Հայաստանում կթույլատրվի արդյունաբերական կանեփ աճեցնել. որոշումը տնտեսական ծրագրի շրջանակում կայացվել է այս շաբաթ՝ կառավարության նիստում:
Մի կողմ թողնելով շահարկումները, ամբողջական տեղեկություն ենք ներկայացնում, թե ի՞նչ է արտադրական կանեփը, ինչպե՞ս է գործածվում, ո՞րն է նշանակությունը, ինչպիսի՞ փորձ ունեն այն գործածող երկրները և ինչպե՞ս կանդրադառնա դրա մշակումը Հայաստանի տնտեսությանը:
Ի՞նչ է կանեփը
Արտադրական կանեփը դիմակայուն մշակաբույս է և կարող է աճել այնպիսի վայրերում, որտեղ հնարավոր չէ մշակել այլ բույսեր: Կարող է դիմակայել չոր, ցուրտ և շատ տաք եղանակներին։
Արտադրական կանեփի մշակումը չի պահանջում թունաքիմիկատներ։ Նեդրումները բավական քիչ են. պետք չեն շատ ջուր կամ ընթացիկ խնամքի նյութեր, աճում է բավականին արագ և կարճ ժամանակում՝ սովորաբար 4 մետր բարձրության է հասնում 4 ամսում։

Տեխնիկական կանեփը թմրանյութ չէ
Տեխնիկական կանեփը հենց այն տեսակից է, որի մեջ հոգեակտիվ նյութեր ընդհանրապես չկան:
Թմրամիջոց հանդիսացողը կանեփի «կանեբիս» տեսակն է: Գոյություն ունի նաև այդ բույսի «հեմփ» տեսակը, որի մեջ թմրանյութի պարունակությունն այնքան չնչին է, որ մարդն անգամ մեծ զանգվածով օգտագործելու դեպքում դրա ազդեցությունը չի կարող զգալ:

ի՞նչ են ստանում արտադրական կանեփից
Արտադրական կանեփից ստացվող եթերային յուղը միջազգային շուկայում պահանջված է ու թանկ․ մեկ լիտրն արժի 2000-7000 ԱՄՆ դոլար՝ որակով պայմանավորված։ Մեկ հա արտադրական կանեփից միջինը կարելի է ստանալ 210 լ յուղ, որն օգտագործվում է դեղագործության, սննդի և կոսմետիկայի արդյունաբերության մեջ։
Տեխնիկական կանեփի կոկոնների ու ծաղիկների յուղը (CBD Hemp Oil), օրինակ, հեռանկարային է քաղցկեղի դեմ պայքարում: Այն շատ հզոր հակաօքսիդանտ է: Այդ յուղն օգտագործվում է այլ, բազմաթիվ հիվանդությունների բուժման համար:

Բացի այդ, կանեփից կարելի է ստանալ մոտ 50 հազար ապրանք՝ թել, պլաստիկ, ներկեր, թուղթ, փայտանյութ եւ այլն։
Մեկ հեկտարի վրա աճեցված կանեփից կարելի է ստանալ այնքան թուղթ, որքան 3-4 հա անտառից։ Ընդ որում՝ անտառը կարող է վերականգնվել միայն 15-20 տարում, իսկ կանեփ կարելի է ցանել տարին մեկ, նույնիսկ՝ երկու անգամ։

Կանեփի ցողուններից, տերևներից ստանում են տարբեր պլաստիկ արտադրանքներ, որոնք օգտագործվում են մեքենաշինության մեջ, տներ կառուցելիս և այլ ասպարեզներում:
Ցողուններից ստանում են նաև սննդարար և առողջարար բարձրարժեք անասնակեր, որը հարուստ է անասուններին անհրաժեշտ տարբեր նյութերով:

Կանեփից են պատրաստում աշխարհում բնական նյութից ամենապինդ պարանները, որոնք իրենց ամրությամբ չեն զիջում անգամ մետաղական ճոպաններին, ինչպես նաև տարբեր տեսակի թելեր, որոնցից ստացվում են նույնիսկ բամբակից ավելի որակով ու փափուկ գործվածքներ:
Ի վերջո, կանեփի արմատներից ստանում են նյութ, որը թույլ է տալիս պատրաստել մեր կենցաղում լայնորեն օգտագործվող պոլիէթիլենի նման տոպրակներ, սակայն, ի տարբերություն դրանց, շրջակա միջավայրը չի աղտոտում, եթե հողի վրա է գցվում, քանի որ որոշ ժամանակ անց հողի մեջ քայքայվում է, ավելին, սնունդէ հանդիսանում հողի համար:

Կանեփ թե նավթ. ինչո՞ւ էին արգելել
Այն, ինչ կարելի է ստանալ նավթից, փայտից և բամբակից, հնարավոր է ստանալ տեխնիկական կանեփից՝ վառելիք, բիոպլաստիկ, փայտ, թուղթ, հագուստ, կոշիկ:
1961 թվականին ՄԱԿ-ի կոնվենցիայով ապօրինի թմրանյութերի շրջանառության շրջանակներում տեխնիկական կանեփն արգելվել է ամբողջ աշխարհում, բայց հիմա փորձագետները հայտարարում են, որ դրա հետևում կանգնած են եղել նավթի վաճառքով զբաղվողները: Տեխնիկական կանեփն այդ ժամանակ մրցակցում էր նավթի հետ՝ ամբողջովին փոխարինելով արտադրանքին, որը սկսեցին նավթից ստանալ: Դրա համար նավթի մարժան սկզբից ԱՄՆ-ում, հետո ամբողջ աշխարհում լոբբինգ արեց և պարտադրեց տեխնիկական կանեփի պլանտացիաները վերացնել, չնայած՝ դա բացարձակ կապ չունի մարիխուանայի հետ (նույնազգի բույսեր են, բայց, կախված իրենց բաղադրությունից, տարբեր են):
Ներկայում վերացված է արգելքը:

ԱՄՆ, Չինաստան, ՌԴ. կանեփի արտադրության միջազգային փորձը
Վերջին երեք տարիների ընթացքում այդ մշակաբույսի թե՛ պահանջարկը, թե՛ մշակումն ամբողջ աշխարհում բազմապատկվել է։ Արտադրական տեսակի կանեփ մշակում է աշխարհի մոտ 50 երկիր:
Առաջատարը Չինաստանն է։ Ի թիվս լայն ապրանքատեսակի, Չինաստանը որոշել է, որ իր բանակի համազգեստը ևս պետք է լինի տեխնիկական կանեփի և բամբակի խառնուրդով՝ 40/60, որովհետեւ տեխնիկական կանեփից ստացված թելը չի բորբոսնում, ցեց չի ընկնում, չի քրտնեցնում մարմինը:

ԱՄՆ- ում կանեփի արտադրությունը երկար տարիների պատմություն ունի և նոր թափ է հավաքում: 2018- ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նաև մարիխուանան օրինականացրեց երկրի բոլոր նահանգներում: Ամերիկյան սննդի, դեղերի, կոսմետիկայի և այլ ապրանքներ արտադրողները մշակաբույսի բաղադրիչը կիրառում են լայնորեն: Վերջին 4 տարիներին կանեփի արտադրանքի վաճառքն այնտեղ աճել է 40%-ով: Խոշոր առևտրային ցանցերում վաճառվում են կանեփով մոմեր ու յուղ: Ռեստորաններում կարելի է գնել կանեփային կոկտեյլ կամ սուրճ: Կոսմետիկ պարագաների խոշոր ընկերություններ, օրինակ՝ Sephora-ն, արտադրում են կանեփի յուղից պատրաստված կրեմ: Coca-Cola-ն պատրաստվում է արտադրել կանեփի հավելումով խմիչք:
ԱՄՆ-ում անցկացվում են կանեփից ուտելիքների պատրաստման դասընթացներ, հրատարակվում են խոհարարական գրքեր կանեփով ուտեստների պատրաստման մասին:

Մինչև անցած դարի 60- ականները արտադրական կանեփի ամենամեծ արտահանողը ԽՍՀՄ-ն էր: Մինչ 1990 թվականը կանեփի մշակումը կազմել է ՌԴ-ի գյուղատնտեսության 10 տոկոսը՝ ապահովելով ընդհուպ 50 տոկոս եկամտաբերություն: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կանեփի մշակման դեմ պայքար է սկսվել, սակայն՝ կարճ և ապարդյուն։
Դեռևս 1998- ին Սանկ-Պետերբուրգում միջազգային գիտաժողովի ժամանակ կանեփն անվանել են 21-րդ դարի մշակաբույս՝ դիտարկվելով ցորենին և սոյային համարժեք արտադրանք։ ՌԴ- ում տեխնիկական կանեփի արտադրության ծավալները վերջին տարիներին անընդմեջ աճում են: Ոլորտն առաձնանում է շահութաբերության բարձր մարժայով՝ 1 հեկտարի հաշվով 200-300 հազար ռուբլի։

Ի՞նչ կշահի Հայաստանը արտադրական կանեփ մշակելով
Տնտեսագետները համակարծիք են, որ տեխնիկական կանեփի արտադրությունը թույլ կտա Հայաստանում տեղական և բնական հումքով զարկ տալ թեթև արդյունաբերությանը, ստեղծել աշխատատեղեր, փրկել Հայաստանի տնտեսությունը խորը ճգնաժամից:
Մեր երկրում գյուղատնտեսական վարելահողերի գրեթե 50 տոկոսը՝ մոտ 250 հազար հեկտար, անմշակ է մնում, մինչդեռ արտադրական կանեփի մշակմամբ էապես կակտիվանա գյուղական հողերի օգտագործումը, արտադրական մշակաբույսերի համաշխարհային շուկայում Հայաստանն ինտենսիվ ներգրավվելու հնարավորություն կունենա:

Մեկ հեկտար կանեփից ստացվում է 250-350 լիտր յուղ: Տեխնիկական կանեփի ծաղիկների եթերայուղի լիտրն այսօր միջազգային շուկայում 6000 դոլար է: Մասնագետները համոզված են որ Հայաստանում կարելի է ավելի բարձր արդյունք ստանալ:
ՀՀ- ում կթույլատրվի ընդամենը 0,2-0,3 տոկոս THC պարունակող կանեփի մշակումը, որը աճեցնելու թույլտվությունը շուտով հասանելի կդառնա մեր ֆերմերներին ու արտադրողներին։

