1899 թվական, աղմկոտ ու արդյունաբերական Դետրոյթ, ավտոշինարարության գլխավոր կենտրոններից մեկը ոչ միայն Նահանգներում, այլ նաև ամբողջ աշխարհում: Ավտոմոբիլային մի շարք մագնատներ այդ տարիներին իրենց գործարաններն էին հիմնում «Ուրվական քաղաքում»: Դրանցից մեկը ոլորտի ամենաազդեցիկ դեմքերից Հենրի Ֆորդն էր:

Ֆորդը մի քանի այլ ձեռնարկատերերի օգնությամբ հիմնադրեց Detroit Automobile Company-ն: Բայց արդյունաբերական ծախսերը, աշխատուժն ու չվերադարձվող ֆինանսական ներդրումները նրան ստիպեցին իր դուստր-ձեռնարկությունը թողնել բախտի քմահաճույքին: Ղեկավարների խորհուրդն անելանելի վիճակում էր: Որոշում կայացվեց դիմել Հենրի Լիլանդին՝ Leland and Faulconer ընկերության համասեփականատիրոջը: Լիլանդը զբաղվում էր ռազմական արդյունաբերությամբ, զենքերի ու զրահատեխնիկայի արտադրությամբ: Բայց հոգու խորքում նա միշտ երազել էր ունենալ սեփական ավտոմոբիլային ընկերությունը: Լիլանդը համաձայնեց ներդրումներ կատարել և փրկել սնանկացման եզրին կանգնած ընկերությունը: Հենց այդպես ստեղծվեց «Կադիլակ» ավտոմոբիլային մակնիշը:

Ամերիկյան շուկայում ընկերությունն առաջին մեքենան թողարկեց 1902 թվականի վերջում: Այն Ford Model A-ի ճշգրիտ պատճենն էր, բացառությամբ ուժային համակարգի։ Նորույթի առջևի նստարանի տակ տեղադրված էր Լիլանդի առաջին ընկերության արտադրած շարժիչը՝ մեկ մխոցով, 10 ձիաուժ հզորությամբ։ Աշխարհին ներկայացվելուց անմիջապես հետո ընկերությունը ստացավ 2000 մեքենայի պատվեր։
.jpg)
18 տարի «Կադիլակի» ղեկին լինելուց և մակնիշն աշխարհին հայտնի դարձնելուց հետո Լիլանդը հեռացավ: Նա ընկերությունը վաճառեց General Motors-ին ու հիմնադրեց իր սեփական մակնիշը՝ «Լինկոլնը»: Այս իրադարձություններից մոտ 100 տարի անց հենց General Motors-ի շնորհիվ ամերիկյան ավտոսպորտի լեգենդ Մարիո Անդրետին իրագործեց իր վաղեմի երազանքը՝ Ֆորմուլա 1-ում թիմ ունենալը:
Ճիշտ է, ամեն ինչ այնքան էլ հեշտ չստացվեց: Մարիոն ցանկանում էր իր մակնիշով՝ «Անդրետիով» մուտք գործել Ֆ1: Թիմի ղեկավարն էլ պետք է դառնար նրա որդին՝ Մայքլ Անդրետին: Սակայն սերիայի սեփականատերերը «Լիբերթի Մեդիա» ընկերությունից դեմ էին դրան: Թվում էր, թե 11-րդ թիմ արքայական ավտոսպորտում չենք տեսնի, բայց իրավիճակը փոխվեց, երբ բանակցություններին միացավ General Motors-ի ղեկավար Դեն Տաուրիսը:

Indianapolis Post օրաթերթին տված հարցազրույցում Տաուրիսը բացեց չակերտներն ու խոսեց բանակցությունների ընթացքի մասին.
Եվ իրոք, «Անդրետիի» ու «Ջեներալ Մոթորսի» համագործակցության շնորհիվ FIA-ն ու «Լիբերթի Մեդիան» հաստատեցին պելետոնում 11-րդ թիմի հայտնվելը: 2026 թվականից «Ֆերարիի», «Մերսեդեսի», «Ռեդ Բուլի» ու «Մաքլարենի» կողքին կլինի նաև «Կադիլակը»: Մինչև ավտոարշավորդների կազմը հայտնելը կոնցեռնը նախ՝ հանրությանը ներկայացրեց թիմի դեսպանին, որն զբաղվելու է մարքեթինգային արշավներով և թիմի մասին վավերագրական ֆիլմերի ստեղծմամբ:

Կիանու Ռիվզը միանշանակ հիանալի ձեռքբերում է թիմին +1000 աուրա ավելացնելու տեսանկյունից: Բայց ավելի կարևոր է, թե ով է լինելու բոլիդի ղեկին:
.jpg)
Վալտերի Բոտաս - 247 մեկնարկ Ֆորմուլա 1-ում, 67 պատվո հարթակ, 20 փոուլ, 10 հաղթանակ: Տոտո Վոլֆի հետ երկար բանակցություններից հետո «Կադիլակը» համաձայնության հասավ ու պայմանագիր կնքեց ֆին պիլոտի հետ:
Սերխիո Պերես - 285 մեկնարկ, 39 պատվո հարթակ, 3 փոուլ, 6 հաղթանակ: Չեկոն փորձելու է կարիերան վերարտադրել նոր թիմում, փոխանցել փորձը թիմի ինժեներներին ու մեխանիկներին և ապացուցել, որ «Ռեդ Բուլում» վերջին մրցաշրջանն անհաջողության, ոչ թե վարպետության կորստի արդյունք էր:

Թիմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու է Գրեմ Լոուդոնը, որը նախկինում աշխատել է «Մեյնոր Ռեյսինգում» և հիմնադրել է «Վիրջին Ռեյսինգը», որը, ի դեպ, սերտ կապեր ունի «Մարուսիայի» նախկին սեփականատեր, ռուս բիզնեսմեն Դմիտրի Մազեպինի հետ: Ճիշտ է, միլիարդատերի որդուն՝ Նիկիտային չենք տեսնի «Կադիլակում»: Ավելին՝ Լոուդոնը բացառում է, որ թիմը որևէ կապ կարող է ունենալ Մազեպինների ընտանիքի հետ:
Forbes–ի գնահատմամբ՝ 63 միլիարդ դոլար շուկայի կապիտալիզացիայով «Ջի-Էմ»-ն աշխարհում զբաղեցնում է 6-րդ տեղը ավտոարտադրողների շարքում և առաջ է անցնում «Պորշեից», «Մերսեդեսիս», «Ֆոլկսվագենից» ու BMW-ից։ Ներկայումս թեկուզ ինչ-որ կերպ Ֆ1-ում ներգրավված ընկերություններից ավելի խոշոր են միայն «Ֆերարին» և «Տոյոտան» (սակայն ճապոնացիները այս պահին միայն «Հաասի» տեխնիկական գործընկերն են և ոչ ավելին)։ 2026 թվականին «Կադիլակն» օգտագործելու է «Ֆերարիի» ուժային համակարգը, իսկ 2029 թվականին պլանավորում է անցնել սեփական V6 շարժիչի օգտագործմանը: Այն ստեղծվելու է «Ջեներալ Մոթորսի» գործարանում:
Միչիգանյան ընկերությունը պատրաստվում է լուրջ ներդրումներ կատարել և արդեն հիմա փորձառու ինժեներների ու մեխանիկների է հրավիրում թիմ՝ 2026 թվականի բոլիդը կառուցելու համար:
Կանոնակարգային փոփոխություններից հետո ուժերի դասավորությունը կարող է փոխվել: «Կադիլակի» համար սա հնարավորություն է՝ դառնալու մրցունակ թիմ ու ապագայում պայքարելու հաղթանակների համար:


