Հոակին Ֆենիքսի մասնակցությամբ նոր «Ջոկեր»-ի նկարահանումները կսկսվեն 2023 թվականին։ Հայտնի է դարձել նաև, որ ֆիլմում գլխավոր դեր կունենա Լեդի Գագան։ Ի դեպ, Հոակին Ֆենիքսն այս դերում տեսնում էր ամերիկացի դերասանուհի Ռունի Մարային («Վիշապի դաջվածքով աղջիկը»)։
Թոդ Ֆիլիպսն իր սոցիալական էջում հրապարակել է երկրորդ ֆիլմի սցենարի շապիկը, որը գրել է Սքոթ Սիլվերի հետ: Գրողները համագործակցել են նաև առաջին մասում։

Երկրորդ մասն ունի աշխատանքային վերնագիր՝ «Joker: Folie à Deux»: Ֆիլմի երկրպագուներն արդեն վերծանել են անվանումը և պարզել, որ Folie à Deux տերմինը վերաբերում է համախտանիշին, երբ հոգեկան հիվանդությունը փոխանցվում է մի մարդուց մյուսին և նրանց մոտ առաջանում են հիվանդության նույնանման ախտանիշներ։

Հիշեցնենք, որ առաջին մասը թողարկվել է 2019 թվականին և առաջադրվել Օսկարի 9 անվանակարգերում։ Ֆիլմը մրցանակ է ստացել երկու անվանակարգում՝ «Լավագույն դերասան» (Հոակին Ֆենիքս) և «Լավագույն սաունդթրեք»:


