«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի օգնական Լուսի Մարտինը խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի` անդալուզական ակումբ հնարավոր տրանսֆերի մասին, հաղորդում է Metaratings.ru-ն:
«Ես շատ լավ եմ ճանաչում այս խաղացողին։ Մեր մարզչական շտաբը երկար ժամանակ փորձում էր Նաիրին հրավիրել Հայաստանի ազգային հավաքական, բայց նա որոշեց դա անել միայն Ռուսաստանի երիտասարդական հավաքականում խաղալուց հետո։ Թիկնիզյանի մասին կարող եմ միայն ասել, որ նա բարձրակարգ խաղացող է, և նրա նկատմամբ հետաքրքրվածություն կա եվրոպական ֆուտբոլում։ Ես չեմ կարող ավելի շատ տեղեկություններ տրամադրել «Սևիլիայի» հնարավոր մտադրությունների մասին»,- ասել է Մարտինը:
Ավելի վաղ հայ ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել էր, որ իսպանական ակումբը երկար ժամանակ հետևում էր Թիկնիզյանին։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 33 խաղ, խփել երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի մարզչական շտաբը նախկինում գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: