ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է աշխուժացնել մարզական կյանքը հանրապետության մարզերում, հատկապես այն բնակավայրերում, որոնցում այդ առումով պասիվություն է նկատվում։ Խնդրի վերաբերյալ գերատեսչությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել են պետական կառույցի համապատասխան պատասխանատուները, ինչպես նաև մարզերում ու Երևանում սպորտի ոլորտը համակարգողները։ Մասնակիցները քննարկել են զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բնագավառում այս տարի նախատեսված աշխատանքները։ Ընդգծվել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում մարզերում մասսայական սպորտը տարածելու ուղղությամբ։
Կ. Գիլոյանը նշել է, որ մի շարք մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, մարզական առօրյան ավանդաբար աշխույժ է, սակայն կան նաև հետ մնացողներ, որոնց հետ անհրաժեշտ է սերտացնել համագործակցությունը՝ իրավիճակը շտկելու համար։ Նա տեղեկացրել է նաև, որ «Վարչապետի գավաթ» վերտառությամբ միջոցառման շրջանակում այս տարի նախատեսվում է անցկացնել սիրողական չորս մրցաշար։ Դա կրկնակի ավելի է, քան 2021-ին։ Դրանցից առաջինի՝ սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլն արդեն ընթանում է, թեպետ, ինչպես նշվեց, մասնակցության ցուցանիշը բավարար չէ։ Ի դեպ, մրցումների ավարտին մարզագույքը տրամադրվելու է տեղերում միջոցառումները կազմակերպած կառույցներին։
Նշվել է, որ 2022-ին Գեղարքունիքի մարզն ընդունելու է «Վարչապետի գավաթի» երկու մրցաշար՝ լողի և հեծանվավազքի։ Այս տարի նախատեսված է նաև կրոսավազքի մրցում, որի անցկացման վայրը դեռ հստակեցված չէ։ Կազմակերպմանը հավակնում են Արմավիրի և Արարատի մարզերը։ Հնարավոր է՝ մասսայական մրցումների ծրագրում ընդգրկվի նաև դահուկավազքը։
Նախարարության՝ Սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանն էլ նշել է, որ այս տարի ևս երեք մասսայական միջոցառում է նախատեսվում արդեն դպրոցականների համար։ Այսպես՝ 1-3-րդ և 4-6-րդ դասարանցիների համար կկազմակերպվի սպորտլանդիա, իսկ 7-12-րդ դասարանցիների՝ սպարտակիադա: Կանցկացվեն նաև ռազմամարզական խաղեր:
Կարեն Գիլոյանը սպորտի մարզային պատասխանատուներին հորդորել է սերտ համագործակցել մրցումների կազմակերպման հարցում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխատանքի կազմակերպմանը և մարզագույքին առնչվող հարցեր։ Փոխնախարարը խոստացել է ուսումնասիրել և լուծել դրանք։