և Մաթեուս Այասը եվրագավաթներում հոբելյանական՝ 20-րդ խաղն անցկացրին: Նրանք այդ ցուցանիշով «Նոայի» ռեկորդակիրներն են:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ