Logo

Մեղվի խայթոցը հայ ջրացատկորդին զրկել է ԵԱ-ի մեդալի համար պայքարելու հնարավորությունից

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:20 / 25.08.2022• Ջրային մարզաձևեր
Բացառիկ
null

Մեղվի խայթոցը հայ ջրացատկորդին զրկել է վերջերս Հռոմում կայացած ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնության մրցանակակիր դառնալու հնարավորությունից։ Զավեշտալի, բայց, միաժամանակ, ցավալի միջադեպի մասին VNews-ին պատմել է ջրացատկի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը, որը նաև խոսել է մարզաձևի խնդիրների մասին:

Իտալիայի մայրաքաղաքում Վլադիմիր Հարությունյանը, 10 մետր բարձրության աշտարակից ցատկի որակավորման փուլում վաստակելով 332,90 միավոր, 16 մասնակիցների հաշվարկում գրավել էր 12-րդ տեղը և դուրս եկել եզրափակիչ։ Մեդալների համար պայքարում նա 288,60 միավորով հայտնվել էր 12-րդ տեղում։ Կանանց նույն մրցաձևում 15-ամյա Ալիսա Զաքարյանը 147,20 միավորով զբաղեցրել էր վերջին՝ 16-րդ տեղը։

-Հարցազրույցը սկսենք Վլադիմիրի ելույթից, որը տարակուսանք է առաջացնում։ Նա բավականին լավ ցուցանիշով մտավ եզրափակիչ, որտեղ անհավանական ցածր արդյունք գրանցեց։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։

-Հարությունյանը կատարեց առաջադրանքի առաջին մասը՝ անցավ եզրափակիչ։ Արդյունքն, իհարկե, գերազանց չէր, բայց գոհացնող ու հուսադրող էր։ Եզրափակիչում նրանից պահանջվում էր առավելագույնս լավ հանդես գալ։ Վլադիմիրը շատ լավ սկսեց մեդալների համար պայքարը։ Գերազանց կատարեց առաջին ցատկը, որի համար վաստակեց 60 միավոր։ Երկրորդը նույնպես բավականին լավ ստացվեց՝ 81 միավոր։ Երրորդ ցատկից ակնկալում էի 70-80 միավոր, սակայն տեղի ունեցավ անսպասելի իրադարձություն, որը մեր ջրացատկորդին զրկեց մեդալ նվաճելու իրական հնարավորությունից։

-Ի՞նչ կատարվեց։

-Անհավանական է, բայց ցատկի պահին նրա ոտքը խայթեց մեղուն։ Դրանք երբեմն այնքան էին շատանում լողավազանի հատվածում, որ թվում էր, թե մրցումներն ընթանում էին մեղվի փեթակների կողքին։ Վլադիմիրը, ինչպես նշեցի, փայլուն կատարեց առաջին երկու ցատկերը, որոնց արդյունքներով առաջատարից չնչին տարբերությամբ ընթանում էր 4-րդ տեղում։ Ի դեպ, երկրորդ ցատկն ամենաբարդն էր նրա ծրագրում և, ընդհանրապես, աշտարակացատկում համարվում է ամենադժվարներից մեկը։ Խոսքը՝ 4,5 պտույտով դեպի առաջ ցատկի մասին է, որի բարդության գործակիցն է 3,7։ Երրորդ փորձը՝ հետդարձ դիրքից 3,5 շրջանով հետադարձ ցատկ ոտքերը ծալած վիճակում, իր բարդությամբ գրեթե չէր զիջում նախորդին և ուներ 3,6 գործակից։ Սովորաբար Վլադիմիրը վատ չի կատարում այդ ցատկը ու, եթե հաջողեր, ապա մեդալ նվաճելու լուրջ հայտ կներկայացներ և, միանշանակ, կլիներ առնվազն լավագույն վեցյակում։ Սակայն, որոշիչ պահին հայտնվեց չարաբաստիկ միջատը։

Այդ դրվագում, հավանաբար, մեղավոր էր նաև Հարությունյանը։ Նա պետք է բարձրացներ ձեռքը, պահանջեր հեռացնել մեղուներին, որից հետո միայն կատարեր ցատկը։ Ինչևէ, մարզիկը պնդում է, որ խայթոցը տեղի է ունեցել հրման պահին, երբ ինքը չի նկատել միջատին։ Արդյունքում՝ շատ վատ ցատկեց և վաստակեց ընդամենը 7 միավոր։ Դրանից հետո նա այդպես էլ չկարողացավ ելույթը շարունակել նախկին տեմպով։

-Ոտքն այտուցվել է՞ր։

-Դա իր հերթին։ Բայց ավելի վատ էր այն, որ անհաջող ցատկից հետո Վլադիմիրը հոգեբանորեն չկարողացավ տրամադրվել հետագա պայքարին, քանզի գիտակցում էր, որ գործնականում զրկվել է մեդալից։ Նա պարզապես ավարտին հասցրեց ելույթը։ Հարությունյանը լուրջ ներուժ ունեցող մարզիկ է։ Նրա լավագույն արդյունքը եղել է 460 միավորի սահմանում։

-Կարող ենք փաստել, որ մեղո՞ւն խլեց մեդալը։

-Ամեն դեպքում՝ մրցանակային տեղ գրավելն իրական էր։ Ի դեպ, հենց սկզբից մասնակցում էինք այդ նպատակով։ Մեդալ նվաճելու այլ հնարավորություն չունեինք, քանի որ այս անգամ չէինք կարողացել մասնակիցներ հայտավորել սինքրոն ցատկերում։ Այդ մրցաձևում Վլադիմիրին ընկերակցող Վարդան Բայանդուրյանը չէր հասցրել վերականգնվել վնասվածքից և վիրահատությունից հետո։ Մինչդեռ, այդ մրցաձևում նույնպես կարող էինք մեդալի հավակնել։ Անցյալ տարվա Եվրոպայի առաջնության սինքրոն ցատկում Վլադիմիրն ու Վարդանը, վաստակելով 382 միավոր, գրավել էին 4-րդ տեղը։ Այս անգամ չեմպիոն դարձած բրիտանական զույգը 390 միավոր հավաքեց, իսկ երրորդ մրցանակակիրները վաստակեցին 369 միավոր։ Այսինքն՝ մեր հնարավորությունները միանշանակ մեծ կլինեին։

-Իսկ Ալիսա Զաքարյանն ունե՞ր ավելի բարձր տեղ գրավելու հնարավորություն։

-Նա մասնակցեց հնարավորությունների սահմանում։ Չմոռանանք, որ առաջնության ամենակրտսեր մասնակիցն էր, որը մրցում էր փորձառու մարզուհիների հետ։ Բացի այդ, ուներ լուրջ վնասվածք, որից հոգեբանորեն չէր հասցրել վերականգնվել։ Հաշվետու առաջնությանը մասնակցելն այդ պահը հաղթահարելու փորձ էր, որը պսակվեց հաջողությամբ։ Ընդհանուր առմամբ, Ալիսան դեռ պետք է շատ աշխատի և, իհարկե, աճի համար համապատասխան պայմաններ է պետք ստեղծել։

-Ե՞րբ շարք կվերադառնա Բայանդուրյանը։

-Կարծում եմ՝ մինչև նոյեմբեր կվերականգնվի։ Դրանից հետո արդեն կմտածենք հաջորդ մրցաշրջանի մասին։ Սակայն, ասեմ, որ նման պայմաններում շատ բարդ է լինելու առաջ շարժվել։ Գրեթե զրկված ենք մարզումային բարվոք պայմաններից։ Վլադիմիրն ընդհանրապես Հայաստանում հնարավորություն չունի հղկելու իր բարդ ցատկերը։ Հայաստանում նա ընդամենը թեթևակի աշխատում է ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը բարելավելու վրա, իսկ ցատկեր չի կատարում։ Սովորաբար մրցավայրում է ընտրում և ամբողջացնում այն ցատկերը, որոնք կատարում է մրցումների ժամանակ։ Օրինակ՝ Եվրոպայի այս առաջնությանը պատրաստվել էր Կազանում, որտեղ նաև մասնակցեց միջազգային մրցաշարի ու 3-րդ տեղը գրավեց։ Ի դեպ, այնտեղ Լև Սարգսյանի ընկերակցությամբ մեդալ նվաճեց նաև սինքրոն ցատկերում։ Նման պայմաններում հնարավոր չէ կայուն բարձր արդյունքների հավակնել միջազգային ասպարեզում։ Դա հնարավոր է միայն պարբերաբար, ծրագրված մարզվելու պարագայում։ Եթե ավելի գլոբալ վերլուծենք, ապա պետք է նաև մերսող ունենանք, որովհետև ցատկերից հետո մարզիկների մկանները պրկվում են, քարանում և վերականգնման կարիք է առաջանում։ Շատ հարցեր են կարոտ լուծման, բայց ամբողջը չենք բարձրաձայնում, սահմանափակվում ենք նվազագույնով։ Խնդիրն այն է, որ այսօր այդ նվազագույնն էլ չկա։ 

-Հավաքականի անդամները վարձատրվո՞ւմ են։ 

-Հարությունյանը և Բայանդուրյանը պետության կողմից վարձատրվում են անցյալ տարվա Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքների համար։ Սակայն, այդ գումարը, մեղմ ասած, բավարար չէ պրոֆեսիոնալ մարզիկների համար և նրանք ստիպված են վաստակել այլ աշխատանքի միջոցով։ Դա էլ անդրադառնում է մարզումների որակի վրա։ Ասել էին, որ այս տարի մարզիկների վարձատրության չափը պետք է վերանայվի։ Ինձ զանգեցին ԿԳՄՍ նախարարությունից և հետաքրքրվեցին, թե անցյալ տարի կամ այս մրցաշրջանում աշխարհի առաջնություններում 4-8-րդ տեղ գրավե՞լ ենք։ Բացասական պատասխանիցս պարզ դարձավ, որ վարձատրության բարձրացում չենք կարող ակնկալել։

-Այսքանով ավարտեցի՞ք մրցաշրջանը։

-Ընդհանուր առմամբ՝ այո։ Աշնան վերջին հնարավոր է ևս մեկ մրցաշար լինի Կազանում, սակայն դրան մասնակցելու նպատակահարմարությունը դեռ կքննարկենք։ 2023 թվականին լինելու են կարևոր մեկնարկներ՝ Եվրոպական խաղերը ու աշխարհի առաջնությունը։ 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ