Պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն հայտնել է, թե ինչու է որոշել անգլիական «Մանչեսթեր Սիթիից» վարձավճարով տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:
«Ես քիչ խաղաժամանակ էի ստանում, և դա ազդեց իմ որոշման վրա: Խնդիրը Գվարդիոլան չէ: Շատ էի ցանկանում նոր արկածներ, իսկ «Բավարիան» երազանքներիս ակումբն է: Ես օգտագործեցի հնարավորությունը»,- Կանսելուի խոսքը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
28-ամյա պորտուգալացին «Բավարիայում» ելույթ կունենա մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը, որից հետո Գերմանիայի գործող չեմպիոնը կունենա նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին անգլիական ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Կանսելուն 2019-ին Թուրինի «Յուվենտուսից» էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։


