Հայաստանի հավաքականի և «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանի ֆուտբոլային կարիերայում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: «Փյունիկի» հետ Հայաստանի առաջնության 3-րդ տուրից հետաձգված հանդիպումը պաշտոնական մրցումներում Հովհաննիսյանի հոբելյանական՝ 600-րդ խաղն էր:
Սա իրոք մեծ նվաճում է, քանի որ մինչև այդ միայն 3 հայ ֆուտբոլիստներ էին հատել 600 խաղի սահմանագիծը: 888 խաղով ռեկորդակիրը Հենրիխ Մխիթարյանն է, որին հաջորդում են Սարգիս Հովսեփյանն (783) ու Հրայր Մկոյանը (619):
600 խաղերից 221-ը Կամոն անցկացրել է Հայաստանի առաջնություններում, 36-ը՝ ՀՀ գավաթի, 4-ը՝ Սուպերգավաթի, 22-ը՝ եվրագավաթների մրցաշարերում, 94 անգամ հանդես է եկել Հայաստանի ազգային, 10 անգամ էլ՝ երիտասարդական հավաքականներում: Արտերկրի բարձրագույն խմբի առաջնությունների մասնակից ակումբների կազմում էլ Հովհաննիսյանը պաշտոնական 213 խաղի է մասնակցել:
Կամո Հովհաննիսյանը «Փյունիկի» մարզադպրոցի սան է և հենց հարազատ ակումբում էլ ֆուտբոլային իր առաջին լուրջ քայլերն է կատարել: 2009թ. ապրիլի 11-ին «Կիլիկիայի» հետ խաղում նորամուտը նշելով «Փյունիկում», Կամո Հովհաննիսյանը մինչև 2016/17թթ. առաջնությունը ներառյալ հանդես եկավ իր համար հարազատ դարձած թիմում՝ հանդիսանալով առաջատար ֆուտբոլիստներից մեկը: Այդ ընթացքում Կամոն Բարձրագույն խմբում 174 խաղ անցկացրեց, որոնցում 29 գոլի հեղինակ դարձավ: Իսկ պաշտոնական բոլոր մրցաշարերում Հովհաննիսյանը «Փյունիկում» ընդհանուր առմամբ մասնակցեց 219 խաղի՝ խփելով 34 գոլ:

Հենց «Փյունիկում» էլ նա հասավ մարզական կարիերայում մեծ նվաճումների՝ դառնալով Հայաստանի կրկնակի չեմպիոն, հնգակի գավաթակիր, 2010թ. պատվո շրջան կատարելով Սուպերգավաթով, մեկական անգամ էլ արժանանալով արծաթե և բրոնզե մեդալների:
«Փյունիկում» խաղային որակները զգալիորեն բարելաված և մեծ փորձ կուտակած Կամո Հովհաննիսյանը, բնականաբար, պետք է իր ֆուտբոլային կարիերան շարունակեր արտերկրում: Առաջին արտասահմանյան թիմը Բելառուսի «Տորպեդո-ԲելԱԶ-ն» էր, որի կազմում հանդես եկավ մեկ մրցաշրջան:
2018թ. Հովհաննիսյանը ֆուտբոլային կարիերան շարունակեց Ղազախստանում, որտեղ երկուական մրցաշրջան հաջորդաբար հանդես եկավ «Ժետիսուի», «Կայրաթի» և «Աստանայի» կազմերում՝ հանդիսանալով այդ թիմերի առաջատար ֆուտբոլիստներից մեկը:

Ղազախստանում էլ նա տիտղոսներ նվաճեց: «Կայրաթի» կազմում Կամոն դարձավ երկրի չեմպիոն (2020թ.) և գավաթակիր (2021թ.), «Աստանայում» մեկական անգամ նվաճեց չեմպիոնի (2022թ.) և սուպերգավաթակրի (2023թ.) տիտղոսները:
Արտերկրում ելույթներն ավարտելուց հետո Կամո Հովհաննիսյանը 7-ամյա ընդմիջումից հետո վերադարձավ Հայաստան՝ ընդունելով «Արարատ-Արմենիայի» հրավերը: Թիմը մարզում էր Վարդան Մինասյանը, որի օրոք Կամոն 2009թ. նորամուտն էր նշել «Փյունիկում»:
Փորձառու ֆուտբոլիստը նոր թիմում իր առաջին խաղն անցկացրեց 2024թ. փետրվարի 23-ին՝ մեկնարկային կազմում մասնակցելով «Փյունիկի» հետ մրցավեճին: 2023/24թթ. մրցաշրջանում Հովհաննիսյանն իր նոր թիմակիցների հետ դարձավ Հայաստանի գավաթակիր ու արժանացավ բրոնզե մեդալի: Նա իր ֆուտբոլային հարուստ կարիերայում 6-րդ անգամ պատվո շրջան կատարեց Հայաստանի գավաթով՝ այդ ցուցանիշով հավասարվելով ռեկորդակիրներ Արթուր Յուզբաշյանին և Դավիթ Մանոյանին, որոնց հետ «Փյունիկում» 2009-2010, 2013-2015թթ. 5 անգամ նվաճել էր պատվավոր մրցանակը:

Հաջորդ մրցաշրջանում փորձառու պաշտպանը կարող էր գավաթի մրցաշարերի յուրօրինակ ռեկորդ սահմանել, սակայն «Արարատ-Արմենիան» պատվավոր մրցանակի համար վճռորոշ խաղում 1-3 հաշվով պարտվեց «Նոային»: Բայց Կամոն առանց տիտղոսի չմնաց՝ թիմակիցների հետ դառնալով սուպերգավաթակիր, իսկ առաջնությունում էլ արժանացավ արծաթե մեդալի: Դա հայկական ակումբներում 33-ամյա Կամո Հովհաննիսյանի նվաճած 10-րդ տիտղոսն էր (6-ակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր և սուպերգավաթակիր):


