Աշխարհի առաջին ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը կմասնակցի US Open-ի այս տարվա խաղարկությանը, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ-ի կառավարությունը մայիսի 11-ից կհանի երկիր մուտք գործելու համար Covid-19-ի դեմ պարտադիր պատվաստման կանոնը: Դա նշանակում է, որ Ջոկովիչը ստիպված կլինի բաց թողնել մարտի-ապրիլին նախատեսված «Ինդիան Ուելսը» և Մայամիի «Մասթերսը», սակայն կկարողանա մասնակցել «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշարին, որը կանցկացվի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 10-ը:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը նախորդ տարի չպատվաստվելու պատճառով բաց էր թողել Ավստրալիայի և ԱՄՆ-ի բաց առաջնությունները: Ջոկովիչը կարիերայում երեք անգամ է հաղթել US Open-ում:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին 35-ամյա թենիսիստը հաղթել էր «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշար Australian Open-ում:


