Կանադայի ֆուտբոլային ասոցիացիայի գործադիր տնօրեն Քևին Բլուն հայտարարել է, որ իր երկրի հավաքականներն օգտագործել են անօդաչու թռչող սարքեր՝ մրցակիցների մարզումներին հետևելու համար:
«Որքան շատ եմ իմանում այս խնդրի մասին, այնքան ինձ մտահոգում է նման երևույթների համակարգային բնույթը, ինչը միանգամայն անընդունելի է։ Ես շատ անեկդոտային արձագանքներ եմ ստացել այս խնդրի վերաբերյալ: Ես տեղյակ եմ Ամերիկայի գավաթ խաղարկության ժամանակ անօդաչու թռչող սարքեր օգտագործելու փորձի մասին»,- Բլուի խոսքը մեջբերում է The Athletic-ը։
Բացի այդ, Բլուն հայտարարել է, որ Կանադայի ֆուտբոլային ասոցիացիան ներքին հետաքննություն է անցկացնում։ Նրա խոսքով՝ հավաքականների ֆուտբոլիստները տեղյակ չեն եղել մրցակիցներին լրտեսելու համար դրոնների օգտագործման մասին։
Ավելի վաղ ֆուտբոլի կանանց Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչ Բև Փրիսթմանը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից, քանի որ Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ անօդաչու թռչող սարքերով տեսանկարահանել էին մրցակիցների մարզումները:
Հիշեցնենք, որ Կանադայի ազգային հավաքականն ԱՄՆ-ում անցկացված Ամերիկայի գավաթի խաղարկությունում հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ 0-2 հաշվով պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն Արգենտինային: Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը դարձել էր մրցաշարի հաղթող, իսկ կանադացիները երրորդ տեղի համար խաղում պարտվել էին Ուրուգվային (2-2, 11մ՝ 3-4):


