Logo

Կալուկյան. «Շատ ոգևորված եմ. երազանքներս հերթով իրականանում են»

14:28 / 17.03.2025Ֆուտբոլ
null

«Ուրարտուի» նորեկ Նիկոլաս Կալուկյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ հարցազրույցում խոսել է իր անցած ճանապարհի և Հայաստանի ազգային հավաքականից առաջին անգամ հրավեր ստանալու մասին:

«Չորս տարեկանից զբաղվում եմ ֆուտբոլով։ Մեծացել եմ հայրիկիս և պապիկիս հետ` ֆուտբոլ խաղալով: Նրանք նույնպես ֆուտբոլիստ են եղել։ Հայկական մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա։ Մեծացել եմ հայկական մտածելակերպով, չնայած ամբողջ կյանքս ապրել եմ ԱՄՆ-ում։

Խաղացել եմ Նյու Ջերսիի «Սիդեր Սթարս» ակադեմիայի թիմում, որը հանդես է գալիս MLS-ում։ Դրանից հետո հանդես եմ եկել երկու տարբեր համալսարանների թիմերում։

ԱՄՆ-ում մի փոքր տարբեր է Եվրոպայից։ Շատ ֆուտբոլիստներ խաղում են համալսարանական թիմերում, ինչից հետո սկսում են իրենց պրոֆեսիոնալ կարիերան։

Կյանքիս մեծագույն նպատակներից մեկը Հայաստանի ազգային հավաքականում խաղալն է եղել։ Այժմ ես այստեղ եմ և պատրաստ եմ թողնել իմ հետքը հավաքականում։

Ազգային հավաքականից հրավեր ստանալուց հետո առաջինը զանգել եմ հորս։ Նա միշտ եղել է իմ ոգեշնչման աղբյուրը։ Իհարկե, հետո դրա մասին տեղեկացրի նաև ընտանիքիս մյուս անդամներին։ Նրանք բոլորն այժմ Միացյալ Նահանգներում են և շատ հպարտանում են ինձնով ու աջակցում ինձ ցանկացած հարցում։

Հիմա ես աշխարհի մյուս ծայրում եմ ու հեռու բոլորից։ Դա շատ դժվար է, բայց ոգևորված եմ ու երջանիկ. չէի կարող ավելի հպարտ լինել։

Նախկինում մի քանի անգամ հրավիրվել եմ Հայաստանի Մ21 հավաքական, որի կազմում երեք հանդիպման եմ մասնակցել։ Դա հիանալի էր, բայց ամբողջ կյանքում երազել եմ պրոֆեսիոնալ կարիերայի մասին։ Փետրվարին պայմանագիր ստորագրեցի «Ուրարտուի» հետ և պրոֆեսիոնալ կարիերա սկսեցի։

Հետաքրքիր է, որ կարողացել եմ գոլ խփել ինչպես Մ21 հավաքականում, այնպես էլ «Ուրարտուում» իմ նորամուտի խաղում։ Շատ ոգևորված եմ. երազանքներս հերթով իրականանում են։

Մի քանի ժամ է` այստեղ եմ, բայց արդեն գիտեմ, որ հավաքականի հետ կարող ենք լուրջ հաջողությունների հասնել»,- նշել է 22-ամյա ֆուտբոլիստը։

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 16-ին սկսել է մարզական հավաքն ու առաջին մարզումն  անցկացրել նոր գլխավոր մարզիչ Ջոն վան'տ Սխիպի օրոք ու պատրաստվում է Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆի հանդիպումներին։

Հայաստան - Վրաստան դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ մարտի 23-ին Թբիլիսիում։ Երկու խաղերն էլ կհեռարձակվեն «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ