Իտալիայի հավաքականի և «Բոլոնիայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորի կողմնորոշվել է ապագայի հարցում և ցանկանում է տեղափոխվել միայն Լոնդոնի «Արսենալ»։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ անգլիական ակումբը մինչև 2029 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել 22-ամյա ֆուտբոլիստի հետ։
Իտալացին բանակցություններ չի վարում Փարիզի ՊՍԺ-ի, Լոնդոնի «Չելսիի» ու Լևերկուզենի «Բայերի» հետ։ Մեծ հավանականությամբ` «Արսենալը» իտալացի պաշտպանի տրանսֆերը կգնի 50 միլիոն եվրոյով։ Այդքան է պահանջել «Բոլոնիան» նրա տեղափոխության համար։
Ռոմանոն հայտնել է նաև, որ Կալաֆիորիի նախկին ակումբը` շվեյցարական «Բազելը», ֆուտբոլիստի` «Բոլոնիայից» ցանկացած այլ ակումբ տեղափոխությունից ունենալու է 50 տոկոս մասնաբաժին, եթե նրա տրանսֆերը վաճառվի 4,5 միլիոն և ավելի գումարով։
Ավելի վաղ կային տեղեկություններ, որ Կալաֆիորիի համար մղվող պայքարին միացել է նաև Մադրիդի «Ռեալը»։
Հիշեցնենք, որ Կալաֆիորին «Բազելից» «Բոլոնիա» է տեղափոխվել 2023-ին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում պաշտպանը «Ռոսոբլուի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 2 գոլի և 5 ասիստի հեղինակ: Transfermarkt-ն 30 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։ Կալաֆիորին Իտալիայի հավաքականի կազմում մասնակցել էր Եվրո-2024-ին և դարձել մրցաշարի հայտնություններից մեկը` երեք խաղում կատարելով մեկ գոլային փոխանցում։