Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն Ազգերի լիգայի գավաթի խաղարկության C լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Վրաստանի ընտրանու նկատմամբ տոնած արտագնա հաղթանակից հետո (2-1) կայացած մամուլի ասուլիսում հայտնել է խաղից իր տպավորությունների մասին:
«Առաջին հերթին, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին: Տղաները շատ մեծ ծավալի աշխատանք տարան և հիանալի հանդիպում անցկացրին: Նրանք ցույց տվեցին, որ ունեն մեծ սեր ու մեծ քաջություն՝ Հայաստանի պատիվը պաշտպանելու համար: Յուրաքանչյուր մրցավեճում խաղում ենք այն մտքով, որ պետք է հասնենք հաղթանակի: Գիտեինք, որ շատ բարդ է լինելու, քանի որ Վրաստանը գերազանց հավաքական ունի, ուստի մեր ընտրանու ֆուտբոլիստների կատարած աշխատանքն էլ ավելի մեծ կարևորություն է ստանում:
Ժամանակը քիչ է, այստեղից միանգամից մեկնելու ենք Կիպրոս՝ մասնակցելու Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ հանդիպմանը: Խմբում բոլոր թիմերն իրար հավասար են, մենք հավասար խումբ ենք, ինչպես արդեն երևում է մրցաշարային աղյուսակից: Բոլոր խաղերին նախապատրաստվում ենք նույն մեծ ցանկությամբ, ինչ այս մրցավեճի դեպքում էր: Գիտենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը նույնպես ուժեղ թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում, բայց շատ մեծ ցանկություն ունենք հասնելու մեր նպատակին»,- ասել է Կապառոսը:
Մխիթարյանը՝ ԵՎՐՈ 2020-ին չմասնակցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները
