Իռլանդացիների հետ խաղում Կամո Հովհաննիսյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով 90-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ՝ դառնալով այդ սահմանագիծը հատած 5-րդ ֆուտբոլիստը: Խաղերից 27-ը նա անցկացրել է աշխարհի, 19-ը՝ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում, 16 անգամ մասնակցել է Ազգերի լիգայի հանդիպումներին, 28 անգամ էլ խաղադաշտ է դուրս եկել հավաքականի ընկերական հանդիպումներում:
Կամոն հավաքականի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ամենափորձառուն է: 33-ամյա ֆուտբոլիստը լավ հնարավորություն ունի գերազանցելու վերջերս հավաքականին հրաժեշտ տված Վարազդատ Հարոյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում հավաքականում բոլորից շատ՝ 92 խաղ է անցկացրել:
Կամո Հովհաննիսյանը կարող է մեկ այլ, ավելի նշանակալի նվաճման հասնել, եթե հաջորդ մրցաշրջանում էլ շարունակի ելույթները հավաքականում: Սարգիս Հովսեփյանից հետո փորձառու պաշտպանը կարող է դառնալ Հայաստանի ազգային հավաքականում 100 խաղի սահմանագիծը հատած 2-րդ ֆուտբոլիստը:

Հովհաննիսյանի նորամուտը հավաքականում տեղի է ունեցել է 2012թ. փետրվարի 28-ին սերբերի հետ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած ընկերական խաղում (0-2): Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 19-ամյա պատանի ֆուտբոլիստին ընդմիջումից անմիջապես հետո խաղադաշտ դուրս բերեց Մասիս Ոսկանյանի փոխարեն:
Սերբերի հետ հանդիպմանը ՀՀ հավաքականը ներկայացել էր երիտասարդական կազմով: Բացի Հովհաննիսյանից, այդ օրը հավաքականում իրենց առաջին խաղն անցկացրին նաև Գրիգոր Մելիքսեթյանը, Գագիկ Դաղբաշյանը, Ղուկաս Պողոսյանը, Մասիս Ոսկանյանը, Վալտեր Պողոսյանն ու Անդրանիկ Ոսկանյանը:
Կանադայի հետ հաջորդ օրն անցկացրած խաղում հավաքականն արդեն իր հիմնական կազմով էր, որին հաջողվեց հաղթել 3-1 հաշվով: Կամո Հովհաննիսյանն այդ խաղում մի քանի րոպե անցկացրեց խաղադաշտում՝ ավելացված ժամանակում փոխարինելով Լևոն Հայրապետյանին:
Պաշտոնական առաջին խաղը հավաքականում Հովհաննիսյանն անցկացրել է 2013թ. մարտի 26-ին չեխերի հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական հանդիպման ժամանակ, որում մեր ազգային թիմը 0-3 խոշոր հաշվով զիջել էր մրցակցին: Հավաքականում արդեն որոշակի փորձ կուտակած և ընկերական 7 հանդիպման մասնակցած Կամոն մեկնարկային կազմում էր ու խաղադաշտում մնաց մինչև խաղավերջ:

2019թ. նոյեմբերի 18-ին Պալերմոյում Իտալիայի հավաքականի հետ կայացած ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի հանդիպումը (1-9) Կամո Հովհաննիսյանի հոբելյանական՝ 50-րդ խաղն էր Հայաստանի հավաքականի կազմում: Նա համալրեց Արթուր Պետրոսյանի անվան խորհրդանշական «50-ի ակումբի» շարքերը: Հետաքրքիր է, որ այդ խաղում նման հոբելյան էր նշել նաև Կամոյի խաղընկեր Վարազդատ Հարոյանը:
Հովհաննիսյանին բախտ է վիճակվել 3 անգամ կրելու հավաքականի ավագի թևկապը: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2021թ. հունիսի 1-ին խորվաթների հետ հյուրընկալվելիս կայացած ընկերական խաղում: 4 օր անց շվեդների հետ կայացած ընկերական խաղում Կամոն կրկին հավաքականի ավագն էր: Վերջին անգամ նա ավագի թևկապը կրել է 2022թ. հունիսի 11-ին Լոձում ուկրաինացիների հետ անցկացրած Ազգերի լիգայի խաղում:
Հավաքականում Հովհաննիսյանը 3 գոլի հեղինակ է դարձել: Նա գոլերի հաշիվը բացել է 2020թ. հոկտեմբերի 14-ին էստոնացիների հետ Տալլինում կայացած Ազգերի լիգայի խաղում (1-1): Հանդիպման 8-րդ րոպեին Կամոն գրավեց Կառլ Հեյնի պաշտպանած դարպասը՝ բացելով հաշիվը:
Հաջորդ տարվա հոկտեմբերի 8-ին իսլանդացիների հետ Ռեյկյավիկում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում էլ Հովհաննիսյանը 35-րդ րոպեին բացել էր հաշիվը, սակայն մրցակցին 2-րդ խաղակեսում հաջողվել էր պատասխան գոլը խփել:
2022թ. նոյեմբերի 16-ին Կոսովոյի հետ մրցակցի դաշտում կայացած ընկերական խաղում Կամոն 82-րդ րոպեին հավաքականին հաշվի մեջ առաջ էր մղել, սակայն ավելացված ժամանակում տանտերերը փրկվել էին պարտությունից՝ 2-2:

FastNews-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակը:
|
Ֆուտբոլիստներ |
Խաղ |
|
1. Սարգիս Հովսեփյան |
132 |
|
2. Հենրիխ Մխիթարյան |
95 |
|
3. Ռոման Բերեզովսկի |
94 |
|
4. Վարազդատ Հարոյան |
92 |
|
5. Կամո Հովհաննիսյան |
90 |
|
6. Գևորգ Ղազարյան |
75 |
|
7. Ռոբերտ Արզումանյան |
74 |
|
8. Արթուր Պետրոսյան |
69 |
|
9. Մարկոս Պիզելի |
67 |
|
10. Հարություն Վարդանյան |
63 |


